Անվտանգություն․ «Հենակետն» անփոփում է շաբաթը

«Հենակետ»

վերլուծական կենտրոննը ներկայացրել է համառոտ տեղեկություններ ընթացիկ շաբաթում մամուլում և սոցիալական ցանցերում անվտանգության վերաբերյալ շրջանառվող լուրերի մասին։

Հայ-ադրբեջանական սահմանների շուրջ ծավալվող զարգացումների  մասին

Շաբաթվա սկզբնամասում լրատվական կայքերում ու սոցիալական ցանցերում ակտիվ քննարկվում էր Գորիս-Որոտան ճանապարհահատվածում Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնված Քասախի 2  բնակիչների անհետացման թեման։

ՀՀ ԱԱԾ-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 18-ին, ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու բնակիչներ (տվյալները հայտնի են) Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս շեղվել են մայրուղուց և հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում: ԱԱԾ այդ հաղորդագրությունը լուրջ քննադատությունների էր արժանացել, փորձագիտական շրջանակների և սոցցանցերի օգտատերերի կողմից համոզմունք կար, որ երիտասարդներին ուղղակի առևանգել են, քանի որ այդ ճանապարհահատվածում ուղղակի շեղվելու ճանապարհներ չկան։

Ավելի ուշ, սեպտեմբերի 19-ին ԱԱԾ ն հաղորդագրություն է տարածում, համաձայն որի՝ ՀՀ ԱԱԾ և ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից իրականացված աշխատանքների արդյունքում ժամը 23:45-ին ադրբեջանական կողմը վերադարձրել է վերոհիշյալ անձանց:

Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Սաիդ Ղաթիբզադեն, ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածի՝ Ադրբեջանի կողմից շրջափակմանը, նշել է, որ  Իրանը մեծ նշանակություն է տալիս հարևան երկրների տարածքային ամբողջականությանը։ Նա նաև ընդգծել է, որ տարածաշրջանային համագործակցությունը տարածաշրջանում զարգացման, խաղաղության և կայունության հիմքն է:

Ռազմագերիների, անհետ կորած, զոհված զինծառայողների հետ կապված հարցերի մասին

Շաբաթվա սկզբնամասում Կառավարության շենքի դիմաց շարունակվել է 44-օրյա պատերազմում զոհված տղաների ծնողների, հարազատների բողոքի ակցիան։ Նրանք հավաքվել են Հանրապետության հրապարակում կրկին նույն պահանջով՝ չեղարկել սեպտեմբերի 21-ին նախատեսված գունագեղ միջոցառումը:

Նշենք, որ զոհված տղաների ծնողները, կանայք, ընտանիքի անդամները սեպտեմբերի 21-ին՝ պատերազմի առաջին տարելիցից ընդամենը վեց օր առաջ կազմակերպվող գունագեղ համերգը համարել  են սրբապղծություն, նողկալի արարք։ Նրանք կոչ են արել հրաժարվել այդ մտադրությունից, և անկախության օրը նշել այլ՝ իրավիճակից բխող տարատեսակ միջոցառումներով։

Սեպտեմբերի 20-ին բողոքի ակցիայի շրջանակում 44-օրյա պատերազմում զոհված հերոս տղաների ծնողներն ու  հարազատները Հանրապետության հրապարակում մոմավառություն  են կազմակերպել։
Իսկ հաջորդ օրը Ազատության հրապարակից  ջահերով երթ է կազմակերպվել դեպի Եռաբլուր։
Սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի ջանքերով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ընդունել է օրենսդրական փոփոխությունները, որով Ադրբեջանից պահանջվում է անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և քննել Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործությունների հարցը։

Իսկ սեպտեմբերի 24-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) կողմից հաստատված հինգ լրացումները, որոնք պահանջում են Բաքվից ազատ արձակել հայ ռազմագերիներին, կոչ են անում հետաքննել Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցագործությունները, ԱՄՆ-ի կողմից աջակցություն ցուցաբերել Արցախին,  Թուրքիայի «Գորշ գայլեր» խմբավորումը ճանաչել որպես օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն։

Այլ թեմաներ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովին մասնակցելու նպատակով Նյու Յորք կատարելիք այցից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադարձել է տարածաշրջանային հարցերի։

«Արդյոք Զանգեզուրի միջանցքը կբացվի՞. դա քաղաքական հարց է: Զանգեզուրի միջանցքի բացումը դրական ներդրում կունենա հայ-ադրբեջանական հարաբերություններում դժվարությունների հաղթահարման գործում»,-հայտարարել է Թուրքիայի նախագահը:

Նա հավելել է, որ եթե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է հանդիպել իր հետ, ապա Հայաստանը պետք է դրական քայլեր ձեռնարկի:

ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը  անդրադարձել է Թուրքիայի նախագահի  հայտարարությանը, նշելով, որ այս պահի դրությամբ Հայաստանի ու Թուրքիայի պաշտոնյաների միջև որևէ շփում տեղի չի ունեցել, չնայած Հայաստանի կառավարությունը պատրաստ է նման շփումների: «Այսպիսի արդյունավետ աշխատանքի պարագայում՝ Հայաստանը պատրաստ կլինի նաև բարձր և բարձրագույն մակարդակով հանդիպումների»,-նշել է նա:

Սեպտեմբերի 23-ին թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Էրդողանը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանից ստանում են դրական մեսիջներ։ «Այս դրական մեսիջների հետ մեկտեղ մենք որոշակի քայլեր կձեռնարկենք այս հարցում»,- ասել է նա։
Էրդողանը նշել է, որ Իգդիրից դեպի Նախիջևան կկառուցվի ավտոճանապարհ ու երկաթուղի։ Նա ընդգծել է, թե երկաթգծի կառուցումը դեպի Նախիջևան կլինի շատ կարևոր քայլ։

Սեպտեմբերի 20-ին, լրագրողների հետ ճեպազրույցում Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը  նշել է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբում չի քննարկվում Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան միջանցք բացելու հարցը։

«Ոչ, այդ հարցը չի քննարկվում։ Քննարկվում է Անդրկովկասում տնտեսական, տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցը»,- պատասխանելով լրագրողի հարցին, ասել է Օվերչուկը:
Ռուսաստանի փոխվարչապետն նաև հայտարարել էր, որ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը հնարավորություն կտա ավելացնել Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը:

ՊՆ անցուդարձի մասին

Շաբաթվա ընթացքում ՊՆ զորամիավորումների տարբեր զորամասերում, ստորաբաժանումներում անցկացվել են հրամանատարաշտաբային մարզումներ, հավաք-խորհրդակցություններ, մասնագիտական պարապմունքներ,վարժանքներ՝ հրետանավորների մասնակցությամբ, տեղի են ունեցել գործնական վարժանքներ և այլն։

ՀՀ արևելյան և հարավարևելյան սահմանի ամբողջ երկայնքով անցկացվել են ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումների զորավարժություններ՝ հատուկ մշակված գործողություններով»։