Փարիզի սահմանին պատ է կառուցվում՝ թմրամոլների մուտքը կանխելու համար

Փարիզի իշխանությունները կարգադրել են մայրաքաղաքի հյուսիսում օղակաձև ճանապարհի տակ աղյուսով թունել կառուցել՝ թմրամոլների մուտքը հարևան արվարձաններ կանխելու համար, հաղորդում է AFP-ն:

Պորտ դե լա Վիլետ այգու տարածքում պատի կառուցումը մեկնարկել է Ստալինգրադի հրապարակի և Ժարդեն-դ’Էոլ պարկի տարածքից մոտ 130 թմրամոլի արտաքսման կապակցությամբ, որտեղ տեղի բնակիչներն արդեն մի քանի ամիս է, ինչ բողոքում էին փողոցներում հանցագործությունների թվի աճից: Ցերեկը ոստիկաններն օրինախախտներին բերման են ենթարկել այս տարածքներում և ավտոբուսներով տեղափոխել օղակաձև ճանապարհի մոտ, որտեղ «բարձր անվտանգության գոտի» կազմակերպվեց՝ նրանց մուտքը հարևան Օբերվիլ և Պանտեն արվարձաններ թույլ չտալու համար:

Պորտ դե լյա Վիլետին ամենամոտ թաղամասերի բնակիչները և այնտեղ ընտրված պատգամավորներն իրենց վրդովմունքն են հայտնել իշխանությունների՝ իրենց տների հարևանությամբ թմրամոլներին հավաքելու որոշման կապակցությամբ: Պանտեն կոմունայի քաղաքապետը հայտարարել է, որ այս միջոցը որևէ կերպ չի նպաստում անվտանգության ամրապնդմանը, և նշել է, որ ցանկացողները կկարողանան շրջանցել այս պատը դրանից հարյուր մետր հեռավորության վրա գտնվող անցումներով:

Ականատեսների վկայությամբ՝ պահակների հիմնական մասի հեռանալուց հետո պուրակ բերված օրինախախտներից ոմանք սկսել են ցրվել հարևան փողոցներով: Գործակալությունը հայտնել է, որ գիշերը պատի մոտ հերթապահություն է իրականացրել ոստիկանական ջոկատը՝ թմրամոլների կողմից այն քանդելուց խուսափելու համար: Սակայն պարզվել է, որ դեպքի վայրում գրեթե ոչ մի մարդ չկար, հերթապահություն իրականացնող իրավապահներից բացի: