Իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի նպաստի հայկական գյուղերի դատարկմանը․ Վահե Հակոբյան

Այս պահին Սյունիքում 1000-ից ավելի ադրբեջանցի կա, ակտիվ ինժեներական աշխատանքներ են անցկացնում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը։

«Ենթադրում եմ, որ պատրաստվում են ձմեռվան, և կարծում եմ, որ մեր մեջքի հետևում մոտ ապագայում պայմանավորվածություններ կլինեն՝ ճանապարհ, միջանցք։ Նրանք պատրաստվում են այդ գործընթացներին», – ասաց Հակոբյանը։

Նա նշեց, որ Սյունիքում մեծ թափով արտագաղթ է սկսել, և իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի նպաստի հայկական գյուղերի դատարկմանը։

«Ներկա իշխանությունն անում է ամեն ինչ՝ նպաստելու հայկական գյուղերի դատարկմանը: Սյունիքի մարզից նկատվում է ամենամեծ արտագաղթը՝ մարդիկ անելանելիությունից և անտարբերությունից ելնելով լքում են իրենց բնակավայրերը։

110 հազար Հայաստանի քաղաքացի լքել է երկիրը միայն 2021-ին»,- ասաց Վ. Հակոբյանը։

ԱԺ-ում քննարկված համայնքների խոշորացման մասին նախագծին անդրադառնալով՝ Վահե Հակոբյանն ասաց, որ դա արվում է միայն մեկ նպատակով՝ ՏԻՄ ընտրություններին ամենուր իրենց ներկայացուցիչներին նշանակելու կամ ընտրելու համար, համայնքի բնակիչների կարծիքը հաշվի չի առնվել։

«Էս ապաշնորհ և դավաճան իշխանություններից ամեն ինչ սպասում եմ՝ միգուցե փնջերով հանձնեն»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Վահե Հակոբյանն ասաց, որ իրենք  ամեն հնարավոր միջոց՝ խորհրդարան, փողոց, օգտագործելու են՝ ապաշնորհ իշխանությանը երկրից վերջապես վռնդելու համար։