Ինչի՞ շուրջ համաձայնեցին գեներալներ Գերասիմովը և Միլլին

Հայտնի է դարձել, որ Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև հրահրված սկանդալի ֆոնին ԱՄՆ զինված ուժերի միացյալ շտաբների պետերի Կոմիտեի նախագահ, գեներալ Մարկ Միլլին 2021 թ. սեպտեմբերի 22-ին Հելսինկիում բանակցություններ է վարել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի հետ: Հանդիպման մանրամասները գաղտնի են պահվում, սակայն Fox News ամերիկյան հեռուստաալիքը հաղորդել է, թե Միլլին պնդում է, որ իրենց հանդիպումը «կենսական նշանակություն ուներ»: Երկու գեներալները՝ ամերիկացի և ռուս, հանդիպել են, ինչպես Պենտագոնն է անվանել, որպես «ռիսկերի նվազեցման և հակամարտությունների կարգավորման շուրջ բանակցությունների շարունակություն», նշել է Fox News-ը: «Համաձայն հաստատված պրակտիկայի՝ ռազմական ղեկավարները համաձայնել են գաղտնի պահել զրույցի մանրամասները»,- ասել է ԱՄՆ կոմիտեի խոսնակ գնդապետ Դեյվ Բաթլերը:

Հեռուստաալիքի տվյալներով ՝ Հելսինկիում հանդիպումը տեղի է ունեցել «Վտանգ» գրքի մեղադրանքներից ընդամենը օրեր անց, որը գրել են ամերիկյան «The Washington Post» ազդեցիկ թերթի կրտսեր խմբագիր Բոբ Վուդվորդը և ԱՄՆ ազգային քաղաքական թղթակից Ռոբերտ Կոստան: Այս առումով մենք որոշեցինք հասկանալ, թե ինչու է այս գիրքը նույնպես, ըստ էության, դարձել համաշխարհային նշանակության հերթական սկանդալի պատճառը: Պարզվում է, որ այս գրքում նշվում է, թե Դոնալդ Թրամփի կառավարման օրոք գեներալ Միլլին երկու անգամ գաղտնի զանգահարել է իր չինացի գործընկերոջը՝ Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի (ՉԺԱԲ) գեներալ Լի Ցզոչէնին: Ենթադրաբար, հեռախոսազանգերը տեղի են ունեցել 2020 թ. նախագահական ընտրություններից կարճ ժամանակ առաջ՝ 2020 թ. հոկտեմբերի 30-ին, այնուհետև հունվարյան Կապիտոլիումի խռովությունից երկու օր անց՝ 2021 թվականի հունվարի 8-ին: Գրքում նաև նշվում է, որ Միլլին կապ է հաստատել գեներալ Լի Ցզոչէնի հետ՝ հետախուզական տեղեկությունները ուսումնասիրելուց հետո, ըստ որոնց,  չինացի պաշտոնյաները ենթադրում էին, որ ԱՄՆ-ը ծրագրում է հարձակվել Չինաստանի վրա Հարավ-չինական ծովում վարժանքների ժամանակ: Հեղինակները պնդում են, որ Միլլին երկրորդ անգամ կապ հաստատեց գեներալ Լիի հետ՝ նրան վստահեցնելու համար, որ ԱՄՆ-ը որևէ քայլ չի ձեռնարկի Չինաստանի վրա հարձակվելու համար: Իբր, Միլլին խոստացել է. «Մենք 100 % տոկուն ենք: Ամեն ինչ լավ է: Բայց ժողովրդավարությունը երբեմն ճշգրիտ չէ»:

Fox News հեռուստաալիքը նաև նշում է. «ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի ղեկավարի և ռուս գործընկեր Գերասիմովի հետ հանդիպումից հետո Միլլիի խոսնակն ի պաշտպանություն նրա՝ խոսակցությունները «կարևոր» համարեց՝ «լարվածությունը նվազեցնելու» և «չնախատեսված հետևանքներից կամ հակամարտությունից խուսափելու համար»՝ նշելով, որ դրանք համաձայնեցված են եղել պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ»: Հետաքրքիր է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, ԱՄՆ -ից ստացված զեկույցների հետ միաժամանակ, տեղեկացրել է, որ «հանդիպման ընթացքում ռազմական ղեկավարները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, այդ թվում՝ ռազմական գործողությունների ընթացքում միջադեպերի ռիսկի նվազեցումը: Հանդիպումը կառուցողական էր»: Ավելացնում ենք նաև, որ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցները պլանավորված լայնածավալ ռազմավարական ռուս-բելառուսական «Արևմուտք -2021» համատեղ զորավարժությունները անվանել են սպառնալիք եվրոպական երկրների համար: Ռուսաստանի և Բելառուսի կողմից նրանցում ներգրավված էր մոտ 200 հազար զինվոր, մինչև 760 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում  290 տանկ, 240 հրանոթ, ռեակտիվ համազարկային կրակի հրթիռային համակարգեր և ականանետեր, ինչպես նաև մինչև 15 նավ: Բայց ռուս-բելառուսական զորավարժությունները մի տեսակ հարկադրական պատասխան էին այն փաստին, որ Արևմուտքը մեծացրեց իր սպառնալիքները Բելառուսի դեմ, ինչպես նաև կտրուկ հաճախացրեց իր զորավարժությունները՝ հենց Ռուսաստանի հետ սահմանին… Այնպես որ, պետք է հստակ հասկանալ․ ինչ վարժություններ էլ իրականացնեն Ռուսաստանը և Բելառուսը, սա համարժեք պատասխան է ՆԱՏՕ-ի անդամ երկրների կողմից Մոսկվայի և Մինսկի դեմ հնչող սպառնալիքներին:

Թե ինչ է քննարկել ամերիկացի գեներալ Միլլին Չինաստանի և Ռուսաստանի իր գործընկերների՝ գեներալներ Լի Ցզոչէնի և Գերասիմովի հետ, հայտնի չէ: Մի բան միայն հստակ է. աշխարհի առաջատար միջուկային տերությունները «դատարկ տեղը» չեն հստակեցնի իրենց գլխավոր շտաբների դիրքորոշումները: Պատճառն ավելի քան լուրջ է, և սա, ակնհայտորեն՝ Աֆղանստանը, Սիրիան, Իրաքը կամ նույնիսկ Արցախը չեն…

Սերգեյ Շաքարյանց