Քովիդով վարակվածներից ընդամենը 286-ն են պատվաստված․ նախարար
Կառավարության այսօրվա նիստում Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում:
Նախարարի խոսքով՝ այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 906 դեպք, արձանագրվել է 16 մահ: «Այս պահին քովիդով պացիենտների բուժման համար ծավալված է 2156 մահճակալ՝ 18 ԲԿ-ում, որից զբաղված է 2006-ը», – ասաց Անահիտ Ավանեսյանը:
Նախարարը նշեց, թե առողջապահական համակարգի լարվածությոնը բավական մեծ է:
«Վերջին երկու օրերին օրական պատվաստումների շեշտակի աճ ունենք, երեկ իրականացվել է 8440 պատվաստում, սա խոսում է նրա մասին, որ մեր քաղաքացիների շրջանում բավական մեծ փոփոխություն կա պատվաստումների նկատմամբ վստահության մեծացման, ու սա բնական է, որովհտեև արդեն իսկ իրականացված 385 հազար 503 պատվաստումների արդյունքում մարդիկ տեսնում են, որ որևէ խնդիր չունենք, պատվաստումներն անվտանգ են, արդյունավետ են ու պաշտպանում են մեզ քովիդով պայմանավորված մահերից», – ասաց Ավանեսյանը:
Նա նշեց, որ այս պահին ունենք 11 հազար 470 քաղաքացի, ովքեր ունեն դրական քովիդ թեստի պատասխան, ընդամենը 286-ն է, որ պատվաստված քաղաքացիներ են:
«Սա շատ բնական է, նորմալ է, այո, պատվաստումը 100 տոկոսվ չի բացառում վարակման ռիսկը, բայց ամենակարևոր նպատակը՝ այս քաղաքացիները հիվանդությունը տանում են թեթև ու լավ ելք ունենք», – ասաց նա՝ նշելով, որ հիվանդանոցներում գտնվող քաղաքացիներից 38-ն է, որ պատվաստված է ու հիվանդությունը տանում է շատ թեթև, նրանք հոսպիտալացված են, քանի որ ունեն քրոնիկ այլ խնդիրներ:
Նա հիշեցրեց, որ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի առողջապահության նախարարի հրամանը, որով պատվաստում չունեցող քաղաքացիները ստիպված կլինեն ամիսը երկու անգամ թեստ հանձնել աշխատանքի ներկայանալու համար:
«Հարցադրում է արվում, թե ինչպե՞ս կարելի է մարդկանց համար լրացուցիչ ֆինանսական ծախսեր սահմանել։ Մարդկանց համար որևէ լրացուցիչ ծախս չի սահմանվում, որովհետև մարդիկ դրա կարիքը չունեն, պետությունը հոգում է, որ բոլոր մարդիկ բացարձակ անվճար ստանան պատվաստում, քաղաքացին ինքն է ընտրումՙ ծախս անի՞, թե՞ չանի», – ընդգծեց Փաշինյանը:
Վարչապետն ասաց, թե եթե զգան, որ կա անհրաժեշտություն՝ նորից պատվաստվելու, դա անպայման կանեն:
Փաշինյանը վստահեցրեց, որ Հայաստանը պատվաստանյութերի դեֆիցիտ չի ունենա: