ՀԱԷԿ-ը կարող է շահագործվել մինչև 2036 թ.. Եվգենի Սալկով

«Ռոսատոմ»-ի գնահատականներով և «Գիդրոպրես» բյուրոյի հաշվարկներով, ՀԱԷԿ-ը կարող է շահագործվել մինչև 2036 թվականը:

Այդ մասին ասել է «Ռոսատոմ սերվիս» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովը:

«Այսօր կարող ենք վստահաբար ասել, որ ՀԱԷԿ-ը գտնվում է ծաղկման փուլում, արդիականացման աշխատանքների ավարտից հետո այն փաստացի նոր կայան կլինի», – ասել է Եվգենի Սալկովը:

55 տարի առաջ, 1966թ. սեպտեմբերի 17-ին որոշում ընդունվեց Կովկասում առաջին ատոմակայանի կառուցման մասին: Այսօր ՀԱԷԿ-ը արտադրում է Հայաստանի ամբողջ էլեկտրաէներգիայի մեկ երրորդից ավելին և ապահովում է երկրի էներգետիկ անվտանգությունն ու անկախությունը:

«ՀԱԷԿ-ի նախագիծը իր ժամանակին դարձավ իսկական գիտական բեկում, և բոլոր մշակումներն ու գիտական մոտեցումները այսօր ակտիվորեն օգտագործվում են համաշխարհային պրակտիկայում: ՀԱԷԿ-ում համակարգված աշխատանքներ են տարվում անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ և իր պատմության ընթացքում կայանը լիովին ապացուցել է իր հուսալիությունը: Ներկա պահին ատոմակայանի արդիականացման ծրագրի եզրափակիչ աշխատանքներ են տարվում, որպեսզի երկրորդ էներգաբլոկի շահագործումը երկարաձգվի մինչև 2026 թվական», – ասել է «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը:

Արդիականացման շրջանակներում ՀԱԷԿ-ում աշխատանքներ են տարվում ռեակտորային բաժանմունքում, իրականացվում է ռեակտորի գոտու վթարային հովացման համակարգի, բորի հանգույցի օդափոխման համակարգի և հուսալի սնուցման համակարգի արդիականացում: Ծրագրի ավարտը նախատեսվում է այս տարեվերջին, ինչը թույլ կտա բարձրացնել ՀԱԷԿ-ի արտադրողականությունը և դրա հզորությունը հասցնել անվանական 440 ՄՎտ-ի՝ ներկա 390 ՄՎտ-ի փոխարեն:

ՀՀ էներգետիկայի զարգացման ռազմավարությամբ սահմանվել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման ժամկետը մինչև 2036 թ: Այդ նպատակով «Ռոսատոմ» պետկորպորացիան և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ստեղծել են աշխատանքային խումբ, որը մշակում է ՀԱԷԿ-ի շահագործման երկարաձգման հայեցակարգ, որը նախատեսվում է համաձայնեցնել մինչև այս տարեվերջ։