Պատվաստումների պարտադրումն անթույլատրելի է և հանցավոր, ՀՀ բնակչությունը որբի գլուխ չէ, թույլ չի՛ տրվելու. 3

Սկիզբը` այստեղ 

Կան հիմքեր` առնվազն կասկածի տակ դնելու համար ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ Ավանեսյանի այն հավաստումը , թե Հայաստանում առկա պատվաստանյութերը բավարարում են նաև որակի բոլոր անհրաժեշտ չափանիշներին:

Ինչպես հայտնի է, ՀՀ-ում COVID-19-ի դեմ կիրառվող այժմ կիրառվող երեք պատվաստանյութերից հանրության շրջանում անվտանգության և արդյունավետության առումներով թերևս ամենամեծ վստահությունն ունեցողը ռուսական «Sputnik V»-ն է (ռուսական անվանումը` «Գամ-Կովիդ-Վակ»)` ի համեմատ կիրառվող մյուս երկու պատվաստանյութերի` չինական «CoronaVac» («Կորոնավակ»)-ի և բրիտանա- շվեդական «AstraZeneca» («ԱստրաԶենեկա»)-ի, որի կողմնակի հետևանքների հետ կապված խայտառակ սկանդալների, ներառյալ` թրոմբների առաջացման պատճառով ծանր ու նույնիսկ մահվան բազմաթիվ դեպքերի մասին մեկ անգամ չէ, որ գրել ենք մենք ու մեր գործընկերները:

Մինչ «Sputnik V»-ին անդրադառնալը, համառոտ նշենք, որ անվտանգության և արդյունավետության առումներով, ինչպես աշխարհում COVID-19-ի դեմ կիրառվող ցանկացած այլ պատվաստանյութ, բնավ վստահություն չի ներշնչում նաև չինական «CoronaVac»-ը:

Հարցը հրապարակայնորեն ուղղում ենք ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնողին` ի՞նչ հիմքով և ինչպե՞ս եք համարձակվել ֆեյսբուքյան ձեր էջում հայտարարել, թե Հայաստանում առկա պատվաստանյութերը բավարարում են նաև որակի բոլոր անհրաժեշտ չափանիշներին: Անձամբ էի՞ք ստուգել… Արտադրող ընկերությա՞նն էիք հավատացել…

Ավանեսյանը հավանաբար արդեն տեղյակ է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում (ԱՀԿ) օրերս կասեցվել է «Sputnik V» պատվաստանյութի հաստատումը մինչև արտադրողի գործարանում նոր ստուգումը:

Ըստ Պանամերիկյան առողջապահական կազմակերպության (PAHO) ղեկավարի տեղակալ դոկտոր Ժարբաս Բարբոսայի, գործընթացը դադարեցվել է, քանի դեռ մասնագետները չեն կատարել անհրաժեշտ փոփոխությունները և չեն հայցել նոր ստուգում:

«Պատվաստանյութ արտադրողները պետք է հաստատեն, որ վայրերը, որտեղ արտադրվում են պատվաստանյութերը, համապատասխանում են արտադրության պատշաճ պրակտիկայի չափանիշներին,- ասել է Բարբոսան PAHO-ի ներկայացուցիչների հետ տեսակոնֆերանսի ժամանակ:- Ինչ վերաբերվում է արտակարգ կիրառման համար «Sputnik V» պատվաստանյութի հաստատման գործընթացին, ապա այդ գործընթացը կասեցվել է, քանի որ «Sputnik V»-ի արտադրության մաս հանդիացող ֆաբրիկաներից մեկի տեսչական ստուգման ժամանակ այնտեղ արտադրության պատշաճ պրակտիկայի կիրառում չի հայտնաբերվել»:

Նախապես չհայտարարված, անակնկալ ստուգումը հունիսի կեսերին կատարվել է վերոնշյալ պատվաստանյութի նախաորակավորման ընթացակարգի շրջանակում: Արդյունքում` ԱՀԿ փորձագիտական խումբը խախտումներ է հայտնաբերել Ուֆայում «Sputnik V»-ի արտադրության «Ֆարմստանդարտ-ՈւֆաՎԻՏԱ» ձեռնարկությունում:

PAHO- ն Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում առողջապահության միջազգային գործակալություն է, որը չի տիրապետում դեղերի հաստատման իրավունքին, բայց հանդես է գալիս որպես ԱՀԿ տարածաշրջանային բաժանմունք` նման իրավասություններով:

Որպեսզի ընթերցողներին չթվա, թե «Sputnik V»-ի հակագովազդ ենք իրականացնում, նշենք, որ խնդիրներ են հայտնաբերվել նաև այլ պատվաստանյութերի արտադրության հետ կապված: Օրինակ, Ճապոնիայի Օկինավա պրեֆեկտուրայի Յաեսյո ավանում «Pfizer» և «BioNTech» ընկերությունների ամերիկա-գերմանական կոնսորցիումի «Pfizer» պատվաստանյութի սրվակում օգոստոսի 29-ին հայտնաբերվել են օտար նյութեր:

Ընդգծենք, որ «Pfizer»-ն այն պատվաստանյութն է, որը ձեռքբերելու նպատակով, ըստ Ավանեսյանի , «տարվում են աշխատանքներ»:

Ճապոնիայի առողջապահության նախարարությունը կապ է հաստատել «Pfizer»-ի հետ, որտեղից ստացել են պատասխան, որ դրանք, մեծ հավանականությամբ, սրվակի կափարիչի ռետինե փշրանքներ են: Նմանատիպ դեպքեր են գրանցվել նաև «Moderna» պատվաստանյութի դեպքում: Այ քեզ բա՜ն` «մեծ հավանականությամբ…», թեև մարդկանց առողջության, կյանքի հետ գործ ունեն:

Օկինավա և Գումմա պրեֆեկտուրաներում գտնվող ամերիկյան «Moderna»-ի 2 խմբաքանակներում նույնպես հայտնաբերվել են օտար նյութեր: Ճապոնիայի առողջապահության նախարարությունը ստուգման արդյունքներով հայտնել է, որ այդ ռետինե փշրանքները սրվակների խցաններից են: Պատկերացրեք, թե ինչ կլիներ, եթե դրանք ժամանակին չնկատվեին, չհայտնաբերվեին, այդ սրվակները չխոտանվեին, բժիշկները նույնպես չնկատեին ներարկելիս և այդ ռետինե մանր փշրանքները հայտնվեին պացիենտների օրգանիզմում: Բայց սա դեռ ամենը չէ. Ճապոնիայում ավելի սարսափելի իրողություններ են հայտնաբերվել:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան