Պատվաստումների պարտադրումն անթույլատրելի է և հանցավոր, ՀՀ բնակչությունը որբի գլուխ չէ, թույլ չի՛ տրվելու. 2

Սկիզբը` այստեղ 

Ստո՛ւմ է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ Ավանեսյանը` COVID-19-ի դեմ պատվաստումների անհրաժեշտությունը և պատվաստումների պարտադիր բնույթը հիմնավորելու նպատակով, կամ առնվազն պաշտոնին անհարիր անիրազեկություն, մասնագիտական տգիտություն դրսևորում ԶԼՄ-ներում հրապարակված ֆեյսբուքյան իր գրառմամբ:

Նկատի ունեմ այդ գրառմամբ հանրությանը ներկայացվող այն հավաստումը, թե «Հայաստանում այսօր առկա պատվաստանյութերը բավարարում են արդյուվետության և որակի բոլոր անհրաժեշտ չափանիշներին և լուծում են մեր առջև ծառացած խնդիրը՝ այն է կանխել հիվանդության ծանր և ծայրահեղ ծանր ընթացքը և մահերը»։ Եվ պատվաստումից շատերի հրաժարվելու, դիմադրելու կամքը կոտրելու համար էլ դեռ հավելել է` «Սպասելու իմաստ, անհրաժեշտություն և ժամանակ չկա»։

Իրականում սպասելու և՛ իմաստ կա, և՛ անհրաժեշտություն. կորոնավիրուսային հիվանդության դեմ օգտագործվող բոլոր պատվաստանյութերը դեռ կլինիկական հետազոտությունների երրորդ փուլում են գտնվում, ու դեռ հայտնի չէ, թե տարիներ կամ տասնամյակներ հետո դրանք առողջական ինչ ու նույնիսկ մահացու խնդիրների կարող են հանգեցնել, տարբեր հիվանդություններ ունեցողների, տարբեր տարիքային խմբերի պատկանող անձանց վրա ինչպես կարող են ազդել և ինչ հետևանքներ ունենալ, առավել ևս` այլ պատվաստանյութերի, դեղերի օգտագործման պարագայում:

Երկրորդ. սպասելու և՛ իմաստ կա, և՛ անհրաժեշտություն կա նաև այն առումով, որ COVID-19-ի դեմ պատվաստումներն, ըստ էության, պարտադրող Ավանեսյանի 20․08.2021 թ.-ի N 65-Ն հրամանը  հայաստանյան բազմաթիվ փաստաբաններ շատ շուտով վիճարկելու են ՀՀ վարչական դատարանում ` խնդրելով կասեցնել հրամանի գործողությունը:

Իրականությունը նաև այն է, որ COVID-19-ի դեմ Հայաստանում և, ընդհանրապես, աշխարհում օգտագործվող պատվաստանյութերից որևէ մեկով պատվաստումը բնավ չի երաշխավորում կորոնավիրուսային հիվանդությամբ չվարակվելը, այլոց չվարակելը, չհիվանդանալը:

Աշխարհում բազմահազար մարդիկ COVID-19-ի դեմ պատվաստանյութով պատվաստումից հետո էլ և՛ վարակվում են, և՛ վարակում այլոց, և՛ հիվանդանում, հետևաբար ԱՆ պաշտոնը զբաղեցնողի հայտարարությունը, թե Հայաստանում այսօր առկա պատվաստանյութերը բավարարում են արդյունավետության բոլոր անհրաժեշտ չափանիշները, առնվազն անհեթեթ է և սուտ: Ով կամ ովքե՞ր են մոգոնել այդ չափանիշները և, ընդհանրապես, ի՞նչ չափանիշների մասին կարող է խոսք լինել, եթե պատվաստումները չեն կանխում կորոնավիրուսով վարակվելը և ուրիշներին վարակելը, վարակի փոխանցումը, հետևաբար վարակի տարածման շղթան:

Արդյունավետության բոլոր անհրաժեշտ չափանիշներին COVID-19-ի դեմ պատվաստանյութերի բավարարման վերաբերյալ սուտը հավանաբար անհրաժեշտ է նրա համար, որպեսզի դրանով փորձ արվի հիմնավորել հանրային առողջության պաշտպանության անվան տակ, այդ պատրվակով ՀՀ չափահաս բնակչությանը վտանգավոր պատվաստանյութերով պատվաստման պարտադրումը: Չի՛ ստացվելու:

Հարկ է ուշադրություն դարձնել նաև այն հանգամանքին, որ Ավանեսյանը հայտարարել է միայն արդյունավետության և որակի բոլոր անհրաժեշտ չափանիշներին ՀՀ-ում առկա պատվաստանյութերի բավարարման մասին, բայց չի համարձակվել նշել անվտանգության բոլոր անհրաժեշտ չափանիշներին դրանց համապատասխանության մասին, գուցե արդեն մտածելով, որ դրանով չափը կանցնի, մինչդեռ պարտադիր պատվաստումից հետո առողջական խնդիրների առաջացման դեպքում նույնիսկ շուտով, ԱՆ-ի պաշտոնում իր պաշտոնավարման օրոք կարող է ստիպված լինել պատասխան տալ…

Ստո՛ւմ է Ավանեսյանը կամ իր պաշտոնին անհարիր անիրազեկություն, մասնագիտական տգիտություն դրսևորում, թե Հայաստանում առկա պատվաստանյութերը «լուծում են մեր առջև ծառացած խնդիրը՝ այն է կանխել հիվանդության ծանր և ծայրահեղ ծանր ընթացքը և մահերը»։

Քանի որ վերոնշյալ «փաստարկը» արդեն երկար ժամանակ ԱՆ-ի պաշտոնը զբաղեցնողի համար կարգախոսի պես մի բանի է վերածվել` COVID-19-ի դեմ պատվաստումների անհրաժեշտությունը, հիմա էլ արդեն դրանց պարտադրումը հիմնավորել փորձելու համար, շտապենք հիասթափեցնել նրան. պատվաստումը հիվանդության ծանր ընթացքը սոսկ մասամբ է կանխել (ընդամենը 81 տոկոսով) նույնիսկ լիարժեք պատվաստվածների (պատվաստանյութի 2 դեղաչափը ստացածների շրջանում:

Այս եզրակացությանն են հանգել Սանկտ Պետերբուրգի գիտնականները՝ վերլուծելով հիվանդության ընթացքը հազարավոր մարդկանց մոտ: Պատվաստվածներից 495 -ը վարակվել ու հիվանդության ծանր ընթացքի պատճառով ստիպված հոսպիտալացվել է, մնացածները բուժվել են ամբուլատոր եղանակով:  Պատվաստանյութի մեկ դեղաչափը ստացածների շրջանում կորոնավիրուսային հիվանդության ծանր ընթացքը հաջողվել է կանխել է ընդամենը 31 տոկոսի մոտ:

Ի դեպ, ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում պատվաստվածների մեծ մասը պատվաստված է եղել հենց Sputnik V-ով: Պաշտոնական տեղեկատվության համաձայն, հուլիսի 27 -ի դրությամբ Սանկտ Պետերբուրգի պատվաստված բնակիչների 96% -ը (ավելի քան 1 մլն մարդ), ովքեր ստացել են առնվազն մեկ դեղաչափ պատվաստանյութ, պատվաստված են եղել հենց Sputnik V-ով (մնացած 4%-ը բաշխվել է «EpiWakCorona»- ի և «KoviWak»- ի միջև):

Ինչ վերաբերվում է Ավանեսյանի այն հայտարարությանը, թե Հայաստանում առկա պատվաստանյութերը բավարարում են նաև որակի բոլոր անհրաժեշտ չափանիշներին, ապա լուրջ հիմքեր կան նրա այդ հավաստումն առնվազն կասկածի տակ դնելու համար: Այդ մասին` հաջորդիվ…

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան