Պատվաստումների պարտադրումն անթույլատրելի է և հանցավոր, ՀՀ բնակչությունը որբի գլուխ չէ, թույլ չի՛ տրվելու

 

Հայաստանյան մի շարք լրատվամիջոցներ (Tert.am  և այլն) ս. թ. սեպտեմբերի 13-ին հրապարակեցին ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ Ավանեսյանի ֆեյսբուքյան գրառումը: Տվյալ պաշտոնին միանգամայն անհամապատասխան կերպով նշանակված և առողջապահության նախարարի պաշտոնին անարժան սույն անձնավորությունն իր այդ գրառմամբ փորձում է հիմնավորել կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների հակասահմանադրական ու հանցավոր պարտադրումը ՀՀ չափահաս բնակչությանը:

Ավանեսյանի բնավ հոգը չէ, որ իր 20․08.2021 թ.-ի N 65-Ն հրամանով ոտնահարել է ՀՀ Սահմանադրությամբ ու միջազգային համապատասխան փաստաթղթերով նախատեսված մարդու հիմնական ազատություններից և իրավունքներից որոշները, իսկ անվտանգության և արդյունավետության բավարար երաշխիքներ չունեցող (ինչն առաջիկայում հանգամանորեն կհիմնավորենք) պատվաստանյութերով պատվաստման, ըստ էության, պարտադրումն անթույլատրելի է և կարող է պարունակել ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածով («Անձին առանց իր համաձայնության բժշկական, գիտական կամ այլ փորձի ենթարկելը») նախատեսված հանցանքի հատկանիշներ, որի ապացուցման դեպքում ստիպված է լինելու պատասխան տալ:

«Ամեն մահը ցավալի կորուստ է մեզ համար, իսկ երիտասարդ հղի կնոջ մահը ուղղակի հոգեմաշ է անում»,- իֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնողը:

Ակնհայտ է, որ Ավանեսյանը փորձել է օգտագործել հուզականության բաղադրիչը և ազդել մարդկանց և, ընդհանրապես, հանրության գիտակցության վրա, որ գնան ու կամովին պատվաստվեն: Մինչդեռ միանգամայն լուրջ հիմքեր ունեմ չհավատալու ԱՆ պաշտոնը զբաղեցնողի անկեղծությանը, թե «Ամեն մահը ցավալի կորուստ է» իրենց, այսինքն նաև` իր համար:

Այո, միանգամայն լուրջ հիմքեր ունեմ կարծելու, որ Ավանեսյանը ստում է, որովհետև եթե ամեն մահն իսկապես ցավալի կորուստ լիներ ՀՀ առողջապահության նախարարության և անձամբ իր համար, ապա հենց ի՛ր, նախարարության ու Նիկոլի գլխավորած կառավարության կողմից չէր դրսևորվի այն հանցավոր անգործությունը (եթե, իհարկե, ոչ չարամիտ դիտավորությունը` ՀՀ-ում արտերկրից կորոնավիրուսի առավել վտանգավոր «Դելտա» շտամի մուտքը, լայն տարածումն ապահովելու…), որը դրսևորվել է :

«Ծանր սրտով շարունակեմ պատասխանել բարձրացված հարցերին

Արդյոք մարդը ազատ չէ ընտրելու հիվանդանալ և ապրել ինչ կլինի կլինի սկզբունքով.

Ոչ, քանի որ գործ ունենք հանրային վտանգավոր, վարակիչ հիվանդության հետ։ Այս դեպքում դուք միայն ձեր կյանքի և առողջության համար չեք որոշում կայացնում, այլ նաև ուրիշների, ինչպես օրինակ մահացած հղի կնոջ……

Խնդրեմ՝ եթե դուք ապրում եք քաղաքակրթությունից կտրված սարի գլխին և որևէ շփում չունեք մարդկության հետ, ազատ կերպով մի պատվաստվեք, դիմակ մի կրեք, ուժգին փռշտացեք, հիվանդացեք և մի բուժվեք, իսկ եթե այնուամենայնիվ ապրում եք սոցիումի մեջ ապա չեք կարող ձեր որոշումներով վտանգել այլոց կյանքն ու առողջությունը» (մեջբերումն ԱՆ պաշտոնը զբաղեցնողի ֆեյսբուքյան վերոնշյալ գրառումից է):

Սույն խելոքը, հետաքրքիր է, ինչպե՞ս է պատկերացնում քաղաքակրթությունից կտրված, սարի գլխին, մարդկության հետ որևէ շփում չունեցողի վարակվելը,  հիվանդանալը COVID-19-ով ու չբուժվելը, թե նույնիսկ այդ պայմաններում դա իր սրտի ցանկությունն է…

Ժխտելով մարդու ազատ կամքի դրսևորումը COVID-19-ի դեմ պատվաստվել-չպատվաստվելու հարցում և այսպիսով հերթական անգամ հաստատելով, որ տվյալ պատվաստումը ՀՀ-ում, մարդու իրավունքների և ազատությունների ոտնահարմամբ, արդեն պարտադրվում կամ ամենաուշը, ըստ վերոնշյալ հակասահմանադրական և հակաօրինական հրամանի, ս. թ. հոկտեմբերի 1-ից պարտադրվելու է, Ավանեսյանը միաժամանակ դիմել է մանիպուլյացիայի` «Արդյոք մարդը ազատ չէ ընտրելու հիվանդանալ և ապրել ինչ կլինի կլինի սկզբունքով»…

Իսկ ո՞վ է ասել կամ ասում, թե պատվաստվել չցանկացող մարդկանց նպատակը հիվանդանալ ընտրելն է… Եվ ո՞վ է ապացուցել, հիմնավորել կամ ո՞վ, բժշկագիտական ո՞ր հաստատությունը կարող է հիմնավորել, որ չպատվաստվելը նշանակում է անպայման, անխուսափելիորեն հիվանդանալ, իսկ պատվաստվելը չվարակվելու, COVID-19-ով չհիվանդանալու, այլոց չվարակելու երաշխիքներ է տալիս: Չկա՛ նման բան, և ով կհամարձակվի հակառակը պնդել, մասնագիտորեն տգետ է կամ ստախոս, կեղծարար: ԱՆ պաշտոնը զբաղեցնողին խորհուրդ եմ տալիս նախապատրաստվել այս հարցերին, որոնք դատախազությունում և (կամ) դատարանում կտրվեն իրեն:

COVID-19-ի դեմ պատվաստումների պարտադիր բնույթը հիմնավորելու Ավանեսյանի միակ «փաստարկը» հետևյալն է` «քանի որ գործ ունենք հանրային վտանգավոր, վարակիչ հիվանդության հետ։ Այս դեպքում դուք միայն ձեր կյանքի և առողջության համար չեք որոշում կայացնում, այլ նաև ուրիշների, ինչպես օրինակ մահացած հղի կնոջ……»: Ինչպես արդեն հասկանալի է, տվյալ «փաստարկը» ջախջախվում է այն անժխտելի իրողությամբ, որ պատվաստվելը չի երաշխավորում թե COVID-19-ով չվարակվելը, թե կորոնավիրուսային հիվանդությամբ չհիվանդանալը, թե դրանով այլոց չվարակելը:

Երկրորդ. ո՞վ է ապացուցել կամ ո՞վ կարող է ապացուցել, որ հղի կինը, որի մահվան փաստը շահարկում է ԱՆ պաշտոնը զբաղեցնողը, COVID-19-ով վարակվել է հենց չպատվաստվածից, և ոչ թե` պատվաստվածից…

Երրորդ. այո, իսկապես գործ ունենք հանրային վտանգավոր, վարակիչ հիվանդության հետ, բայց պատվաստումների պարտադրումը հանրային առողջության նկատմամբ COVID-19-ի վտանգավորությամբ չի կարելի ու հնարավոր չէ հիմնավորել, քանի որ ոչ պակաս, հակառակը` հանրային առողջության նկատմամբ ավելի մեծ վտանգ է կլինիկական փորձարկումների փուլերը դեռ լիարժեքորեն չանցած, նշված փորձարկումների դեռ 3-րդ փուլում գտնվող պատվաստանյութերով մարդկանց պատվաստումը, որը տարիներ հետո կարող է հանգեցնել անկանխատեսելի ու ՀՀ բնակչության առողջության, կյանքի, երկրի ժողովրդագրական իրավիճակի ու տնտեսության համար նույնիսկ աղետալի հետևանքների: Չի՛ կարելի ու հնարավոր էլ չէ հանրային առողջությունը պաշտպանել այդ նույն առողջությունը վտանգելով:

Տարբեր երկրներում COVID-19-ի դեմ պատվաստանյութերի օգտագործման թույլտվությունը բնավ չի նշանակում այդ պատվաստանյութերով պատվաստումների պարտադրում:

Ի գիտություն Ավանեսյանին` աշխատել եմ հնարավորինս մեղմ արտահայտվել, և երկրորդ` ՀՀ բնակչությունը որբի գլուխ չէ, որ տեղից վեր կեցողը թակի, ԹՈՒՅԼ ՉԻ՛ ՏՐՎԵԼՈւ…

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան