Ադրբեջանական կողմը փորձում է ահաբեկել խաղաղ բնակչությանը, պահել լարվածության մեջ․ Արցախի դատախազություն

Արցախի Հանրապետության դատախազությունն իրազեկում է, որ ԱՀ ոստիկանության կողմից գրանցվել և այս պահին քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված կարգով ամրագրվում են երեկ ժամը 19:30-ի սահմաններում ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ և Կարմիր Շուկա համայնքների հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերից հիշյալ բնակավայրերի ուղղությամբ կրակելու և բազմանդամ ընտանիքի բնակարանը խոցելու դեպքի հետևանքները, պարզվում հանգամանքները:

«Ակհայտ է, որ ադրբեջանական կողմը փորձում է նմանատիպ արարքներով ահաբեկել խաղաղ բնակչությանը, պահել լարվածության մեջ`հասկանալի նպատակներով այդ կերպ փորձելով ձևավորել անընդհատ վտանգի, վախի ու հայրենի հողում խաղաղ բնակվելու անհնարինության զգացողություն»,- ասված է Արցախի դատախազության տարածած հաղորդագրության մեջ:

Նշենք՝ այսօր ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնել է, որ Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա-Թաղավարդ բնակավայրերի ուղղությամբ տեղակայված դիրքերից  ադրբեջանական կողմը կրակել է հայկական դիրքերի և խաղաղ բնակավայրերի ուղղությամբ։ Արձակված կրակոցների հետևանքով տուժել է Թաղավարդ համայնքի բնակիչներից մեկի տունը։