Քրդերն իրենց շնորհակալությունն են հայտնել Հանրային ռադիոյին (տեսանյութ)

Շնորհավորում եմ Հանրային ռադիոյի ինչպես ներկա և նախկին աշխատակիցներին, այնպես էլ ունկնդիրներին ռադիոյի հիմնադրման օրվա առթիվ։ Հանրային Ռադիոյի հատկապես ինձ ընկեր աշխատակիցներ ջան, հիացած եմ ձեր մասնագիտական աշխատանքով, ձեր պարզ ու հստակ բառ ու խոսքով, շնորհավորում եմ:

Խորհրդային տարիներին, 1930-ականներից սկսած, Հայաստանի ռադիոն (հանրային ռադիո) ունի քրդական բաժին, որը դեռևս խորհրդային տարիներին 1,5 ժամ տևողությամբ քրդալեզու հաղորդումներ էր հեռարձակում:

Այդ հաղորդումներն ունկնդրում էին ոչ միայն Խորհրդային Հայաստանում բնակվող քրդերը, այլև սահմանից այն կողմ` Արևմտյան Հայաստանում բնակվող քրդերը: Ռադիոն սկզբից ունկնդրում էին սահմանամերձ բնակավայրերում, այնուհետև նրա համբավը քրդերի շրջանում գնալով տարածվում է, և սկսում են հաղորդումներն ունկնդրել քրդական գրեթե բոլոր շրջաններում՝ ռադիոընդունիչների անտեննաները ամենաանհավանական մեթոդներով վերազինելով: Եղավ մի ժամանակաշրջան, որ Թուրքիան ընդհանրապես արգելեց քրդերենը, փակեց դպրոցները, քրդերի անձնագրերում ազգության տողի դիմաց գրում էին թուրք և այլն: Հենց այդ ժամանակաշրջանում, որքան էլ Թուրքիան փորձում էր խլացնել հայկական ռադիոյի ազդանշանները, քրդերին հաջողվում էր որսալ ռադիոկայանի ալիքները և ունկնդրել քրդերենով հեռարձակվող հաղորդումները: Այնքան սպասված և ցանկալի, ինչպես նաև հաճելի է դա քրդերին, որ Երևանին երգ են ձոնում, որն անուղղակիորեն վերաբերում է հայկական ռադիոյին: Քանի որ ռադիոյով միշտ հաղորդում էին. «Երևանն է խոսում» բառակապակցությունը, երգի բառերը կառուցվում են հենց այս մտքի ու բառակապակցության շուրջ.

«Հեռվից մի ձայն է լսվում (ռադիոյի ձայնն է),

Այդ ձայնը շատ լավ է լսվում (ռադիոն թուրքերը չեն կարողանում խլացնել),

Դա իմ Երևանն է (Երևանն է խոսում)»։ «Երևանն է խոսում»-ն այնքան հարազատ է դառնում, որ քրդերը այլևս այն համարում են իմ Երևան:

Մի խոսքով, այս կերպ քրդերը իրենց շնորհակալությունն են այդ ժամանակ հայտնել Հանրային ռադիոյին, որը ես կարող եմ ասել՝ կոդավորված է: Այս երգով էլ շնորհավորեմ ևս մեկ անգամ․․․

Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից