Որևէ հիմք չկա լրագրողների աշխատանքը ԱԺ օթյակներում սահմանափակելու համար․ ՄԻՊ ներկայացուցիչ

ԱԺ-ում լրագրողների սահմանափակումները և պրակտիկայի ուսումնասիրությունը ցույց են տալիս, որ սահմանափակումները որևէ կապ չունեն անվտանգության հետ և նպատակ ունեն սահմանափակել լրագրողների աշխատանքը, խոչընդոտել լրագրողների մասնագիտական գործունեությունը: Այս մասին «Ընդդեմ մամուլի սահմանափակումների, հանուն խոսքի ազատության և տեղեկացված լինելու իրավունքի» խորագրով քննարկման ժամանակ ասաց ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Նունե Հովսեփյանը:

ՄԻՊ ներկայացուցիչը շեշտեց, որ որևէ հիմք չկա լրագրողների աշխատանքը ԱԺ օթյակներում սահմանափակելու համար:

«Մեզ հետ զրույցում լրագրողները բարձրացրել են մի քանի խնդիր: Մասնավորապես՝ եղել են դեպքեր, երբ լրագրողներին հեռացրել են այն ժամանակ, երբ զգացել են, որ ինչ-որ միջադեպ է հասունանում: Եղել է դեպք, երբ լրագրողին հեռացրել են միջադեպը որոշակի ժամանակ լուսաբանելուց հետո: Որևէ իրավական հիմք չկար այստեղ լրագրողների իրավունքները սահմանափակելու համար»,- ասաց նա:

Նունե Հովսեփյանը նշեց, որ կիրառվել են երկակի ստանդարտներ: «Անվտանգոթյան աշխատակիցները երբեմն լրագրողներին օթյակներից հանելուց ֆիզիկական ուժ են կիրառել, կամ, երբ նկատել են, որ լրագրողը նկարահանում է այդ գործընթացը, ավելի բիրտ ուժ են կիրառել: Մյուս կարևոր խնդիրը անվտանգության աշխատակիցների կողմից ներկայացվող չնկարահանելու արգելքն է: Հնարավոր չէ աշխատանքը կազմակերպել այնպես, որ որևէ անվտանգության աշխատակից չհայտնվի քո օբյեկտիվի առաջ: Բացի այդ, լրագրողները չպետք է զրկվեն էքսկլյուզիվ նյութեր անելու, պատգամավորներին ուղիղ հարցեր տալու հնարավորությունից, իսկ առկա կարգավորումները նման հնարավորություն չեն տալիս»,- ասաց Հովսեփյանը:

ՄԻՊ ներկայացուցիչը ընդգծեց, որ հաճախ լրագրողները պետական մարմինների մոտ ընկալվում են որպես իրենց աշխատանքի խոչընդոտ:

«Պետք է հասկանալ, որ լրագրողները պետություն-հասարակություն օղակն են պահում և որքան ազատ են նրանք գործում, այնքան ավելի բարձր է երկրում ժողովրդավարության արժեքը»,- ասաց ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Նունե Հովսեփյանը: