Արցախում է վճռվում մեր ժողովրդի արժանապատիվ ապագան․ Արթուր Վանեցյան

Աղետաբեր պատերազմից և մեծաթիվ կորուստներից հետո մեր երկու պետությունների առջև ծառացած բազում մարտահրավերների առկայության պայմաններում այս օրը հատուկ խորհուրդ ունի, և այդ խորհուրդը մեր միասնությունն է՝ Արցախի հետ միասնական լինելը։ Այդ մասին այսօր Ստեփանակերտում՝ Արցախի անկախության օրվան նվիրված հատուկ նիստում ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Ստեփանակերտից MediaHub.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ Արթուր Վանեցյանը նշել է, որ մեզ անհրաժեշտ է լինելու հայկական աշխարհի միասնականությունը, քանի որ Արցախն է այն հիմնական առանցքներից մեկը, այն ամուր շաղախը, որն անքակտելիորեն ամրացնում է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը, և հենց Արցախում է, որ վճռվել, վճռվում և վճռվելու է մեր ժողովրդի՝ որպես պետականության կրող արժանապատիվ ազգի ապագան։

«Արցախի հետ ենք մեր ուժերի ներածին չափով, որևէ ջանք ու եռանդ չենք խնայելու ներհայկական և միջազգային անխտիր բոլոր հարթակներում առաջ մղելու Արցախի անվտանգային խնդիրների լուծման հարցերը, որոնք, ի վերջո, պետք է պսակվեն Արցախյան հիմնահարցի հայանպաստ կարգավորմամբ՝ Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման միջազգային ճանաչմամբ, Արցախից բռնազավթված տարածքների դեօկուպացիայով և դրանցից բխող բոլոր գործընթացներով»,- նշել է խմբակցության ղեկավարը։

Արթուր Վանեցյանը խոսել է նաև միասնական լինելու մասին։ Ըստ նրա՝ ազգի պառակտմամբ, պետականության հանդեպ անփույթ վերաբերմունքով, Արցախի խնդիրները միտումնավոր, թե ապաշնորհությամբ լուսանցք մղելով, ի վերջո, կարող է հանգրվանն աղետալի լինել, երբ վտանգված կլինի ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի Հանրապետության գոյության փաստն ինքնին։

«Վստահեցնում եմ Արցախի Հանրապետության մեր բոլոր եղբայրներին ու քույրերին, որ մշտապես կանգնած ենք լինելու ձեր թիկունքին։ Այո՛, Արցախի հետ եմ, քանի որ ոչ միայն նույնն են մեր ճակատագրերը, այլ նաև մեր երակներում հոսում է ազատատենչ հայի նույն արյունը»,- ընդգծել է Արթուր Վանեցյանը։

Իր ելույթում «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը շեշտել է, որ Արցախի ինքնորոշումն ու ճանաչումն այլընտրանք չունեն։