Կյանքից հեռացավ մեր գործընկեր Կարմեն Դավթյանը

Երկարատև և ծանր հիվանդությունից հետո կյանքին հրաժեշտ տվեց մեր գործընկերը՝ լրագրող, հրապարակախոս,  հաղորդավար Կարմեն Դավթյանը: Ազնիվ, պայքարող, շիտակ ու համարձակ տեսակ էր Կարմենը, իր հայրենիքի համար վառվող հոգի: Երկար տարիներ նա զբաղվել է լրագրությամբ՝ տարբեր լրատվամիջոցներում, վարել հեռուստահաղորդումներ: Վերջին տարիներին «Լայվնյուզ» լրատվական կայքում վարում էր «Վերջնախաղ Կարմենի հետ» հեղինակային հաղորդաշարը, գրում հրապարակախոսական հոդվածներ:

«Լայվնյուզ» լրատվական կայքի խմբագրակազմը սգում է իր գործընկերոջ կորուստը: Քո սուր գրչի, դիտարկուն աչքի, ազնիվ ընկերության պակասը մենք միշտ կզգանք, սիրելի Կարմեն:

Ցավակցում ենք Կարմենի հարազատներին և մտերիմներին:

Կարմեն Դավթյանի հոգեհանգիստը՝ Մալաթիա – Սեբաստիա Սբ. Աստվածածին եկեղեցում, օգոստոսի 29-ին, ժամը 17.30-19.30, հուղարկավորությունը՝ օգոստոսի 30-ին, ժ. 13.00-ին՝ նույն եկեղեցուց: