Զոհված զինծառայողի մայրն ահազանգում է. Իմ որդու անունը շահարկելով տուն ստացողը նրա կինը չէ

Գյումրիում խաբեություն է տեղի ունեցել. նա, ով ներկայացել է որպես 44–օրյա պատերազմում զոհված Արա Մկրտչյանի կին ու օրեր առաջ բնակարան ստացել, իրականում նրա կինը չէ: Armeniasputnik.am-ի հաղորդմամբ, երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ այդ մասին պնդել են զոհված Արա Մկրտչյանի եղբայրը, մայրն ու օրինական կինը՝ Աիդա Թորոսյանը՝ ցույց տալով ամուսնության և Արայի ու Աիդայի որդու՝ 3 ամյա Էրիկ Մկրտչյանի ծննդյան վկայականները, ինչպես նաև մի շարք ընտանեկան լուսանկարներ:

Օրերս Գյումրիում բնակարան են ստացել ժամանակավոր կացարաններում` տնակներում բնակվող Ջուլիետա Մելիքյանն ու Ռեմ Պարշկովան։ Նրանք բարեգործների ու լրատվամիջոցների առաջ ներկայացել են որպես 44–օրյա պատերազմում զոհված պայմանագրային զինծառայողներ Հովհաննես Խաչատրյանի և Արա Մկրտչյանի կանայք։

«Իմ որդու՝ Արա Մկրտչյանի անունը շահարկելով` մարդիկ բնակարան են ստացել: Մենք ընդհանրապես այդ կնոջը (Ռեմ Պարշկովային,–խմբ.) չգիտենք ու անակնկալի ենք եկել, երբ լրատվամիջոցներից իմացել ենք, որ իր այսպես կոչված ընտանիքը տուն է ստացել։ Սա կեղծիք ու խաբեություն է»,-ասել է Արա Մկրտչյանի մայրը՝ Մանիկ Թադևոսյանը։

Նա հավելեց, որ չնայած իրենց ընտանիքը ևս տնակում, շատ վատ պայմաններում է ապրում, բայց երբեք զոհված որդու անունը չեն շահարկել բնակարան կամ այլ օգնություն ստանալու համար:

«Ես միայն մի բան եմ ուզում ՝ իմ որդու անունը չշահարկեն։ Ինքն ունի օրինական կին ու որդի, ու ոչ մեկը չի կարող հանդես գալ որպես իր կին»,-նշել է Արայի մայրը:

Ռեմ Պարշկովան, ով բնակարանամուտին ներկայացել էր որպես Արա Մկրտչյանի կին, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է` շփոթմունք է եղել:

«Լրատվամիջոցները բոլորը հարցրին, ես էլ շփոթմունքից որպես իմ երեխայի հայր` նշեցի Արա Մկրտչյանի անունը: Իմ դստեր հոր անունը իրոք Արա է, նա մասնակցել է 44-օրյա պատերազմին, բայց չի զոհվել: Քանի որ ինքն իմ օրինական ամուսինը չէ, ես իր ազգանունը չեմ բարձրաձայնում, իսկ Արա Մկրտչյանին ես չգիտեմ»,-նշել է կինը։

Նա նույնը պնդել է նաև ասուլիսի ժամանակ, որին եկել էր Արա Մկրտչյանի մայրիկի հրավերով:

Լրագրողների այն հարցին, թե եթե ամուսինը չէր, որտեղի՞ց է նրա լուսանկարն իրենց նոր բնակարանում, Ռեմը պատասխանել է, թե պատերազմում զոհված զինվորների նկարներն իր մայրը որպես երախտիքի նշան` պահում է իրենց տանը:

Բնակարանները գնվել են ամերիկահայ բարերար Մանուշ Մամյանի, «Armenian Fund»-ի և «Ժոզեֆ և Ալիս Դորյաններ» հիմնադրամների միջոցներով։ Երկսենյականոց բնակարաններն ամբողջությամբ կահավորվել են և ապահովվել կենցաղային տեխնիկայով։

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։