Եկեղեցին տոնում է Ս. Թովմա, Ս. Հակոբոս և Ս. Շմավոն առաքյալների հիշատակության օրը

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Թովմա առաքյալի հիշատակության օրը։

Ս. Թովմա առաքյալը, ում Երկվորյակ էին անվանում, հայտնի է Ավետարանի այն դրվագից, երբ մյուս առաքյալներն ասում էին, թե տեսել են հարուցյալ Քրիստոսին, Թովման պնդում էր, թե կհավատա միայն այն ժամանակ, երբ իր աչքերով տեսնի և իր ձեռքը մխրճի Հիսուսի խոցված կողի մեջ: Թերահավատ առաքյալին հաջորդ շաբաթ, Վերնատան մեջ, հայտնվում է Հիսուսը: Թովման, հավատալով կատարված հրաշքին, ծունկի է գալիս և խոստովանում. «Տե’ր իմ և Աստված իմ» (Հովհ. 20: 28):

Երբ մյուս առաքյալները վարանում են Քրիստոսի հետ գնալ մահացած Ղազարոսին տեսնելու, քանի որ քարկոծվելու մեծ վտանգ կար, Թովման համարձակորեն ասում է. «Եկե’ք մենք էլ գնանք, որ նրա հետ մեռնենք» (Հովհ. 11:16): Ըստ ավանդության՝ Թովման քարոզել է Աստծո խոսքը Պարթևաստանում և Հնդկաստանում, նետահարվելով նահատակվել ու թաղվել է Մադրաս քաղաքում:

Qahana.am-ից տեղեկանում ենք, որ եկեղեցին այսօր նշում է նաև Սուրբ առաքյալների՝ Հակոբոսի և Շմավոնի հիշատակության օրը։

Ս. Հակոբոս առաքյալը Զեբեդյան Հակովբոսից տարբերվելու համար «Ալփյան և Կրտսեր Հակոբոս» է կոչվում: Հակոբոս Ալփյան առաքյալն Ավետարանը քարոզել է Պաղեստինի հարավային ծովեզերքում և Եգիպտոսում, ուր և նահատակվել է:

Ս. Շմավոն կամ Սիմոն առաքյալն իր նախորդի` Հակոբոսի նման միայն հանվանե է հիշատակվում Ավետարանի մեջ: Հայտնի է նաև Կանանացի անունով, որ նշանակում է նախանձահույզ: Այս անունով մի խմբակցություն կար հրեաների մեջ, որն առանց միջոցների մեջ խտրականություն դնելու, պայքարում էր օտար` հռոմեական լուծը թոթափելու և ուրացող կամ օտարամոլ հրեաներին վերացնելու համար: Սիմոն Կանանացին քարոզել և նահատակվել է Պարսկաստանում: