«Ֆիզգոռոդոկ»-ի երկու բնակիչ հացադուլ են հայտարարել

Արտեմ Ալիխանյանի անվան Ֆիզիկայի ինստիտուտի կողքին՝ Երևանի Աջափնյակ վարչական շրջանի «Ֆիզգոռոդոկ»-ում շինարարական աշխատանքները վերսկսվել են։ Հարակից շենքերի բնակիչները ի նշան բողոքի ակցիա են անում: «Ֆիզգոռոդոկ»-ի երկու բնակիչ հացադուլ են հայտարարել:

«Մենք պնդում ենք, որ քաղաքապետարանի կողմից մեզ տրամադրվի գործի հետ կապված պակաս տեղեկատվությունը: Չեմ դադարեցնելու իմ հացադուլը, մինչև այն չտրամադրվի, և այս շինարարությունը չկասեցվի, մինչև իրավական գործընթացների ավարտը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ֆիզիկայի գիտավանի հացադուլ իրականացնող բնակիչ Հայկ Հարությունյանը:
Թաղամասի բնակիչ, ինժեներ Կարեն Ամիրխանյանն այսօրվանից միացել է հացադուլին:

«Այսօրվանից սնունդ չեմ ընդունում, միայն ջուր, մինչև փորձենք վերջիվերջո ինչ-որ օրինական դաշտ վերադարձնենք շինարարներին»,- ասաց նա:

Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհուրդը 2020 թվականի հունիսի 12-ին հավանության է արժանացրել Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքի ճարտարապետահատակագծային առաջադրանքը: Կառուցապատվող տարածքը գտնվում է Երևանի՝ Արտեմ Ալիխանյանի անվան Ֆիզիկայի ինստիտուտի կողքին՝ Աջափնյակ վարչական շրջանի «Ֆիզգոռոդոկ» թաղամասում: Այն Երևանի ամենականաչ ու պատմություն ունեցող վայրերից է։ Կառուցվել է 1950-ական թվականներին՝ Ֆիզիկայի ինստիտուտի աշխատակիցների համար։