Ռուս խաղաղապահներն ապահովում են Արցախում ջրամբարի կառուցման շինաշխատանքների անվտանգությունը

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները սկսել են ապահովել նորակառույց ջրամբարի շինաշխատանքների անվտանգությունը, որը հնարավորություն կտա հոգալ Արցախի բնակչության կենցաղային և տեղի արդյունաբերության կարիքները: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ՊՆ-ը:

«Այս օբյեկտը գտնվում է շփման գծի մոտ, որի համար անհրաժեշտ է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայությունը»,- ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ալեքսեյ Կոլեսնիկովը:

Ըստ հաղորդագրության, հիդրոտեխնիկները սկսել են ինժեներական աշխատանքներ կատարել Մարտակերտի շրջանի սահմանազատման գծի մոտ արհեստական ջրամբար կառուցելու ուղղությամբ:

«Այստեղ մենք աշխատանքներ ենք տանում արտեզյան ջրի պահեստավորման ուղղությամբ և այդ նպատակով մենք դիմել ենք խաղաղապահ զորախմբի հրամանատարությանը` անվտանգությունն ապահովելու համար: Խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը մեզ տրամադրել է ստորաբաժանում, որն այժմ ապահովում է մեր ֆիզիկական և աշխատանքների անվտանգությունը: Մենք շնորհակալ ենք խաղաղապահ զորախմբին՝ ժամանակին ցուցաբերած աջակցության համար»,-ասել է հանքարդյունաբերական ընկերության ներկայացուցիչ Ադամ Գրիգորյանը:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ ստորգետնյա և վերգետնյա քաղցրահամ ջրերի պաշարների պահպանման համար ջրամբարի կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև այս տարվա վերջ: