ԱԺ-ում Վազգեն Սարգսյանն ուղղակի և անուղղակի մեղադրվեց ծանր հանցագործությունների մեջ. Վանեցյան

«Ազգային ժողովում եղավ երկու հայտարարություն, որով՝ մեկն ուղղակի, մյուսն անուղղակի, սպարապետ Վազգեն Սարգսյանը մեղադրվեց ծանր հանցագործությունների մեջ»,- Ազգային ժողովում ասաց  «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:

Նա նշեց․ «Մեկը՝ պետական հեղաշրջում իրականացնելն էր, մյուսը՝ հայրենիքի դավաճան լինելը, որովհետև սպարապետ Վազգեն Սարգսյանը եղել է պաշտպանության նախարար և այդ ժամանակահատվածում, անձամբ ինքը ճանաչել է բազմաթիվ մարդկանց, որոնք ազատվել են զինվորական ծառայությունից»:

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում իր ելույթի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Խաչատուր Սուքիասյանը խոսել էր Վազգեն Սարգսյանի մասին, մասնավորապես նշելով.

«Վազգեն Սարգսյանը շատ վատ բան է արել Հայաստանի նկատմամբ. ուժային համակարգն ի՞նչ գործ ունի  կանգնի քաղաքական ղեկավարությանն ասի՝ սխալ եք, ո՞վ է նա, բայց նրան քաղաքական ուժերը պաշտպանեցի՞ն, երկրում եղավ հեղաշրջում»։

Իսկ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն էլ հայտարարել էր. «Պաշտոնապես հայտարարում եմ՝ բոլոր այն պաշտպանության նախարարները, ում ժամանակ փողով կամ զանգով բանակից մարդ է ազատվել, նրանք հայրենիքի դավաճաններ են: Դա բոլոր ժամանակների մասին է»: