Պատռվել է վերնաշապիկս, հարված եմ ստացել ճակատիս, ոտքերիս․ Արծվիկ Մինասյան

Պետական պահպանության ծառայության պետը հանցագործություն է կատարել՝ ոչ միայն ցուցումներ տալով, այլև անմիջականորեն ներգրավվելով անհամաչափ ուժի կիրառման մեջ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 24-ին, Ազգային ժողովում՝ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

«Անհամաչափ ուժ կիրառելով և անվայելուչ պահվածքով՝ փորձում էին Աննա Մկրտչյանին դահլիճից դուրս հանել, ինչին ընդդիմացա ես՝ բարձրաձայնելով, որ նախ ընդմիջում է հայտարարված, և որ պատգամավորը կիրառված միջոցը կամավոր կկատարի, սակայն նրանք ոչ միայն չդադարեցրին, այլև հարձակվեցին ինձ վրա։ Ինձ հարվածել են ՊՊԾ պետը և մի շարք աշխատակիցներ։ Պատռվել է վերնաշապիկս, հարված եմ ստացել ճակատիս, ոտքերիս։ Սա պետք է ընդունվի որպես պաշտոնական հաղորդում հանցագործության մասին։ Սրանք բոլորը վկայությունն են այն բանի, որ մենք գործ ունենք հանցավոր խմբավորման հետ»,- նշեց Մինասյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում ներկայացնում է  կառավարության ծրագիրը։

Նիստի ընթացքում իրավիճակը լարվել էր, երբ Աննա Մկրտչյանի բարձրախոսն անջատել էին «կապիտուլյանտ» բառն օգտագործելու համար։ Մկրտչյանին արձագանքել էին իշխող խմբակցության որոշ պատգամավորներ, որոնց արձագանքելուց հետո Աննա Մկրտչյանին Անվտանգության աշխատակիցները դուրս էին հրավիրել նիստերի դահլիճից։ Այդ ընթացքում պատգամավորների միջև սկսվել էր վիճաբանություն և ծեծկռտուք։