Փաշինյանը հնչեցրեց 44-օրյա պատերազմում զոհերի և անհետ կորածների թվերը

Կառավարության 2021-26 թվականների գործունեության ծրագիրը ներկայացնում եմ արտառոց պայմաններում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 24-ին, Ազգային ժողովում Կառավարության ծրագիրը ներկայացնելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«2020 թվականի 44-օրյա պատերազմի ծանր հետևանքները, պատերազմի ընթացքում մեր ունեցած 3773 զոհերը, 243 զինվորների գտնվելու վայրը, անհայտ լինելու հանգամանքը, մեր գերեվարված զինվորների մի մասի դեռևս վերադարձած չլինելու փաստը, հազարավոր տեղահանվածները, Արցախում և Հայաստանում ստեղծված ոչ սովորական և բարդ սոցիալ-տնտեսական վիճակը, Հայաստանի և Արցախի շուրջ ահագնացող մարտահրավերները, ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական ԶՈՒ-երի ապօրինի ներխուժման հետևանքով Սոթք-Խոզնավար հատվածում առկա ճգնաժամային իրավիճակը, նոյեմբերի 9-ից հետո ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ եռակողմ հայտարարության պարբերական խախտումները և դրա հետևանքով նոր զոհերի առկայությունը, միջազգային լարված դրությունը, կորոնավիրուսի շարունակվող համավարակն արտառոց են դարձնում այն միջավայրը, որում պիտի քննարկենք կառավարության ծրագիրը։

Այս քննարկումը, սակայն, պիտի լինի ոչ միայն խնդիրների ու մարտահրավերների արձանագրման, այլև դրանց պատճառների ու ծագումնաբանության մասին և ամենակարևորը, պիտի լուծման ուղիներ նախանշի՝ կարճաժամկետ, միջնաժամկետ, նաև ռազմավարական հեռանկարի առումով, որովհետև ակնհայտ է, որ ՀՀ-ը գտնվում է ճակատագրական ու շրջադարձային հանգրվանում, մի կետի վրա, որտեղից շարունակությունը վճռորոշ է լինելու մեր պետության ու պետականության համար»,- նշեց Փաշինյանը։

Նա հույս հայտնեց, որ այսօրվա քննարկման ոճաբանությունը, բովանդակությունը, դրա խորությունն ու մթնոլորտը համապատասխան կլինի այն օրակարգին, որի առաջ այսօր կանգնած է Հայաստանը։

Նրա խոսքով, մեր պետության ու ժողովրդավարության ինստիտուցիոնալ կայացման իմաստով վերջին ամիսների կարևոր ձեռքբերում է եղել. «Բազմամյա չլուծված օրակարգեր ի վերջո անշրջելի լուծում են ստացել 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններով։ Ընտրությունների ինստիտուտը ՀՀ-ում նորովի դրսեւորվեց 2021 թվականին։ Երրորդ հանրապետության պատմության միջին վիճակագրական ստանդարտը հետևյալն էր՝ ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակմանը հետևում են իշխանության կողմից ընտրությունների կեղծման մասին վկայող համոզիչ փաստեր, այդ ամենը զուգորդվում էր հանրային քաղաքական հուզումներով, ի հայտ էր գալիս կամ ավելի էր խորանում ներքաղաքական ճգնաժամը»։

Ըստ Փաշինյանի՝ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով հաղթահարվել է ներքաղաքական ճգնաժամը. «Սա ընտրությունների թերևս ամենաանսպասելի արդյունքն է, որովհետև 44-օրյա աղետալի պատերազմից հետո մինչև քարոզարշավի ավարտը ներքաղաքական դիսկուրսը կառուցվում էր գործող իշխանության ներկայացուցիչներին, մասնավորապես, վարչապետին, նրա և իշխանության ներկայացուցիչների ընտանիքների անդամների դավաճանության, հողեր հանձնելու, վաճառելու, կապիտուլյացիայի մեջ մեղադրելու և նրանց պատժելու, հաշվեհարդարի ենթարկելու, ընդհուպ հրապարակային գնդակահարելու տրամաբանության վրա, ինչի գործնական դրսևորումը տեսանք ԱԺ նախկին նախագահ, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի դեմ մահափորձի, կառավարական շենքերում տեղի ունեցած հարձակումների տեսքով»։