28 տարի առաջ ՄԵՆՔ այդպիսին էինք՝ նպատակային ու պարտադրող․ ՄԵՆՔ պարտավոր ենք նորից վերագտնել ՄԵԶ…

Ուղիղ 28 տարի առաջ՝ այս օրը, համաձայն ԼՂՀ Ինքնապաշտպանության կոմիտեի թիվ 011 մարտական հրամանի, Կենտրոնական (Ստեփանակերտի) պաշտպանական շրջանը (հրամանատար՝ Սամվել Կարապետյան) խնդիր ստացավ 4 միավոր տանկերի, 3 հետևակի մարտական մեքենայի, հրետանային մարտկոցի և հակատանկային միջոցների օժանդակությամբ նախ ազատագրել դեռևս հակառակորդի վերահսկողության տակ գտնվող Հադրութի շրջանի տարածքները, ապա շարունակել առաջխաղացումը դեպի Ջաբրայիլ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԼՂ ՊՆ մամուլի նախկին քարտուղար Սենոր Հասրաթյանը։

«Մարտական օպերացիայի ընթացքում Ստեփանակերտի զորամասի գործողություններին ձախ թևից աջակցում էր Հադրութի պաշտպանական շրջանի զինուժի մի մասը՝ խնդիր ունենալով կանխել հակառակորդի օժանդակ ուժերի մուտքը Հորադիզ՝ ռազմակայանից դեպի հարավային մարտական գործողությունների գոտի: Առաջադրանքը կատարվեց փայլուն կերպով: Օգոստոսի 23-ին հայկական ուժերն անցնելով գրոհի՝ հաշված ժամերի ընթացքում կոտրեցին հակառակորդի դիմադրությունը և վերահսկողության տակ առան Ջաբրայիլ ռազմակայանը…

…28 տարի առաջ ՄԵՆՔ այդպիսին էինք՝ նպատակային ու պարտադրող, իսկ այսօ՞ր… ՄԵՆՔ պարտավոր ենք նորից վերագտնել ՄԵԶ…

Հ.գ.- Եվ, որպես ամփոփում, մի հետգրություն բոլոր նրանց համար, ովքեր, ինքնախաբեությամբ տարված, պատմությունը դիտարկում են 100 տարվա կտրվածքով. Ջաբրայիլ բնակավայրը մինչև 1750 թվականը, Ջրական հայկական անվամբ,   մտնում էր պատմական Արցախ նահանգի Դիզակի մելիքության մեջ, որտեղ բնակիչները հայեր էին և ունեին պարսկական հպատակությամբ տեղական հայկական ինքնավարություն…»։