Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի, սակայն դա չի նշանակում, թե պատերազմն անխուսափելի է. 3

Սկիզբը` այստեղ 

Իրավիճակը շատ նման է այն նույն իրավիճակին, որն արձանագրում էինք 44-օրյա պատերազմից առաջ` թշնամու կողմից սադրանքներ, զոհեր, վիրավորներ, փոհրաձգություն, անհանգիստ, լարված վիճակ հայ- ադրբեջանական սահմանին և Արցախում, շփման գծում, Արցախին և Հայաստանին ուղղված Ալիևի սպառնալիքներ, հոխորտանքներ ու պահանջներ, ահռելի ծավալի ապատեղեկատվություն, քարոզչական պատերազմ, թե հայերս իբր առաջինն ենք կրակել, սահմանում ուժեր ենք կենտրոնացրել, այս ենք արել, այն  ենք արել, մինչդեռ հենց Ադրբեջանի կողմից  սահմանին պատերազմի նախապատրաստական աշխատանքներ, ինտենսիվ զինում, Թուրքիայի հետ համատեղ և իրար հաջորդող զորավարժություններ…

Այս տարվա հերթական զորավարժությունը նախատեսված է անցկացնել հոկտեմբերի 4-8-ը: «Eternity-2021» անվանմամբ այդ զորավարժությանը մասնակցելու են Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը:

Օգոստոսի 8-ին «Փաստարկ» լրատվականը տեղեկացնելով, որ թշնամին 2 օր է, զորք ու հարձակողական զինտեխնիկա է կուտակում ՀՀ սահմանին, գրել է .

«Երեկ և այսօր գրեթե ողջ օրվա ընթացքում Նախիջևանի R-49 մայրուղին եղել է խիստ ծանրաբեռնված։

«Փաստարկ» լրատվականին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ` թշնամին R-49 մայրուղով դեպի հայկական սահման է տեղափոխել մեծաքանակ զորք ու հարձակվողական զինտեխնիկա։ Ակտիվ տեղաշարժը շարունակում է նաև այս պահին։ Դեպի Հայաստանի սահման տեղափոխված զինտեխնիկայի կազմում առկա է նաև ռադիոկապը վերահսկող թվով երեք սարք։

Շուրջ 20 կիլոմետր հայկական սահմանի երկայնքով` Սիսիան քաղաքին սահմանակից, թշնամին զորք ու զենք է տեղակայում…»:

Օրերս էլ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը բանակցություններ է վարում Իսրայելի հետ` մոտ 2 մլրդ դոլարի լրացուցիչ զենք, ռազմական տեխնիկա ձեռք բերելու շուրջ, ընդ որում, ոչ թե պաշտպանողական, այլ հարձակողական բնույթի: «Փաստինֆո»-ի տեղեկացմամբ , նման հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Իսրայելի բաժնի աշխատակից Սերգեյ Մելքոնյանը։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տրանսպորտային Ил-76ТД տեսակի ինքնաթիռը վերջին մեկ շաբաթվա ընթացքում նվազագույնը երկու թռիչք է իրականցրել դեպի Իսրայել և հակառակը»,- նշել է նա ու ավելացրել, որ այս նորությունը հատկապես Հայաստանի խաղաղասեր իշխանությունների համար է, որոնք պատրաստվում են հանձնել այսպես կոչված «անկլավները», ինչը թույլ կտա Բաքվին ամրապնդել ցամաքային իր դիրքերը։

«Բաքուն պատրաստվում է պատերազմի, իսկ Երեւանը՝ խաղաղության։ Կոնֆլիկտի դեպքում ելքն ակնհայտ է՝ նման իշխանությունների պարագայում»,- ընդգծել է փորձագետը»։

Նկատի ունենալով Ադրբեջանի ՊՆ Ил-76ТД ռազմատրանսպորտային ինքնաթիռի վերոնշյալ թռիչքները, կարելի է եզրակացնել, որ մեր հիմնական, բայց փոքր-ինչ ծպտյալ թշնամու` Իսրայելի հետ հիշյալ բանակցությունները հաջողությամբ են ավարտվել, կնքվել է համապատասխան պայմանագիր կամ համաձայնագիր, և Ադրբեջանն արդեն հապշտապ սկսել է կնքված փաստաթղթի շրջանակում զենքերի, ռազմական տեխնիկայի ներկրումը:

Որ Ադրբեջանն Իսրայելի հետ կնքել է շուրջ 2 մլրդ դոլարի զենքեր, ռազմական տեխնիկա ձեռք բերելու այդ համաձայնագիրը, սոսկ մեր եզրակացությունը չէ, այլ փաստ, որի մասին օրերս հայտնել է իսրայելական իշխանամետ «Israel Hayom» («Իսրայել Հայոմ») օրաթերթը, ընդ որում, տեղեկացնելով, որ գնվելիք զինատեսակների թվում նաև բալիստիկ հրթիռներ են լինելու:

Ավելին. ադրբեջանական «Ենի Մուսավաթ» օրաթերթի հրապարակման համաձայն, այդ երկրի ֆինանսների նախկին նախարար Ֆիքրաթ Յուսեֆովը տեղեկացրել է, որ Իսրայելն Ադրբեջանին տրամադրել է այնպիսի զենքեր, որոնք որևէ այլ երկրի չի վաճառել։

Միաժամանակ հասկանալի է, որ 2 մլրդ դոլարը 200 000 դոլար կամ 2 մլն դոլար չէ, որի շրջանակում գնվածը կարելի է դնել պահեստում ու մտածել, թե պետք եկավ, կօգտագործենք, պետք չեկավ, չենք օգտագործի: Ադրբեջանը, որի զինանոցն առանց այն էլ գերհագեցած է, նման ահռելի գումարի ծախս կարող է իրեն թույլ տալ միայն, եթե ունի այդ զենքերը, զինամթերքը, ռազմական տեխնիկան օգտագործելու հստակ նպատակ, այսինքն` եթե պատրաստվում է նոր պատերազմի, չնայած նրան, որ հայտարարել է, թե Արցախի խնդիր այլևս չկա, Արցախի խնդիրը լուծված է:

Այն, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին պատրաստվում է նոր և լայնամասշտաբ պատերազմի, ընդ որում, ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի ու, բնականաբար, պատերազմի դեպքում Հայաստանի հանդեպ որոշակի պարտավորություններ ունեցող ՀՀ ռազմավարական դաշնակցի` Ռուսաստանի դեմ, կարծում ենք, ՌԴ ռազմաքաղաքական ղեկավարությունը քաջ գիտակցում է:

Վերոնշյալ վտանգի սթափ գնահատման շրջանակում է, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ուղիղ տասն օր առաջ ընդունելով ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանին, հավաստել է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պատրաստ է աջակցել հայկական զինված ուժերի արդիականացմանն ու բարեփոխմանը, Հայաստանի զինված ուժերի մարտունակության վերականգնմանը, զորքերի հագեցմանը և պատրաստմանն օգնելու պատրաստակամություն հայտնել:

Ավելին. կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել Հայաստանին սպառազինության մատակարարման վերաբերյալ: Արշակ Կարապետյանի հետ հանդիպման ավարտին, նվերների հանձնման արարողության ընթացքում, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նրան դաշույն նվիրելով, ասել է. «Կարող ենք համարել, որ Հայաստանին սպառազինության մատակարարման գործընթացը մեկնարկած է»:

Վերոնշյալն այնքան է զայրացրել Իլհամ Ալիևին, որ նա կոպտորեն խախտելով դիվանագիտական վարվելակերպի կանոնները, չթաքցնելով իր զայրույթը` արտահայտված լկտիությամբ, դրանից հետո հարցրել է` ինչո՞ւ պետք է Մոսկվան նպաստի հայկական բանակի վերազինմանը, այնտեղ այդ ի՞նչ է տարօրինակ, անպատասխանատու հայտարարություններ է անում Շոյգուն… «CNN Turk» հեռուստաալիքին տված հարցազրույցի ընթացքում Ալիևը հերթական սանձարձակ հայտարարությամբ մեղադրել է Ռուսաստանին իր ռազմավարական դաշնակցին` Հայաստանին զենք մատակարարելու համար, և նույնիսկ պահանջել, որ Ռուսաստանը դադարեցնի սպառազինության մատակարարումները Հայաստանին:

Օրերս անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ինչպես ասում են, Ալիևի քթին է տվել, տեղը տեղին շշպռել նրան` հայտարարելով, որ արտերկիր զենքի մատակարարումը ՌԴ ինքնիշխան իրավունքն է:

Ի մի բերելով հոդվածի այս և նախորդած մասերում շարադրվածը, հանգում ենք այն եզրակացությանը, որ Ադրբեջանը, այո՛, պատրաստվում է նոր պատերազմի: Միաժամանակ կասկածից դուրս է, որ քանի դեռ ռուսական խաղաղապահներն Արցախում են (այսինքն` առաջիկա 4 տարուց քիչ ավելի ժամանակաընթացքում), Ադրբեջանը չի համարձակվի այդ քայլին գնալ այնտեղ, և նույնիսկ Թուրքիայի հետ միասին չի համարձակվի պատերազմ սանձազերծել ՀՀ-ի դեմ` շատ լավ գիտակցելով, որ այդ դեպքում բախվելու է Հայաստանի ռազմավարական դաշնակցին և իր ավագ եղբոր հետ միասին ստանալու են ռուսական արջի ջախջախիչ ապտակը: Այդ դեպքում, կտարակուսի ընթերցողը, ինչպե՞ս եք պնդում, թե Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի…

Պատասխանենք. Ադրբեջանի վերոնշյալ ողջ պատրաստությունն ունի մեկ նպատակ` պատրաստ լինել հարմար առիթի դեպքում հարձակումը սկսելու, ինչը նշանակում է, որ Ալիևն ԱՄՆ-ից կամ Արևմուտքից տեղեկություն կամ առնվազն հույս ունի, որ մոտ ապագայում այդպիսի առիթ կարող է լինել, այսինքն` այնպիսի իրավիճակ, որի դեպքում Ռուսաստանը չի կարողանա պաշտպանել կամ բավականաչափ պաշտպանել Հայաստանի Հանրապետությունը և Արցախն Ադրբեջանից և Թուրքիայից` պատերազմին վերջինի լայնամասշտաբ մասնակցության պարագայում:

Տեսականորեն այդպիսի հնարավոր, բայց ոչ անխուսափելի վիճակներն են Ռուսաստանում սեպտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքում ու դրանից հետո, այսինքն` սեպտեմբեր-հոկտեմբերին, ՌԴ-ում գտնվող 5-րդ շարասյան և իշխանություններից դժգոհ բնակչության մեծաքանակ զանգվածի միջոցով, իհարկե, ոչ առանց Արևմուտքի ջանքերի և աջակցության, ներքին իրավիճակի ծայրահեղ ապակայունացումը, Ուկրաինայի հետ մեծամասշտաբ պատերազմը, որը վերջինի և նրա ետևում կանգնած Արևմուտքի նախաձեռնությամբ կարող է բռնկվել ցանկացած պահի, պատերազմը «Թալիբան»-ի հետ, կամ Ուկրաինայի և «Թալիբան»-ի հետ միաժամանակյա պատերազմը:

 

Արթուր Հովհաննիսյան