Մասնագետներին անտեսում են, սպորտային լրագրողին նշանակում ջրային ոլորտի կառավարիչ (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է ջրային ռեսուրսների կառավարման փորձագետ, ԱՄՆ Այդահոյի համալսարանի դոկտորանտ Լուսինե Թասլակյանը։

Հաղորդման հյուրի հետ խոսեցինք Սևանա լճից լրացուցիչ ջրառի մասին օրերս ԱԺ կողմից ընդունած օրենքի նախագծի վերաբերյալ, որքանո՞վ այդ ծավալի ջրառը կանդրադառնա լճի կենսունակության վրա և արդյո՞ք երաշտի դեմ այքարելու և ոռոգման խնդիրը լուծելու այլընտրանքային միջոցներ չկան՝ Սևանից իրականացվող ջրառից բացի։ Լուսինե Թասլակյանն ասաց, որ ջրային պաշարները ճիշտ կառավարելու դեպքում հնարավոր կլինի խուսափել լճից ամենամյա լրացուցիչ ջրառներից։ Մինչդեռ հատկապես վերջին երեք տարիներին այդ ոլորտում ոչ միայն ճիշտ կառավարում չի իրականացվում, այլև մասնագետների փոխարեն ոլորտից բացարձակ անտեղյակ մարդկանց են նշանակում որպես կառավարիչների։

Անդրադարձանք նաև Սևանի ծաղկման խնդրին, որը լուծելու փոխարեն բնապահպանության նախարարության պատասխանատուները բավարարվում են միայն անպատասխանատու հայտարարություններ անելով, թե նման երևույթները բնականոն են և որևէ ռիսկ չեն ներկայացնում։

Ջրային կառավարման խնդիրները նոր չեն, և դրանցից մեկը՝ Արարատյան ստորջրյա ռեսուրսների օգտագործումը ձկնաբուծության նպատակով, մեծ վնաս է հասցրել մեր ջրային պաշարներին՝ մասնավորապես խմելու ջրին։ Ըստ Լուսինե Թասլակյանի՝ այդ ջրերը մակերես հանելով ու ձկնաբուծության համար օգտագործելով՝ այնուհետև մղում են դրենաժ, և ջուրը Արաքսով հոսում է դեպի Թուրքիա, որտեղ էլ օգտագործվում է որպես ոռոգման ջուր։ Իսկ մենք պարզապես ցամաքեցնում ենք մեր պաշարները։

Փորձագետը խոսեց Հայաստանի գետերի ակունքները թշնամու վերահսկողության տակ անցնելու վտանգների մասին, որոնցից մեկն էլ գետերի ակունքները փոխելու գործողություններն են։

Մանրամասները՝ տեսանյութում