Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը

Օգոստոսի 18-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի   հերթական նիստը: Ամփոփվել են 2021թ. ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովի աշխատանքի արդյունքները և քննարկվել խորհրդի առաջիկա անելիքները:

Արձանագրվել է հանձնաժողովի միջոցով իրականացված բողոքարկման գործընթացի  արդյունավետությունը: Հանձնաժողովն ստացել է 133 դիմում և բողոք, որոնց ուսումնասիրմամբ ընթացք է տվել 76-ին` նպաստելով դրանց արդարացի լուծմանը: 23 զորակոչիկ ձեռք են բերել տարկետման օրինական հիմքեր, որից 22-ը առողջական վիճակի, 1-ը` ընտանեկան պայմանների բերումով, 3-ը ճանաչվել են ոչ պիտանի զինծառայության համար և հաշվառվել են պահեստազորում: Բացի այդ, 27 զորակոչիկների զորակոչման հարցը առկախվել է և կորոշվի հաջորդ զորակոչին` ելնելով լրացուցիչ և ստուգիչ բժշկական հետազոտությունների կատարման անհրաժեշտությունից:

Քննարկելով հասարակական խորհրդի առաջիկա անելիքները` որոշվել է երկշաբաթյա ժամկետում որոշակիացնել և պաշտպանության նախարարին ներկայացնել պաշտպանական քաղաքականության այն ուղղություններն ու խնդիրները, որոնց վրա հարկ է կենտրոնացնել հասարակական խորհրդի ջանքերը` Զինված ուժերի բարեփոխումներին նպաստելու նպատակով: