Արցախի նախագահը պարգևատրել է 44-օրյա պատերազմում մարտական ծառայություններ մատուցած աշխարհազորայինների և կամավորականների

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մի շարք աշխարհազորայինների և կամավորականների պարգևատրեց 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի պետական սահմանի պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ քաջության և արիության համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մեդալներ շնորհվել են նաև հետմահու:

Արարողությունը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ, այնուհետև հնչեցին Արցախի և Հայաստանի օրհներգերը:

ՀՀ ՊՆ նախարարի խորհրդական, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը նշեց, որ պարգևատրման արարողությունն առանձնակի ուշադրություն է՝ ևս մեկ անգամ գնահատելու այն դերակատարությունը, որ հայ ազգի նվիրյալներն իրականացրին:

Արայիկ Հարությունյանը իր ելույթից առաջ նշեց, որ խոնարհվում է բոլոր նահատակված հերոսների հիշատակի առաջ, ինչպես նաև ընդգծեց, որ դահլիճում է գտնվում նաև Արցախի հերոս, կամավորական ջոկատի հրամանատար Սուրեն Բաղդասարյանը:

«Շնորհակալ եմ նաև մեր բոլոր ողջ հերոսներին: Այս պարգևատրումներով մենք ամփոփում ու գնահատում ենք կամավորական ամբողջ միության կատարած ծառայությունը հայրենիքի առջև: Անհաջողություններ ունեցել ենք, սակայն պետք է ֆիքսենք, որ մենք կռվել ենք  աշխարհի դեմ: Չնայած այդ ամենին, Արցախն այսօր կա ու շարունակում է ապրել: Համոզված եմ, որ Հայաստանի ու Արցախի ապագան լուսավոր է ու դեռ շատ հաղթանակներ առջևում են»,- ասաց Արայիկ Հարությունյանը:

Ծննդով Երևանից 58-ամյա Աբրահամ Կարապետյանը, ով 44-օրյա պատերազմում մատուցած մարտական ծառայությունների համար պարգևատրվեց Արցախի «Արիության համար» մեդալով: «Ես միայն այս պատերազմին չեմ մասնակցել, թշնամու դեմ կռվել եմ նաև Արցախյան առաջին պատերազմի ժամանակ: Այս պատերազմին մասնակցել եմ առաջին իսկ օրվանից՝ սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը եղել ենք Արցախում: Ստացել եմ բեկորային վիրավորումներ՝ գլխի, ուսի և ոտքի հատվածում, սակայն դիրքերից չեմ իջել: Ես հետախույզ եմ եղել»,- նշեց Կարապետյանը:

Աբրահամ Կարապետյանը, բացի  Արցախի «Արիության համար» մեդալից, նաև ստացել է ՀՀ ԶՈՒ «Գարեգին Նժդեհ» մեդալ: Վերջինս պատմեց նաև, որ պատերազմի ժամանակ իրենք նաև հումորներ են արել:

«Ինչ-որ պահից սկսած, մեր ջոկատի անձնակազմն ինձ, որ տեսնում էր, վախենում էին արդեն: Ականանետի ձայներ էի հանում, բոլորը պառկում էին, մի քանի վայրկյանից հասկանում էին, որ ես եմ, սկսում էինք բոլորով ծիծաղել»,- վերհիշեց Կարապետյանը:

Աշխարհազորային կամավորական ջոկատի անդամներից մեկն էլ, ով նաև ջոկատի հրամանատարի տեղակալն էր, նշեց, որ ինքը մարտնչել է Հադրութի շրջանում, Արցախում էլ եղել է սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 30-ը:

«Մենք դիրքեր ենք գնացել մոտ 240 հոգով, հոկտեմբերի վերջին արդեն 20-ից ավելի զոհ ունեինք, ինչպես նաև շուրջ 60 վիրավոր: Ասացին, որ 1 շաբաթով թույլ են տալիս իջնել դիրքերից ու հանգստանալ, հետո վերադառնանք կրկին: 1 շաբաթից արդեն ամեն ինչ ավարտվել էր»,- նշեց ջոկատի հրամանատարի տեղակալը: