Որոշումն ընդունվեց․ եռամսյա վարժական հավաքներ կանցկացվեն, կներգրավեն նաև ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները

Կառավարությունը օգոստոսի 18-ին որոշում ընդունեց վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին։

Վարժական հավաքները կանցկացվեն օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը։

Կառավարությունը որոշեց․

1․ Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպա­յական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով` 2021 թվականի օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը:

2․ Վարժական հավաքներին ներգրավել ընդհանուր մինչև 2169 քաղաքացու, որոնցից 1164-ը՝ շարքային կազմի, 254-ը` ենթասպայական կազմի, 751-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ մոտոհրաձգային, հրթիռա-հրետանային, կապի, հետախուզական, ինժեներական մասնագիտություններով:

3․ Վարժական հավաքների ապահովման համար՝ երեք ամիս ժամկետով` 2021 թվականի օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը, ռազմատրանսպորտային պարտակա­նություններ ունեցող մարմիններից ներգրավել ընդհանուր մինչև 110 միավոր տրանս­պորտային միջոց՝ համաձայն հավելվածի:

4․ Սահմանել, որ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման և վերապատրաստման, նրանց հետ կնքված պայմանագրի համաձայն ըստ անհրաժեշտության մարտական հերթապահության ներգրավման նպատակով:

5․ Թույլատրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ վարժական հավաքներ անցկացման ժամկետում անհրաժեշտությունը վերանալու դեպքում վարժական հավաքներին ներգրավված քաղա­քա­ցիներին ժամկետից շուտ արձակել պահեստազոր, իսկ ներգրավված տրանսպորտային միջոցները վերադարձնել ռազմա­տրանսպորտային պարտակա­նություններ ունեցող համապատասխան մարմիններին:

ՌԱԶՄԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՑ ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԻՆ ՆԵՐԳՐԱՎՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՑԱՆԿ

 

Հ/հ Տրանսպորտային միջոցի տեսակը Քանակը (միավոր) Ծանոթ.
1. Կողավոր (անձնակազմ տեղափոխելու համար) 50  
2. Կողավոր 19  
3. Կողավոր ( մինչև 5 տոննա) 7  
4. Կողավոր (ոչ պակաս 5 տոննայից) 20  
5. Ուղևորաբեռնատար բարձր անցանելիությամբ 1  
6. Քարշակ 6  
7. Ավտոցիստեռն 1
8. Ավտովառելիքալցավորիչ 2  
9. Ջրի ավտոցիստեռն 1  
10. Սանիտարական 3  
Ընդամենը 110  

 

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ դրա ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտական հերթապահությունն ուժեղացնելու նպատակով ՀՀ զորահավաքային մարդկային ռեսուրսները և տրանսպորտային միջոցները վարժական հավաքների և մարտական հերթապահության ընդգրկելու անհրաժեշտությամբ:

Նշված է նաև , որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ անհրա­ժեշտություն է զինված ուժերում ունենալ մարտունակ ստորաբաժանումներ` համալրված բարձր մասնագիտական պատրաստվածու-թյամբ և ռազմաուսուցված պահեստազո­րա­յին­ներով, ինչպես նաև տրանսպորտային միջոց­ներով, նպատակահարմար է պահեստազորայիններին վարժական հավաքների ընդգրկումը` ներգրավելով մարտական հերթապահության, իսկ վարժական հավաքների ապահովման համար՝ ռազմատրանսպորտային պարտակա­նություններ ունեցող մարմիններից տրանսպոր­տային միջոցների ներգրավվումը: Այս գործընթացը կրելու է շարունակական բնույթ և հետագա տարիներին մարտական հերթապահության կընդգրկվեն նոր ստորաբաժանումներ և նոր պահեստազորայիններ: Գործընթացն իրականացվելու է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 59-րդ և «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածների, ՀՀ կառավարության 22.07.2010թ. N 998-Ն և 18.10.2018թ. N 1174-Ն որոշումների համաձայն:

Որոշման ընդունման կապակցությամբ առաջանում են լրացուցիչ ծախսերի կատարման անհրաժեշտություն՝ 3 027 611 000 ՀՀ դրամ չափով: Ծախսերը կատարվելու են ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացված, ինչպես նաև ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին: