ՀՀ–ն պետք է վարի ակտիվ և նախաձեռնողական արտաքին քաղաքականություն․ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է կառավարության ծրագիրը

Այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց կառավարության ծրագիրը, որը պետք է քննարկվի և ընդունվի Ազգային ժողովում։ Նա նշեց, որ նախագիծը բաղկացած է վեց բաժնից՝ անվտանգություն և արտաքին քաղաքականություն, տնտեսություն, ենթակառուցվածքների զարգացում, մարդկային կապիտալի զարգացում, իրավունք և արդարադատություն և ինստիտուտցիոնալ բաժանում։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նախագծի հիմնական քաղաքական ուղերձը ծրագրի նախաբանում է և նա ընթերցեց այդ հատվածը։  Նիկոլ Փաշինյանն ասաց, որ բարեփոխված զինված ուժերը պետք է լինեն մեր անվտանգության ապահովման հիմնական գործոնը և կարևորեց ակտիվ արտաքին քաղաքականությունը որպես անվտանգության ապահովման հաջորդ գործոն։

«Ընդգծում ենք , որ ՀՀ–ն պետք է վարի ակտիվ և նախաձեռնողական արտաքին քաղաքականություն»,–ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց նաև կառավարության ծրագրում հայ–ռուսական ռազմավարական դաշինքին, ՀԱՊԿ–ին, Մինսկի խմբի աշխատանքներին վերաբերող շեշտադրումները։

«Մենք տարածաշրջանի խաղաղության և կայունության համար էական ենք համարում թշնամության մթնոլորտի կառավարումը և հաղթահարումը։ Տարածաշրջանի կայունությունը և խաղաղությունը արձանագրում ենք որպես մեր երկարատև ռազմավարություն»,–ասաց նա։

Նիկել Փաշինյանն ասաց, որ իրենց ծրագիրը և պլանն այն է, որ առաջիկայում սահմանապահ ծառայության պատասխանատվության տարածքները կընդլայնվեն և այս առումով սահմանապահ զորքերը պետք է ընդլայնվեն, վերափոխվեն, բարեփոխվեն։