Ալիևը հաճելիորեն զարմացած է հայաստանյան ընտրություններից և հորդորում է Ռուսաստանին չհարամել հայ ժողովրդի իդիլիան

Մինչ իշխանությունն ընդդիմության հետ բենդերյան սկզբունքով պաշտոններն են բաժանում, Բաքվից, նավթից բացի, սահմանային նոր բախումների և էսկալացիայի հոտ է գալիս։

Իլհամ Հեյդարովիչը համառորեն չի հասկանում, թե ինչո՞ւ է Շոյգուն խոսում Հայաստանին նոր սպառազինություն մատակարարելու մասին, երբ, ինչպես իր վերջին հարցազրույցում ասել է Ալիևը՝ «Պատմության մեջ տեղի է ունեցել աննախադեպ բան, երբ պետությունը պարտության, կապիտուլյացիայի տարած ղեկավարը ընտրվել է»։

Ու հիմա Ալիևը ոչ մի կերպ չի հասկանում, թե ինչի՞ է Ռուսաստանն ուզում զինել մի երկիր, որի թե՛ քաղաքական ղեկավարությունն ու թե՛ անսահման հպարտ ժողովուրդը պատերազմի հետևանքների հետ կապված որևէ պրետենզիա չունեն։

Եվ հիմա՝ քանի դեռ իշխանություն-ընդդիմություն դիսկուրսի թեման պատգամավորների օժիտն ու բոթասի արժեքն է, Ադրբեջանը՝ դեմարկացիա-դելիմիտացիայի պահանջներին նոր նախապայման է գումարել՝ Հայաստանը Լեռնային Ղարաբաղը պիտի ճանաչի Ադրբեջանի կազմում։

Բայց դա ևս դեռ այս պատմության ողջ հմայքը չէ։ Ալիևը հետևողականորեն նշում է «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը՝ զուգահեռաբար պահանջելով ոչ միայն հայկական զորքի ամբողջական դուրս բերում Արցախից, այլև Հայաստանին ռուսական զենքի մատակարարման բացառում։

Այսպիսով՝ Ալիևը սպառնում է Հայաստանին ու զուգահեռաբար շանտաժ անում Մոսկվային՝ չզինել Հայաստանն ու չսասանել պատերազմում պարտությունը որպես անխուսափելի կարմա մեր «ջեբը» գցած ժողովրդի հավաքական համոզմունքը։

Ու եթե էս ամենը դեռ ինչ-որ մեկին հետաքրքիր է՝ մենք կանգնած ենք նոր պատերազմի, կամ նվազագույնը՝ սահմանային լուրջ էսկալացիայի շեմին։

Եւ էս ֆոնին, վստահեցնում եմ, հեչ կապ չի ունենալու ո՛չ ընդդիմության օժիտի գինը, ո՛չ գիշերամիզության պատճառով բանակ չգնացած պաշտոնյայի հերոսապատումն ու ո՛չ էլ «Էռնեստո Չե Գեւարայի» ասանկայով րոպեում 37 անգամ «Նիկոլ կապիտուլյանտ» ասելը։

 

Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից։