1992թ. այս օրը ստեղծվեց Արցախի Պաշտպանության Պետական Կոմիտեն

1992թ. այս օրը` օգոստոսի 15-ին Գերագույն խորհրդի նախագահության որոշմամբ ստեղծվում է Պաշտպանության պետական կոմիտեն՝ գործադիր կառավարման բարձրագույն մարմին, որն ամբողջ իշխանությունն ու ռեսուրսները կենտրոնացրեց իր ձեռքը, կյանքի կոչեց լիակատար մոբիլիզացիա՝ հնարավոր դարձնելով հաղթանակը։ Այն ստեղծվեց Ռոբերտ Քոչարյանի առաջարկով:

Ռոբերտ Քոչարյանը հուշագրության մեջ ընդգծում է ԼՂՀ ԱԺ պատգամավոր Բորիս Բաբայանի դերը՝ ստեղծված իրավիճակում ամբողջ պատասխանատվությունն իր վրա վերցնող միասնական ղեկավար մարմին ձևավորելու նախնական քննարկումներում:

Հատկանշական է Ռոբերտ Քոչարյանի հատկապես հետևյալ դիտարկումը. «Իհարկե, կասկածներ դեռ ունեի. այդ հանգամանքներում անհնար էր բացարձակ վստահ լինել հաջողությանը: Բայց տեսնում էի, որ մարդիկ հույսով են նայում ինձ: Հայտնվել էի մի վիճակում, որտեղ ընտրություն չկա, հատկապես երբ հասկանում ես՝ եթե ոչ դու, ապա ուրիշ ոչ ոք դա չի անի: Չէ՞ որ հարցն այսպես էր դրված. կորցնում կամ չես կորցնում հայրենիքդ ամենաուղղակի իմաստով»,-պատմում է Ռոբերտ Քոչարյանը:

29 տարի առաջ, այս օրերին Արցախում իսկապես օրհասական իրադրություն էր: Շուշիի ազատագրման փայլուն գործողությունից, Բերձորի ազատագրումից ու Հայաստանի հետ ցամաքային կապը վերականգնելուց հետո, ճակատում ձախողումներ եղան և ծանր կորուստներ, մեկը մյուսի հետևից: Ընկավ Շահումյանի շրջանը, թշնամին գրեթե լիովին գրավեց Մարտակերտի շրջանը, այլ ուղղություններում ևս ռազմական իրադրությունը մխիթարական չէր, ավերված գյուղեր, հազարավոր ու հազարավոր փախստականներ, թշնամու օդուժի ռմբահար հարձակումներ, անդադար հրետակոծություն…:

Հենց այդ ժամանակահատվածում էր, որ Արցախում ընդունվեց դժվարին, բայց, ինչպես պատմությունն ու հետագա ընթացքն ապացուցեցին՝ տվյալ իրավիճակում հնարավոր միակ ճիշտ որոշումը. հայտարարել ռազմական դրություն՝ օգոստոսի 12-ին, կազմավորել Պաշտպանության պետական կոմիտե, իշխանության գրեթե բոլոր լիազորությունները փոխանցել այդ կառույցին, կենտրոնացնել բոլոր ուժերն ու ռեսուրսները, ամեն ինչ ծառայեցնելով մեկ գերնպատակի՝ հաղթանակ, որն այս դեպքում նշանակում է նաև՝ սեփական հողի վրա գոյության իրավունք և ապագա:

Պաշտպանության Պետական Կոմիտեի ղեկավար հետևյալ կազմ ձևավորվեց՝

Ռոբերտ Քոչարյան – ՊՊԿ նախագահ

Կարեն Բաբուրյան – նախագահի տեղակալ

Սերժ Սարգսյան – Ինքնապաշտպանության ուժերի կոմիտեի ղեկավար

Արմեն Իսագուլով – Ներքին գործերի ղեկավար

Սամվել Բաբայան – Ինքնապաշտպանության ուժերի ղեկավարի տեղակալ, ՊԲ հրամանատար

Բորիս Առուշանյան – Տնտեսական գծով ղեկավար

Վալերի Բալայան – Պաշտպանության և ավտանգության կոմիտեի ղեկավար

Պաշտպանության պետական կոմիտեի առաջին քայլերը բխում էին ստեղծված իրավիճակից ու լիովին համահունչ էին օրախնդիր պահանջներին. ընդհանուր զորահավաք, կամավորական ինքնապաշտպանական ջոկատներից անցում կանոնավոր բանակի՝ համապատասխան կառուցվածքով ու անհրաժեշտ կարգապահությամբ, բոլոր նյութական ռեսուրսների կենտրոնացում և խիստ վերահսկողություն…

Առաջինը. բացի ընդհանուր զորահավաքից, արմատապես վերափոխվեց Արցախի պաշտպանության կառուցվածքը. ձևավորվեց վեց պաշտպանական շրջան (ժամանակին, 18-րդ դարում Արցախի և Սյունիքի մելիքությունները նույնպես պաշտպանությունն իրականացրել են պաշտպանական շրջաններով՝ սղնախներով), բոլոր ջոկատները վերակազմավորվեցին բանակային կառույցների՝ «դասակ, վաշտ, գումարտակ» սխեմայով, միասնական հրամանատարության միանձնյա ենթակայությամբ:

Բացի զուտ բանակային, պաշտպանական խնդիրներից, ՊՊԿ-ն ստեղծված պայմաններում անում էր ամեն ինչ՝ ռազմաճակատի թիկունքում կյանքի բնականոն ընթացքն ապահովելու, կոմունալ ծառայությունների անխափան աշխատանքի, թշնամու գրաված շրջանների բնակչության կեցության պայմաններն ապահովելու համար:

Արդեն 1992 թվականի աշնան կեսերին հաջողվեց ռազմաճակատում շտկել իրադրությունը, ոչ միայն դադարեցնել թշնամու հետագա առաջխաղացումը, այլև անցնել դիրքային մարտերի: Իսկ 1992-ի նոյեմբերին արդեն Արցախի բանակն անցավ պատասխան հարձակողական գործողությունների: Դա բեկումնային պահն էր, որից հետո շարունակվեցին փառահեղ հաղթանակները՝ Մարտակերտի շրջանի ու շրջկենտրոնի ազատագրում, Քարվաճառի ազատագրում և այդպես շարունակ, մինչև 1994-ի մայիսի, այսպես ասենք՝ հաղթական հրադադարի պայմանագիրը…