ԱԺ նախագահը Արփի Դավոյանին նախազգուշացում տվեց և զրկեց 1 օր ԱԺ–ում ելույթ ունենալու հնարավորությունից

ԱԺ–ում այսօր՝ օգոստոսի 11–ին, նախազգուշացում ստացավ նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը և զրկվեց ամբողջ օրը ԱԺ–ում ելույթ ունենալու հնարավորությունից։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նախազգուշացում կիրառեց նրա նկատմամբ այն բանից հետո, երբ Դավոյանը խոսելով ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր  Աննա Մկրտչյանի մասին, նրան անվանեց լարովի տիկնիկ:

«Մերժված Սերժ Սարգսյանին խորհուրդ կտամ իր լարովի տիկնիկներին այստեղ չուղարկել, որովհետև Սերժ Սարգսյանը մերժվել է 2018–ին և մերժված լինելու բեռը ամբողջ կայնքում կրելու է իր ուսերին»,– ասաց Արփի Դավոյանը։

Այս ելույթի ընթացքում, ԱԺ նախագահը հայտարարեց, որ նրան նախազգուշացում է տալիս և զրկում մեկ նիստի ընթացքում  խոսելու հնարավորությունից։

Նշենք, որ ավելի վաղ ելույթ էր ունեցել Աննա Մկրտչյանը, որի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվանել էր «կապիտուլյանտ Նիկոլ», ինչից հետո ԱԺ նախագահն անջատել էր նրա խոսափողը և դուրս հրավիրել ԱԺ ամբիոնից։