Դագաղներ ու լենտեր պարացնելուց բացի այս մարդիկ ավելի հեռու են գնացել․ Աննա Մկրտչյան

ՀՀ գործող իշխանությունները հայ սպանող ու գերեվարող Ալիևին անվանում էին կիրթ և կառուցողական, լիֆտում պայմանավորվել են Արցախը հանձնելու վերաբերյալ։ Այս մասին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացուցիչ Աննա Մկրտչյանը՝ հարց ուղղելիս ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի ՔՊ թեկնածու Էդուարդ Աղաջանյանին։

«2018 թվականին դագաղներ ու լենտեր պարացնելուց բացի այս մարդիկ ավելի հեռուն են գնացել։ Ուզում էի հիշեցնել, որ հանձնաժողովի նախագահի թեկնածուն Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապիկին բարձրացրել էր բեմ, որպեսզի մեր հարյուր հազարավոր քաղաքացիների էմոցիաների հետ խաղար, լրացուցիչ մանիպուլյացիաների ենթարկի։ Ասածս ինչ է․ այս ամենը մեկ հարթակ վերև են տանում։ Անհատակ և տիեզերական սուտը տանելու են արտաքին քաղաքականություն և խորհրդարանական դիվանագիտություն»,-նշեց Մկրտչյանը։

Աղաջանյանը որևէ կերպ չարձագանքեց Մկրտչյանի հայտարարություններին․ «Դուք Ձեր բոլոր հարցերի պատասխանները ունեք»։

Աննա Մկրտչյանը շարունակեց․ «Աղաջանյանը որևէ հարցի պատասխան չգիտի և չի հասկանում, թե ինչ է խորհրդարանական դիվանագիտությունը»։