ԱԺ օրակարգում հանձնաժողովների նախագահների ընտրությունն է

8-րդ գումարման Ազգային ժողովը շարունակում է աշխատանքը: Խորհրդարանում կգործի 12 մշտական հանձնաժողով: Դրանցից երկուսը՝ Առողջապահության հարցերի, ինչպես նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովները, կձևավորվեն 7-րդ գումարման Ազգային ժողովում գործած Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի տարանջատմամբ: Մյուս 10 հանձնաժողովը կլինի նույնը, ինչպես եղել է 7-րդ գումարման խորհրդարանում:

9 հանձնաժողովների նախագահներին կառաջադրի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, 3-ը՝ «Հայաստան» խմբակցությունը:

Հայկ Կոնջորյանի ներկայացմամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանձնաժողովների նախագահների թեկնածուներ կառաջադրի «Պետական-իրավական հարցերի», «Պաշտպանության եւ անվտանգության հարցերի», «Արտաքին հարաբերությունների», «Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի», «Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի», «Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի», «Եվրոպական ինտեգրման հարցերի», «Աշխատանքի եւ սոցիալական հարցերի» եւ «Առողջապահության հարցերի» մշտական հանձնաժողովների կազմերում:

Սեյրան Օհանյանի ներկայացմամբ՝ «Հայաստան» խմբակցությունը հանձնաժողովների նախագահների թեկնածուներ կառաջադրի «Տնտեսական հարցերի», «Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի»,  «Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի» մշտական հանձնաժողովների կազմերում: