ՀԱՊԿ սահմանների մոտ թալիբները մայրաքաղաք են գրավել, ամերիկացիներն ու բրիտանացիները փախչում են ինչպես առնետները խորտակվող նավից

Շատ արագ իրականանում են թալիբների կողմից Աֆղանստանում իշխանությունը գրավելու վերաբերյալ մեր կանխատեսումները: Օգոստոսի 6-ին հայտնի դարձավ, որ «Թալիբան» ահաբեկչական կազմակերպությունն իր հարձակումների սկզբից ի վեր, առաջին անգամ գրավել է Աֆղանստանի նահանգներից մեկի մայրաքաղաքը: Խոսքը Պակիստանի հետ սահմանին գտնվող Նիմրուզ նահանգի մայրաքաղաքի` Սարանջի մասին է:

Օտարերկրյա ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն, մինչ այժմ գրոհայինները, չնայած Աֆղանստանի տարբեր նահանգների մայրաքաղաքների վրա բազմաթիվ հարձակումներին, կարողացել էին իրենց վերահսկողության տակ վերցնել միայն գյուղական շրջանները: Սակայն, ինչպես հայտնել է «Reuters»-ը` վկայակոչելով տեղական իշխանություններին, ծայրահեղականները մտել են Պակիստանի հետ սահմանին գտնվող Նիմրուզ նահանգի մայրաքաղաք: Քաղաքն ընկել է գրեթե առանց մարտերի…

«Թալիբան» շարժման գրոհայինների լայնածավալ հարձակումները, որոնք սկսվել են մայիսից, Աֆղանստանից ԱՄՆ-ի ու կոալիցիայի նրանց դաշնակիցների զորքերի դուրսբերմանը զուգահեո, հուլիսից սաստկացել են: Ծայրահեղականներին հաջողվել է գրավել երկրի տարածքի մեծ մասը, սակայն հիմնականում գյուղական վայրեր, խոշոր քաղաքները գրավելու բոլոր փորձերը մինչ այդ անհաջող էին եղել:

ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսանդր Բիկանտովը Սարանջի գրավման նախօրեին ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ թալիբների հարձակումը սկսել է մարել:

««Թալիբանը» ռեսուրսներ չունի մեծ քաղաքներ գրավելու և պահելու համար, ներառյալ` երկրի մայրաքաղաք Քաբուլը»,- ասել էր նա:

Սա, կարծում ենք, իրավիճակի միանգամայն սխալ գնահատում է, մանանավանդ, որ Բիկանտովն ինքն է նշել Աֆղանստանի կանոնավոր բանակի ցածր մարտունակության և հարևան Տաջիկստան և Ուզբեկստան զինված ուժերի զանգվածային նահանջի մասին, նաև հավելել, որ Աֆղանստանի անվտանգության ուժերին չի հաջողվել հաղթահարել գրոհայինների հարձակումը, իսկ տեղական ինքնապաշտպանական ջոկատները նույնպես անարդյունավետ են եղել:

Ինչ վերաբերում է ամերիկացիներին, ապա Վաշինգտոնը ձևացնում է, թե ինքը շարունակում է հույսը դնել թալիբների և աֆղանական իշխանությունների ներկայացուցիչների միջև իրական բանակցությունների վերսկսման վրա, մինչդեռ, կարծում ենք, շատ լավ գիտակցում է, որ այդ բանակցություններն արդեն ձախողվել են և եթե նույնիսկ վերսկսվեն, որևէ դրական արդյունքի չեն հանգեցնելու, ընդամենը մի փոքր երկարացնելու են Աֆղանստանի գրավումը «Թալիբան» ահաբեկչական կազմակերպության կողմից:

Թեև ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը փորձում են աջակցել կառավարական բանակին` Հերաթի և Քանդահարի շրջաններում հարվածներ հասցնելով գրոհայինների դիրքերին կամ վրիպելով, դիրքերի մոտ: Պենտագոնի մամուլի քարտուղարն էլ CNN- ին ասել է, որ սա միակ օգնությունն է, որն այժմ կարող է տրամադրել ԱՄՆ-ը, այնուհանդերձ, ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ավիահարվածները թալիբներին չեն խեղճացրել, ինչի մասին վկայում են նրանց հարձակումների արդյունքում գրանցվող հաջողությունները: Աֆղանստանի կառավարական բանակին Բայդենի վարչակազմի օգնությունը եթե չասենք ձևական, չափազանց անբավարար է:

Թալիբները երեկ արդեն գրավել են Աֆղանստանում երկրորդ տարածաշրջանային մայրաքաղաքը` երկրի հյուսիսում գտնվող Ջաուզջան նահանգի վարչական կենտրոն Շիբարղանը: Այդ քաղաքի համար մարտերն ընթացել են դեռ ուրբաթ օրվանից: Այնտեղ զինյալներին հաջողվել էր ներխուժել տարածաշրջանային վարչակազմի շենք և ոստիկանության բաժին, սակայն նրանք հակահարձակման են ենթարկվել տեղի անվտանգության ուժերի կողմից, որոնք կարողացել էին վերականգնել կորցրած դիրքերը: Սակայն, «Թալիբանը» երեկ արդեն Շիբարղանը գրավել է. այդ մասին հայտնել է Ջաուզջանի փոխնահանգապետը: Շիբարղանը երկրորդ տարածաշրջանային մայրաքաղաքն է, որը գրավել են թալիբներն ընդամենը 24 ժամվա ընթացքում:

Աֆղանստանի կառավարությունը դեռ չի մեկնաբանել երկու վարչական կենտրոնների գրավումը: Հաղորդվում է նաև, որ թալիբները հարձակվում են այնպիսի խոշոր քաղաքների վրա, ինչպիսիք են Հերաթը, Լաշկարգահը և Քանդահարը: Ուշագրավ է, որ «Թալիբանը» ձգտում է ամբողջությամբ իր վերահսկողության տակ վերցնել Պակիստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի հետ Աֆղանստանի սահմանները, ինչը նրան արդեն մեծապես հաջողվել է:

Շիբարղանի անկումից հետո սոցիալական ցանցերում հայտնվել են տեղի բնակիչների կողմից թալիբաների ջերմ ընդունելության, ինչպես նաև ամերիկյան արտադրության «Humvee» բանակի ամենագնացների ու թանկարժեք ջիպերի տեսանյութեր: Թեև այդ տեսանյութերը դեռ չեն հաստատվել անկախ աղբյուրների կողմից, սակայն դատելով ամենից, կեղծ չեն: Թալիբները հայտարարել են, որ իրենք գրավել են բանտը և ազատ են արձակել բոլոր բանտարկյալներին` ինչպես զինյալներին, այնպես էլ տարբեր հանցագործությունների համար դատապարտվածներին:

«Աֆղանստանի անվտանգության ուժերը կորցրել են իրենց մարտական ոգին «Թալիբան»-ի զանգվածային քարոզչության պատճառով: Նույնիսկ նախքան թալիբների հարձակումը <…>, անվտանգության աշխատակիցների մեծ մասը վայր դրեց զենքը, հանեց համազգեստը, թողեց ստորաբաժանումները և փախավ». ըստ «Agence France-Presse»-ի, սա Շիբարղանից բարձրաստիճան պաշտոնյայի խոսքն է, որը ցանկացել է, որ իր անունը չհրապարակվի:

Միացյալ Նահանգներն ու Բրիտանիան իրենց քաղաքացիներին վտանգավոր իրավիճակի պատճառով կոչ են արել հնարավորինս շուտ լքել Աֆղանստանը: Ամերիկյան իշխանությունները վարկեր են առաջարկել այն հայրենակիցներին, ովքեր չեն կարող վճարել առևտրային չվերթերով Միացյալ Նահանգներ հասնելու համար:

«ԱՄՆ-ի դեսպանատունը կոչ է անում ԱՄՆ-ի քաղաքացիներին անհապաղ լքել Աֆղանստանը` օգտվելով հասանելի կոմերցիոն չվերթներից,- նշված է Քաբուլում ԱՄՆ-ի դեսպանատան հայտարարության մեջ:- Հաշվի առնելով անվտանգության պայմանները և անձնակազմի թվի կրճատումը, Աֆղանստանում ԱՄՆ-ի քաղաքացիներին օգնելու համար դեսպանատան կարողություններն անգամ Քաբուլում չափազանց սահմանափակ են»:

Հիմա ամերիկացիները, ինչպես առնետները խորտակվող նավից, փախչում են Աֆղանստանից` այդ երկրի ժողովրդին թողնելով դժբախտության և եղբայրասպան պատերազմի մեջ: Աֆղանստանում ԱՄՆ-ի երկարատև ներկայությունը եղան ոչ թե խաղաղությունն ու կայունությունը, այլ մահը, ավերը, քաոսը… ԱՄՆ-ի քաղաքացիներին, ասենք, հաջողվեց մի կերպ ճողոպրել Աֆղանստանից, բա Աֆղանստանի և այն պետությունների քաղաքացինե՞րը, որոնք այդ երկրում ամերիկյան ներկայության ընթացքում համագործակցել են Միացյալ Նահանգների զինված ուժերի և իշխանությունների հետ… Պարզ չէ՞, թե նրանց ինչ ճակատագիր է սպասվում, ինչպես են վարվելու նրանց հետ թալիբները: Ամերիկյան քցոցին աշխարհում թերևս նմանը չունի:

 

Արթուր Հովհաննիսյան