Հունաստանում հրդեհները փոքր-ինչ նահանջել են

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ երկրում բռնկված հրդեհների հետ կապված իրավիճակը փոքր-ինչ բարելավվել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Վիճակն այսօր ավելի լավ է, քան երեկ էր: Մենք պետք է շարունակենք [հրդեհի] բոլոր օջախները մարելու և կրկնակի բռնկման վտանգը բացառելու ինտենսիվ ջանքերը»,- ասել է Միցոտակիսը Հունաստանի հրշեջ ծառայության օպերատիվ համակարգման կենտրոն կատարած այցելությունից հետո:

Հունաստանի վարչապետին այդ կենտրոնում ներկայացրել են բնական հրդեհների բռնկումից հետո երկրում ստեղծված իրավիճակը: Վարչապետը երախտագիտություն է հայտնել Հրշեջ ծառայության աշխատակիցներին, կամավորներին, հունական ոստիկանությանը և առափնյա պահպանությանը հսկայական ջանքերի համար, որոնք նրանք գործադրել են նախորդ գիշեր Իթակայի կենտրոնական շրջանում, Էվբեա կղում և Մանի թերակղզում կրակը հսկողության տակ վերցնելու համար:

Կիրիակոս Միցոտակիսը խոր ափսոսանք է հայտնել կատարվածի համար ու ևս մեկ անգամ հավաստիացրել է բոլոր տուժածներին, որ նրանց հասցված վնասի վերականգնումը լինելու է իր քաղաքական առաջնահերթությունը:

Հունաստանում արդեն ավելի քան 10 օր անոմալ շոգ է: Ջերմաստիճանը որոշ տեղերում հասել է +47-ի: Դրա հետևանքով ամեն օր ամբողջ երկրով մեկ բռնկվում են տասնյակ անտառային հրդեհներ:

Արդեն հինգերորդ օրն է՝ անտառային հրդեհներ մոլեգնում են ամբողջ Հունաստանում, իսկ հարյուրավոր մարդիկ լաստանավերով տարհանվել են մայրաքաղաքից դեպի արևելք գտնվող Էվիա կղզուց: Ավելի քան 700 հրշեջներ, այդ թվում՝ Կիպրոսից, Ֆրանսիայից և Իսրայելից օգնության եկած ուժեր, ներգրավվել են հրդեհը մարելու գործողություններին:

Կրակը տարածվում է Աթենքի արվարձաններում: «Ռոյթերս»-ն ավելի վաղ տեսանյութ էր հրապարակել.