Թուրքիայում և այլուր տարերային աղետները բնության բումերանգային պատասխանն են Սատանայի իշխանության ներքո գտնվող մարդկանց արարքների

Եվ ոչ թե Աստծո պատիժը  

 

Թուրքիայում տարերային աղետները հաջորդում են միմյանց` աննախադեպ հրդեհներ, ջրհեղեղ, երկրաշարժ… Մեզանից ոմանց կարծիքով ու նույնիսկ համոզմամբ, այնտեղ կատարվածն ու կատարվողն Աստծո պատիժն է թուրքերին ու Թուրքիային այն ամենի համար, ինչ նրանք կատարեցին մեր դեմ 44-օրյա պատերազմի ընթացքում:

Այսինքն, ըստ այդպես մտածողների, Աստված հայերիս փոխարեն, վրեժ է լուծում նրանցից: Հորինել են այդ «հեքիաթը» ու գնալով հավատում են դրան, սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածում, ավելին` նույնիսկ մի շարք ԶԼՄ-ներ են հանդես գալիս նմանաբովանդակ ու սենսացիոն վերնագրերով ուղեկցվող հրապարակումներով, դրանք սփռում ֆեյսբուքյան տասնյակ ու տասնյակ խմբերում:

Դե, կարծում ենք, պարզ է, որ խոսքը տվյալ դեպքում «բուլվարային մամուլ» կոչվածի մասին է, այդպիսի ԶԼՄ-ների համար կարևորը դիտումների ու հավանումների քանակն է և այդ քանակն ընթերցողներին գրավող, բայց իրականության հետ կապ չունեցող վերնագրերով ապահովելը: Լուրջ և պատասխանատու մամուլը չի կարող այդպես վարվել:

Բնականաբար, ԶԼՄ-ների միջև ստեղծվում են անհավասար մրցակցային պայմաններ, սակայն սա խնդրի դեռ մի կողմն է: Մեր հասարակության մի մասը (մեծ մասը, թե փոքր մասը` կդժվարանանք գնահատել) ապրել ու շարունակում է ապրել պատրանքների մեջ, ինչը և վտանգավոր է, և վնասակար, մինչդեռ նշված ԶԼՄ-ներն իրենց նմանաբնույթ հրապարակումներով նրանց էլ ավելի խորն են թաղում պատրանքների գրկում, միաժամանակ նորերին ներքաշում պատրանքների մեջ: Գործ անելու փոխարեն, գնալով դառնում ենք պատրանքներով ապրող ժողովուրդ: Անդրադառնալով պատրանքների մեջ ապրելու խնդրին, իրանագետ Վարդան Ոսկանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է .

«Հայաստանի սահմանները կպաշտպանեն ռուս սահմանապահները, իսկ Թուրքիան կկործանվի Աստծո ուղարկած գեհենական կրակում։

Վերոնշյալը պատրանքային կոմֆորտի գոտի է՝ ոչինչ չանելու համար դատարկ արդարացում, որովհետև սահմանի պաշտպանությունը բանակ է պահանջում, իսկ Թուրքիայի կործանումը՝ գոնե քրդական կառույցների հետ աշխատանք։

Աշխարհի մեր հատվածում դաշնակիցները և Աստված օգնում են նրանց, որոնք անտրտունջ պայքարում են, այլ ոչ թե հորանջելով ակնկալում, որ այդ պայքարը կմղի դաշնակիցը կամ Աստված»։

Լիովին կիսում եմ հարգարժան գիտնականի այս կարծիքը: Հավատացեք, որ տողերիս հեղինակն անհավատ չէ, հավատում է Աստծո գոյությանը, ինչպես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու յուրաքանչյուր հետևորդ: Եվ, այդուհանդերձ, կարծում եմ, որ վաղուց ժամանակն  է հրաժարվելու պատրանքներից:

Յուրաքանչյուր ողջախոհ մարդու հասկանալի է, որ կույր հավատացյալին եթե ոչ անհնար, չափազանց դժվար է համոզել, որ նա դուրս գա իր պատրանքներից, հրաժարվի դրանցից: Այնուհանդերձ, որպեսզի հասկանալի լինի, որ Թուրքիայում վերջին օրերին տեղի ունեցած, հրդեհի առումով նաև դեռ շարունակվող տարերային աղետները Աստծո պատիժը, վրեժխնդրությունը կամ դատաստանը չեն թուրքերի ու Թուրքիայի կողմից հայերիս ու Հայաստանին անցյալում և ներկայում պատճառած մարդկային ու նյութական կորուստների, տառապանքների, զրկանքների, կառաջարկեմ խորհել հետևյալ հարցերի շուրջ.

  1. Թուրքիայում հուլիսի 28-ից սկսված անտառային հրդեհների հետևանքով, երեկ հրապարակված պաշտոնական տեղեկատվության  համաձայն, զոհերի քանակը երկրում հասել է 8-ի, տուժածներինը` 864-ի: Եթե հիշյալ հրդեհները Աստծո պատիժը լինեին, Թուրքիայում զոհերի ու տուժածների քանակները գոնե համարժեք կլինեի՞ն 44-օրյա պատերազմում մեր զոհերի ու տուժածների քանակներին…
  2. Եթե այդ հրդեհներն Աստծո պատիժը լինեին, 5 օրում (հուլիսի 28-ից օգոստոսի 1), անտառային հրդեհներից ավելի քան 100-ը կկարողանայի՞ն հանգցնել… Երեկվա դրությամբ չէր հաջողվել հսկողության տակ վերցնել ընդամենը 5 հրդեհ Անթալիայում և Մուղլայում (Մուգլայում), համապատասխան հրապարակումը` այստեղ :
  3. Եթե Թուրքիայում անտառային հրդեհներն Աստծո վրեժը լինեին, կհաջողվե՞ր ընդամենը 4 օրում բացահայտել, ձերբակալել  Թուրքիայում անտառներ հրկիզելու մեջ կասկածվողին…
  4. Թուրքիայում անտառային հրդեհներից առաջ բազմաթիվ անտառային հրդեհներ են եղել, հիշենք անցյալ ու նախորդած տարիներին անտառային խոշոր ու հսկայական վնասներ պատճառած հրդեհները Բրազիլիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, Ռուսաստանում, եվրոպական մի շարք երկրներում: Դրա՞նք էլ էին Աստծո պատիժը… Մի շտապեք «այո» պատասխանել, դրանից առաջ լավ մտածեք, նկատի ունեցեք, որ այդ հրդեհների հետևանքով ոչնչացավ հրաշագեղ բնություն, մոլորակի կանաչ թոքերի ահռելի մասն ու միլիոնավոր անմեղ կենդանիներ, անտառային էկոհամակարգեր ոչնչացան, էլ ավելի վատացավ Երկիր մոլորակի էկոլոգիական իրավիճակը:

Եթե Աստված ցանկանար մարդկանց այդ երկրներում պատժել, պատժելու հազար ու մի ձև կգտներ ու կպատժեր, առանց բնությանը վնաս տալու, առանց բուսական ու կենդանական աշխարհի մի հսկայական մասի ոչնչացման: Ի՞նչ է, հրդեհվող անտառում ողջ-ողջ խորովվող եղնիկներն ու մյուս կենդանիներն Աստծո գութը չէի՞ն շարժելու… Համարենք, որ այդ երկրների ժողովուրդները մեղավոր էին, կենդանիների մեղքը ո՞րն էր…

  1. Եթե հիշում եք, մի քանի տարի առաջ խոշոր ու մեծ վնասներ պատճառած անտառային հրդեհ եղավ նաև Հայաստանում, պետական արգելոցի կարգավիճակ ունեցող Խոսրովի անտառում, դա՞ էլ էր Աստծո վրեժը կամ պատիժը, ասենք, 90-ականների սկզբին Ադրբեջանից մեր հայրենիքի մի մասն ազատագրելու համա՞ր էր պատժում…
  2. Այսօր հայտնի դարձավ, որ անտառային ուժեղ հրդեհ է բռնկվել Հունաստանի Հռոդոս կղզում , Աստված հիմա էլ սկսեց հույների՞ն պատժել… Ասենք, թուրքերին կամ Թուրքիային ինչ-որ վնաս էի՞ն տվել, թուրքերը բաղձանք ունեին, որ Հունաստանը պատժվեր, ու նրանց բաղձանքը հասա՞վ Ալլահին…
  3. Եթե Թուրքիայի արևելքում օրերս տեղի ունեցած ջրհեղեղն  Աստծո պատիժն էր, ինչո՞ւ ջրհեղեղի զոհ դարձան միայն այծերն ու ոչխարները…
  4. Եթե Թուրքիայի հարավ-արևմտյան ափին օգոստոսի 1-ի վաղ առավոտյան 5,5 մագնիտուդ ուժգնությամբ (մոտ 7 բալ) երկրաշարժն Աստծո պատիժն էր, ինչո՞ւ զոհերի և ավերածությունների մասին նույնիսկ մինչև հիմա տեղեկություններ չկան:
  5. Հայաստանում 1988-ի երկրաշա՞րժն էլ էր Աստծո պատիժը…

Ոմանք տուրք տալով սնոտիապաշտությանը, Թուրքիայում հուլիսի 31-ին երկնաքարի ընկնելը  նույնիսկ համարեցին Աստծո պատիժ` այն դեպքում, երբ այն որևէ ավերածություն չի առաջացրել, չի հանգեցրել մարդկային զոհերի, բացի այդ, երկնաքարեր ընկնում են աշխարհի ամենատարբեր երկրներում:

Տարերային աղետներ աշխարհում նախկինում էլ են եղել, բայց վերջին շրջանում դրանց գնալով ավելի և ավելի հաճախակիանալը, սաստկանալը, անսովոր բնույթ ստանալը ոչ թե Աստծո պատիժն են մարդուն, այլ Սատանայի ու նրա արբանյակների իշխանության ներքո գտնվող մարդկանց, բազմաթիվ երկրների ղեկավարների տգիտության, անխոհեմ վարքի, եսամոլության, ագահության, չարության, բնության գործերին միջամտելու ու բնությունը վնասելու, մոլորակին ու բնությանը հարվածելու, երկրի էկոլոգիական իրավիճակն էապես խաթարելու բումերանգային պատասխանն են այդ նույն մոլորակի ու բնության կողմից:

Անդրադառնալով Թուրքիայում, Հունաստանում, Յակուտիայում և այլ վայրերում բռնկված ու շարունակվող անտառային հրդեհներին, նշենք, որ դրանց հիմնական պատճառը կլիմայի գլոբալ տաքացման հետևանքով անոմալ շոգ եղանակներն են:

Թուրքիայում, կարծում ենք, օգտվելով արդեն իսկ բռնկված հրդեհների առկայության հանգամանքից, Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK)-ի ենթախումբը հանդիսացող «Կրшկի երեխաներ» կազմակերպությունն է վնասելու դիտավորությամբ այլ վայրերում հրկիզել անտառները, հավանաբար մտածելով, որ իր գործողությունները ստեղծված իրավիճակում, հրդեհների ընդհանուր համապատկերում չեն նկատվի: Էրդողանի կողմից հրկիզողներից մեկի ձերբակալության մասին հայտնելուց հետո, կազմակերպությունը ստանձնեց Թուրքիայում բռնկված հրդեհների պատասխանատվությունը:

 

Արթուր Հովհաննիսյան