Այսօրվա զոհերի, վիրավորների ծնողներ, մերձավորներ, ձեր տղաների արյունը Նիկոլից պահանջեք

ՀՀ գերագույն գլխավոր դավաճանի ասած ապագան այսօր Գեղարքունիքում տեսաք, վաղը կտեսնեք Սյունիքում, Երասխում կամ Տավուշում

 

Սա նաև հերթական հրապարակային հաղորդումն է հանցագործության մասին:

Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության համապատասխան պաշտոնյաների կողմից պետական դավաճանությունը, ինչպես ավելի վաղ գրել ենք, չի սահմանափակվում սոսկ 2020թ. կատարվածով, այն շարունակվող (սողացող) բնույթ ունի: Հետևաբար հենց այդ համատեքստում պետք է դիտարկել ու գնահատել Գեղարքունիքի մարզում հուլիսի 28-ին, ժամը 03:30-ից ադրբեջանական զորախմբի ձեռնարկած և այսօր առավոտյան շարունակված հարձակումն ու դրա հետևանքները~ 3 զոհ և 5 վիրավոր, որոնցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր, մյուսինը` միջին ծանրության

Տվյալ պարագայում պետական դավաճանությունն արտահայտվում է նաև`

  1. Ս. թ. մայիսի 12-ից Սյունիքի մարզում (Գորիսում ու Սիսիանում, Մեծ Իշխանասարի վրա, Սև լճի տարածքում և այլուր) և Գեղարքունիքի մարզում (Վերին Շորժայի մոտ), այսինքն` երեք ուղղությամբ ՀՀ տարածք ադրբեջանական զորախմբերի ներխուժումը չկանխելով:
  2. Հետագայում վերոնշյալ վայրերում թշնամու կողմից իր զինծառայողների քանակի ու նրանց սպառազինության համալրում, ինժեներական աշխատանքների կատարում, համապատասխան տեխնիկայի օգտագործում, դիրքերի կառուցում և ամրապնդում թույլ տալով:
  3. Թշնամու կողմից հիշյալ մարզերում ՀՀ տարածքային ամբողջականության խախտումն ու տվյալ վայրերում ինքնիշխանության (գերակայության) կորուստը ոչ միայն թույլ տալով, այլև ձևական, շինծու, անհեթեթ, որևէ քննության ու քննադատության չդիմացող պատճառաբանություններով, հասարակության գիտակցության շարունակական մանիպուլյացիաներով առ այս պահը հանդուրժելով:

Ի՞նչ է նշանակում ՀՀ գերագույն գլխավոր դավաճանի պատճառաբանությունը, թե հո Սև լճի 30 տոկոսի կամ Մեծ Իշխանասարի համար Ադրբեջանին պատերազմ չե՞նք հայտարարելու… Իսկ ո՞վ է ասում, թե պետք է պատերազմ հայտարարենք… ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը, «ՀՀ պաշտպանության նախարարություն» կոչված «կանտորան», ՀՀ վարչապետի (այժմ` պաշտոնակատարի) պաշտոնը զբաղեցնողը պարզապես պարտավոր էին ու պարտավոր են, առանց Ադրբեջանին պատերազմ հայտարարելու, իրենց պարտականությունները կատարել` ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության խախտում թույլ չտալու, առկա խախտումը վերացնելու, Հայաստանի Հանրապետության պատշաճ պաշտպանության առումներով, ինչը դավաճանաբար չեն կատարել ու չեն կատարում:

Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում թշնամական զորախմբերի անդամները պետք է արդեն իսկ գերավարված, կալանավորված լինեին, կամ ՀՀ տարածքից դուրս շպրտված, կամ ոչնչացված. սա անվիճելի է: Իրեն հարգող ցանկացած պետություն կվարվեր այդպես` հարկ եղած դեպքում հրթիռային, հրետանային ճշգրիտ համակարգերի, ռազմական ավիացիայի կիրառմամբ: Պատկերացրեք, թե ինչպես կվարվեր, օրինակ, Իսրայելը, եթե պաղեստինցիները մտնեին նրա տարածք, ինչպես կվարվեր Թուրքիան, եթե Հայաստանի զորախմբերը մտնեին Թուրքիայի, կամ Հունաստանի զորախմբերը մտնեին Հյուսիսային Կիպրոսի տարածք:

ՀՀ գերագույն գլխավոր դավաճանն իր դավաճանական հանցախմբի հետ միասին փաստորեն ոտնձգել է ոչ միայն ՀՀ ազգային անվտանգության, այլև Հայաստանի ու յուրաքանչյուր հայի արժանապատվության դեմ: Ի դեպ, այսօր տեղի ունեցածը Գեղարքունիքի մարզում թշնամու հարձակման առաջին դեպքը չէ, և եթե նախորդ դեպքերն արժանի ու ջախջախիչ հակահարված ստանային, թշնամու այսօրվա հարձակումն ու զոհերը չէին լինի:

Վերոնշյալ պետական դավաճանության հետևանքով է նաև, որ Ադրբեջանն արդեն վերահսկողություն ունի Սև լճի տարածքի արդեն 90 տոկոսի նկատմամբ, իր ձեռքբերումներից ոգևորված, սադրանքի դիմեց ու սադրանքները նույնիսկ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների և ականանետերի կիրառմամբ շարունակեց հայ-ադրբեջանական սահմանի Երասխ- Սադարակ (Նախիջևան) հատվածում (հետևանքը` զոհ, վիրավոր, հրդեհ, Երասխից ու մոտակա բնակավայրից բնակչության տեղափոխում…):

Վերոնշյալ պետական դավաճանության հետևանքով է, որ թշնամին հասնելով Մեծ Իշխանասարին` Իշխանասար լեռնազանգվածի ամենաբարձր գագաթին (3549 մ) ու հաստատվելով այնտեղ, արդեն իսկ վերահսկողություն է ձեռք բերել Գորիս քաղաքի, Ակներ, Հարթաշեն, Խնածախ, Վաղատին, Նորավան, Որոտան գյուղերի, ռազմավարական նշանակության Գորիս-Սիսիան մայրուղու, ինչպես նաև Սիսիանի օդանավակայանի նկատմամբ: ՀՀ գերագույն գլխավոր դավաճան Նիկոլն ու նրա իշխանության համապատասխան պաշտոնյաները չէին կարող չիմանալ ու չհասկանալ այս ամենն ու դրա հետևանքները…

Եվ, ինչպես արդեն նշեցինք, վերոնշյալ պետական դավաճանության հետևանքով է Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Գեղամասար համայնքների վարչական տարածքներում գտնվող Վերին Շորժա և Սոթք բնակավայրերի սահմանային հատվածում անցյալ գիշեր և այսօր առավոտյան կատարվածը: Այն, ինչ կատարվել է, մեր կորուստների առումով ցավալի և ողբերգական լինելով հանդերձ, միաժամանակ արդարացի է: Արդարացի, քանի որ ՀՀ զինված ուժերն էին պարտավոր նախահարձակ լինել ՀՀ տարածք ներխուժած, մեր պետության տարածքի մի մասն օկուպացրած, այստեղ` մեր երկրում գտնվող ադրբեջանական զորախմբերի վրա, թշնամու զինծառայողներին կամ գերեվարել, կամ քշել ՀՀ տարածքից դուրս, կամ ոչնչացնել:

Սակայն քանի որ մերոնք այդպես չեն վարվել, քանի որ այդպես վարվելու հրաման չեն ստացել դավաճանական քաղաքականությունը շարունակող ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության կողմից, մեր հողում գտնվող թշնամին է նախահարձակ եղել մեր զինծառայողների վրա: Փոխանակ մենք մեր տարածքում իրենց դիրքը կամ դիրքերը գրավելու, իրենք են մեր տարածքում գտնվելով, մեր դիրքը գրավել (թեկուզ ժամանակավորապես), ու հեշտությամբ չէ, որ հետ ենք վերցրել այն… Փոխանակ մենք իրենց զոհեր ու վիրավորումներ պատճառելու, իրենք են մեզ պատճառել…

Բնականաբար, հարց է առաջանում` ինչո՞ւ ռազմական բախման հետևանքով մենք 3 զոհ, 4 վիրավոր ունենք, իսկ ադրբեջանական կողմից որևէ զոհ կամ վիրավոր, համենայն դեպս, այդ մասին որևէ որոշակի տեղեկություն չկա: Այսպես կարող է լինել միայն բախման հատվածում թշնամու կամ թվական, կամ զինական, կամ դիրքային առավելության, կամ մարտական գերազանցող պատրաստվածության, կամ մեր զորքի այնտեղ գտնվող ստորաբաժանումների վատ կառավարման հետևանքով (հնարավոր է նաև այս բոլոր պատճառների կամ դրանցից մեկից ավելիի միաժամանակյա առկայության հետևանքով):

Ընդհանրապես, մայիսի 12-ից հետո սկսված բախումների արդյունքում զոհերն ու վիրավորներն առավելապես մեր կողմից են, եթե, իհարկե, ընդունենք, որ ադրբեջանական կողմն, ընդհանրապես, զինծառայողի որևէ կորուստ կամ վիրավորում ունեցել է: Մինչդեռ նշված վիճակն անբնական է, քանի որ թշնամու սահմանափակ թվաքանակով, ՀՀ-ում մեր զինծառայողներին իրենց թվակազմով մեծապես զիջող զորախմբերն են գտնվում Հայաստանի տարածքում, և ոչ թե մեր սահմանափակ թվաքանակով զորախմբերը` Ադրբեջանի տարածքում, որտեղ, բնականաբար, գերազանցությունը թշնամունը կլիներ:

Կարո՞ղ ենք ենթադրել, որ Սյունիքում, Գեղարքունիքում, Երասխում թշնամու զորախմբերի դեմ կանգնած մեր մարտական ստորաբաժանումները շարունակվող պետական դավաճանության արդյունքում զիջում են նրանց իրենց թվակազմով կամ (և) զինվածությամբ, կամ բավականաչափ չեն գերազանցում, ու զոհերի և վիրավորների հիմնականում հայկական կողմից լինելը հենց դրա հետևանքն է… Եթե ոչ, ապա «ՀՀ պաշտպանության նախարարություն» կոչված «կանտորան» թող պարզաբանի մեր զոհերի ու վիրավորների թվաքանակի գերազանցության պատճառը (պատճառները), միայն թե «հեքիաթ» չպատմի, թե Ադրբեջանը թաքցնում է իր զինծառայողների զոհված, վիրավորված լինելը (բա այդ դեպքում մեր ռազմական հետախուզությունն ինչո՞վ է զբաղված…):

Նույն «կանտորայից» կամ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբից կարո՞ղ է որևէ մեկը պատասխանել, բացատրել, թե ինչո՞ւ չոչնչացվեցին կամ ՌԷՊ-ի միջոցներով չորսվեցին, մեր տարածքում չիջեցվեցին Երասխի հատվածում օրերս ՀՀ օդային տարածք ներխուժած կամ մեր սահմանին մոտեցող թշնամու երկու ԱԹՍ-ները, ինչու միայն մեր ուղղությամբ նրանց հետագա թռիչքը կասեցվեց ու թույլ տրվեց հեռանալ: Մի թե այս փաստը նույնպես չպետք է դիտարկել Ալիև- Փաշինյան գաղտնի պայմանավորվածությունների, գործակցության, վերոնշյալ պետական դավաճանության համատեքստում ու բացատրել հե՛նց դրանով: Դե՛ պատասխանեք…

 

Արթուր Հովհաննիսյան