Այդ դեպքում առավել ամբողջականորեն կբացահայտվեին Նիկոլի ու նրա իշխանության պետական դավաճանության հրեշավոր հետևանքները

Ինչու է ՊՆ կոչվածը մերժել տեղեկատվության տրամադրումը և ինչու է լռում

 

Պատերազմում ժողովուրդն է տալիս իր զոհերը, իր զավակների կյանքը, բայց երբ ԶԼՄ-ների միջոցով ուզում է իմանալ, երբ ԶԼՄ-ներն են ցանկանում իմանալ ու ժողովրդին տեղեկացնել, թե քանի զոհ ենք ունեցել, նրանցից քանիսն են հուղարկավորվել, քանիսն են եղել ժամկետային զինծառայող, քանիսը պահեստազորային, քանիսը կամավոր, մեր զինծառայողներից քանիսն են անհետ կորել, «ՀՀ պաշտպանության նախարարություն» կոչված «կանտորայից» հրաժարվում են պատասխանել` տեղեկատվության մերժումը պատճառաբանելով, թե այդ տեղեկությունները պետական գաղտնիք են, ֆլան-ֆստան…

Ի՞նչ պետական գաղտնիք… ՊՆ կոչվածում պետական գաղտնիքի մասին իբր այդքան մտածողները մոռացե՞լ են 44-օրյա պատերազմի թեժ օրերին Արծրուն Հովհաննիսյանի հրապարակած պետական գաղտնիքները… ՀՀ գերագույն գլխավոր դավաճան Նիկոլ Փաշինյանի հրապարակած պետական գաղտնիքները… Հը՞, ՊՆ կոչվածի պարոնայք ու գուցե նաև տիկնայք, եթե դրանք մոռացել եք, ձայն- ծպտուն հանեք, կհիշեցնենք մեկ առ մեկ ու փաստերով:

Կարծում ենք, շատերին է հասկանալի, թե ՊՆ կոչվածն ինչու է վերոնշյալ տեղեկությունները թաքցնում: Այդ տեղեկությունների տրամադրման ու հրապարակման դեպքում առավել ամբողջականորեն կբացահայտվեին Նիկոլի ու նրա իշխանության պետական դավաճանության հրեշավոր հետևանքները` զոհերի և անհետ կորածների իրական թվաքանակները:

Զոհերի ու հուղարկավորվածների թվաքանակների հնարավոր տարբերությունը կբացահայտեր, թե զոհերից քանիսն են մինչև այժմ պարկերի մեջ մտցված ինչ-որ սառնարաններում կամ ոչ սառնարանային պայմաններում նեխում, քայքայվում, իսկ ժամկետային զինծառայողների, պահեստազորայինների, կամավորների շարքերում զոհերի հարաբերակցությունը, թերևս այլ տեղեկությունների համադրությամբ, կարող էր շատ հետաքրքիր պատկեր բացահայտել ու լրացուցիչ հիմնավորումներից մեկը լինել թույլ տրված պետական դավաճանության:

Hetq.am-ը երեկ իր «Մերժում 47 օր անց. զոհված անձանց և անհետ կորածների վերաբերյալ տեղեկատվությունը պետական գաղտնիք է» վերտառությամբ հրապարակմամբ ( տեղեկացրեց.

«ՀՀ պաշտպանության նախարարության համար պետական գաղտնիք են «2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախում սանձազերծված պատերազմի հետևանքով զոհված, հուղարկավորված անձանց, վերջիններիս ազգային պատկանելիության, զոհվածների՝ զինծառայող, պահեստազորային, կամավոր լինելու, ինչպես նաև անհետ կորած անձանց վերաբերյալ թվային տեղեկությունները: ՊՆ-ից 47 օր է պահանջվել, որպեսզի մերժի տրամադրել վերը նշված տեղեկությունները՝ պատճառաբանելով, թե այն պարունակում է պետական գաղտնիք, ինչպես նաև պաշտպանվում է Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքով, իսկ պահանջվող տեղեկատվությունը գաղտնագրված է դեռևս 2015թ. պաշտպանության նախարարի հրամանով»:

Նկատենք, որ ՊՆ կոչվածն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքը փաստորեն մեկնաբանել է այնպես, ինչպես ցանկացել է: ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի համաձայն, «կարծիքի ազատ արտահայտման իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը»:

«ՊՆ-ից հարցումը ստանալուց հետո տեղեկացրել են, որ «հարցման մեջ նշված տեղեկությունները տրամադրելու համար լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն կա: Ըստ այդմ` հարցման պատասխանը կտրամադրվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում»: Մինչ պատասխան ուղարկելը, նախարարության աշխատակիցը զանգահարել է լրագրողին և հարցման վերաբերյալ մի քանի ճշգրտող հարց տվել՝ խոստանալով 1-2 օրվա ընթացքում տրամադրել տեղեկատվությունը: Հարցումը ստանալուց 47 օր անց (էլեկտրոնային հասցեին պատասխանն ուղարկվել է 24.07.2021թ.) նախարարությունից պատասխանել են, թե տեղեկատվության պահանջը մերժվում է»,- գրել է Hetq.am-ը:

Հարցմանը պատասխանելու համար «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով սահմանված ժամկետը 30 օրն է, հետևաբար հարցումը ստանալուց 47 օր հետո պատասխանելով, ՊՆ կոչվածը թույլ է տվել օրենքի նշված պահանջի խախտում:

Օրերս մեր «Արծրուն Հովհաննիսյանը գնաց, բայց լրատվության ասպարեզում ՊՆ կոչվածի խայտառակ գործելակերպը մնաց» հրապարակմամբ  նույնպես անդրադարձել էինք լրատվության ասպարեզում «ՀՀ պաշտպանության նախարարություն» կոչված «կանտորայի» խայտառակ գործելակերպին, որը շարունակվում է նաև ՊՆ կոչվածից Արծրուն Հովհաննիսյանի հեռանալուց հետո: Այլ փաստեր ևս վկայում են այդ մասին:

Ահավասիկ. Ադրբեջանի զինված ուժերը ոչ միայն հուլիսի 19-ի երեկոյան, ժամը 18:40-ից սկսած են մի քանի ժամ շարունակ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը, պարբերաբար կիրառել նաև ականանետեր, նույն վայրում հայկական դիրքերի գնդակոծումը շարունակել են ոչ միայն հուլիսի 20-ի գիշերը, մինչև ժամը 02։00-ն, այլև կրակը շարունակել են հուլիսի 20-ի վաղ առավոտյան, փորձել են տեխնիկայի շարժ իրականացնել, սակայն չեն կարողացել:

Հայ դիրքապահները մի քանի կողմերից ճնշել են ադրբեջանական զինծառայողների սադրիչ գործողությունները ու պատասխան կրակ վարել, ծավալվել է ինտենսիվ փոխհրաձգություն: Այսինքն` իրադրությունը շարունակել է լարված մնալ ոչ միայն հուլիսի 19-ի երեկոյան և հուլիսի 20-ի գիշերվա, այլև առավոտվա դրությամբ: Սակայն, ՊՆ կոչվածն իր պաշտոնական կայքում Երասխի հատվածում կատարվածի առնչությամբ հուլիսի 20-ին հրապարակած զույգ հաղորդագրություններից (համապատասխան հղումները` https://www.mil.am/hy/news/9668 և https://www.mil.am/hy/news/9669) ոչ մեկում այդ օրը վաղ առավոտյան ծավալված փոխհրաձգության, թշնամու տեխնիկայի շարժի փորձի մասին որևէ կերպ չի հայտնել:

Ավելին. ՊՆ կոչվածը շարունակելով ցուցաբերել անպատասխանատու մոտեցում և անտեսելով հանրությանն իրազեկելու իր պարտականությունը, Երասխի սահմանային հատվածում հուլիսի 19-ից սրված իրավիճակի մասին իր պաշտոնական կայքում երեք օր շարունակ` հուլիսի 21-ին, 22-ին և 23-ին, մեկ բառով անգամ տեղեկություն չի հրապարակել` չնայած Հայաստանի Հանրապետության, Արցախի ու Սփյուռքի բոլոր գիտակից հայերին թերևս առաջնահերթորեն հետաքրքրում էր հենց դա, այսինքն` իրավիճակը մայրաքաղաք Երևանից ընդամենը մոտ 60 կմ հեռու:

Ադրբեջանի զինված ուժերը հուլիսի 23-ին կրակ են բացել ոչ միայն հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ (դա, ՊՆ կոչվածի հաղորդագրության  համաձայն, տեղի է ունեցել 17։00-ի սահմաններում):

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տեղեկացմամբ , ադրբեջանական զինված ուժերը հուլիսի 23-ին, ժամը մոտ 20։00-ից մինչև 00։30-ը ընկած հատվածում տարբեր տրամաչափի զենքերից ինտենսիվ կրակել են նաև սարատեղի կոչվող բնակավայրի ուղղությամբ։ Թշնամու զինուժի կրակը շարունակվել է նաև հուլիսի 24-ին, առավոտյան ժամը 11։30-ից մինչև 12։00-ի սահմաններում։ Սակայն ՊՆ կոչվածն այս մասին ևս իր պաշտոնական կայքում որևէ տեղեկատվություն չի հրապարակել թե հուլիսի 23-ին, թե դրանից հետո: Իսկ գիտե՞ք ինչու…

Այն պարզ պատճառով, որ վերոնշյալ տեղեկատվության հրապարակման դեպքում ավելի կընդգծվեին ՀՀ գերագույն գլխավոր դավաճանի ու նրա իշխանության համապատասխան պաշտոնյաների պետական դավաճանության, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ու ՊՆ կոչվածի հանցավոր անգործության հետևանքները: Մասնավորապես` այն, որ, ինչպես ՄԻՊ-ի հրապարակած վերոնշյալ տեղեկատվության մեջ է նշված, «Վերին Շորժա գյուղի սարատեղի բնակավայրի տները 2021թ. մայիսի 12-ից հայտնվել են ադրբեջանական զինված ուժերի ուղիղ թիրախում այն պահից, երբ նրանք անօրինական (նաև` առանց ՀՀ ԶՈւ որևէ դիմադրության հանդիպելու.- Ա.Հ.) ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք։ Ավելին, նրանք տեղակայված են քաղաքացիական տներից մոտ 150մ հեռավորությամբ»:

Բացի վերոնշյալից, կընդգծվեր նաև ադրբեջանական զորախմբերին Հայաստանի ինքնիշխան տարածքից դուրս քշելու ու մեր պետության տարածքային ամբողջականությունն ապահովելու առումով ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի, ՊՆ կոչվածի և ՀՀ գերագույն գլխավոր դավաճանի հանցավոր անգործությունը: Ահա թե ինչու են լռել:

 

Արթուր Հովհաննիսյան