Արծրուն Հովհաննիսյանը գնաց, բայց լրատվության ասպարեզում ՊՆ կոչվածի խայտառակ գործելակերպը մնաց

Մի՞ թե գործ չունենք գիտակցված ինքնավարկաբեկման հետ` հեռահար ու վտանգավոր նպատակով

 

Արծրուն Հովհաննիսյանը գնաց, բայց լրատվության ասպարեզում «ՀՀ պաշտպանության նախարարություն» կոչված «կանտորայի» խայտառակ գործելակերպը մնաց:

Գործելակերպ, որը հատկանշվում է լռելով, ժողովրդից իրականությունը թաքցնելով, իսկ տեղեկատվություն հաղորդելիս էլ հաճախ ստելով, կեղծելով: ՀՀ գերագույն գլխավոր դավաճանի, ստախոսի ու կեղծարարի իշխանությունից այլ բան հնարավոր էլ չէ ակնկալել, այդ իշխանության բազմաթիվ պաշտոնյաներ վարվում են ճիշտ նույն կերպ` դավաճանում են, ստում, կեղծում, մոլորեցնում հանրության միամիտ հատվածին, միայն թե համեմատաբար փոքր մասշտաբներով, քան գերագույն գլխավորը…

Մեկ անգամ չէ, որ անդրադարձել ենք ՊՆ կոչվածի հրապարակած ստերին, կեղծ լրատվությանը, մի «կանտորայի», որը, որքան էլ զավեշտական է, ինքն է հանդես գալիս չստուգված, իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն չհրապարակելու` լրագրողներին ու ԶԼՄ-ներին ուղղված կոչերով: ՊՆ կոչվածը հերթական կեղծ լրատվությունը  հրապարակեց երեկ` հուլիսի 23-ին: Ներկայացնում ենք ՊՆ կոչվածի պաշտոնական հաղորդագրությունն ամբողջությամբ և ընդգծելով կեղծիք արտահայտող հատվածները.

«Հուլիսի 23-ին, ժամը 17։00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Դրան նախորդել են կրակահերթեր հենց իրենց՝ ադրբեջանական մարտական հենակետերում, ինչը կարող է պայմանավորված լինել ադրբեջանցի զինվորականների միջև տեղի ունեցած՝ միջանձնային բնույթ կրող միջադեպով։ Դրա մասին է խոսում նաև փաստը, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն իր հաղորդագրության մեջ նշում է, թե հայկական կողմի բացած կրակից հետո ադրբեջանցի զինվորական է զոհվել։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հակազդող գործողությունների չի դիմել մինչև այն պահը, երբ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ դիրքապահների ուղղությամբ։

Ադրբեջանական կողմի հերթական սադրանքի արդյունքում սկսված ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հրազենային թեթև վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ 3 զինծառայող։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը խստիվ դատապարտում է Ադրբեջանի զինված ուժերի հերթական սադրանքը։ Իրադրության սրման ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա»:

ՊՆ կոչվածի վերոնշյալ կեղծիքն այսօր, ըստ էության, հերքեց ՀՀ քննչական կոմիտեն (հավանաբար ստիպված էր հերքել վիրավորված զինծառայողներից մեկի ընտանիքի անդամների, մերձավորների պահանջով):

Համաձայն «Փաստինֆո» գործակալության հրապարակման , ՀՀ քննչական կոմիտեի տեղեկացմամբ, «2021թ. Հուլիսի 23-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի վարչական տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական հենակետում հերթապահություն իրականացնելիս, հակառակորդի հետ փոխհրաձգության հետևանքով, հրազենային մարմնական վնասվածքներ են ստացել պարտադիր ժամկետային զինծառայող Արման Գուրգենի Աթասյանը, պայմանագրային զինծառայողներ՝ Լեռնիկ Հենրիկի Նավոյանը և Յուրիկ Աշոտի Օհանյանը:

Վերջիններս տեղափոխվել են Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ, որտեղ Ա.Աթասյանի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ և 13-րդ կետերով:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է» (ընդգծումը` մերը):

ՀՀ քննչական կոմիտեն այսպիսով բացահայտել է, որ ՊՆ կոչվածը կեղծ տեղեկատվություն է հրապարակել և իրականությունը թաքցրել հանրությունից, այսինքն` պարտադիր ժամկետային զինծառայող Արման Գուրգենի Աթասյանը ստացել է հրազենային ոչ թե թեթև, այլ ծանր վիրավորում, և ոչ թե նրա կյանքին վտանգ չի սպառնում, այլ նրա վիճակը մասնագետների կողմից գնահատվել է ծայրահեղ ծանր:

Այն, որ պետական մի մարմինը, ըստ էության, հերքում է մյուսի հաղորդագրությունը, «թավշյա հեղափոխություն» կոչվածից հետո առաջին դեպքը չէ, և ՀՀ գերագույն գլխավոր դավաճանի պաշտոնավարման ընթացքում նմանաբնույթ խայտառակ դեպքերի հավանաբար դեռ էլի ականատես կլինենք: Այն, որ «թավշյաների» (հիմա` «պողպատյա մանդատով չագուչօղլիների») իշխանության գալուց հետո պետությունը ձեռքից գնացել է, պետություն չկա, պետություն չունենք, պետության խրտվիլակն է կամ մուլյաժը, նույնպես նորություն չէ:

Եվ, այնուհանդերձ, փորձենք հասկանալ, թե որն է ՊՆ կոչվածի վերոնշյալ կեղծիքի նպատակը` արդյոք ժողովրդից թաքցնե՞լը, որ կողմերի միջև երեկվա փոխհրաձգությունը հայկական կողմի համար ունեցել է հերթական ծանր հետևանքը, որպեսզի ՀՀ գերագույն գլխավոր դավաճանի իշխանությունը չարժանանա հասարակության չզոմբիացված հատվածի մեղադրանքին Գեղարքունիքում ու Սյունիքում ստեղծված և առկա իրավիճակի առնչությամբ: Թե՞ տվյալ կեղծիքն ունի նաև այլ` թաքուն, խորքային, մակերեսին չերևացող ու վտանգավոր նպատակ:

Առաջին բացատրությունն այնքան էլ խելքին մոտ չէ, քանի որ, ինչպես ասում են, գողինն ու բոզինը 40 օր է, նույնն էլ կեղծիքի պարագայում է, այն ասեղի պես բան է, պարկում չես թաքցնի: Զինվորի վիրավորման աստիճանն այն բանը չէ, որ հնարավոր լինի թաքցնել ու նպատակը դա լիներ, միևնույն է, ճշմարտությունը մերձավորներից մեկնումեկից դուրս կգար, լրագրողները կիմանային, կգրեին… Բացի այդ, ՀՀ գերագույն գլխավոր դավաճանի իշխանությունը վաղուց է ապացուցել, որ հանրային կարծիքն իր համար որևէ նշանակություն չունի (թքես դավաճանին ծառայող իշխանավորներից շատերի երեսներին, կասեն անձրև է գալիս), և արհամարհել է իրեն ուղղված մեղադրանքները, որքան էլ դրանք հիմնավորված են եղել:

Մի բան պարզ է և անժխտելի. եթե պետական մարմինը կեղծ տեղեկատվություն է հրապարակում ու դա բացահայտվում է, ընդ որում, պետական մեկ այլ մարմնի կողմից, կեղծիքը հրապարակած մարմինը, տվյալ դեպքում`ՊՆ կոչվածը վարկաբեկվում է, նրան այլևս չեն վստահի, չեն հավատա ոչ միայն ներսում, այլև դրսում: Սա շատ վտանգավոր վիճակ է և կարող է ունենալ շատ վտանգավոր հետևանքներ:

Եվ հիմա միանգամայն տրամաբանական է, որ ՊՆ կոչվածի հաղորդագրության այն հատվածին, որ մեր զինծառայողների վիրավորման պատճառ հանդիսացած կրակահերթերին «նախորդել են կրակահերթեր հենց իրենց՝ ադրբեջանական մարտական հենակետերում, ինչը կարող է պայմանավորված լինել ադրբեջանցի զինվորականների միջև տեղի ունեցած՝ միջանձնային բնույթ կրող միջադեպով», և որ ոչ թե մեր, այլ ադրբեջանական զինծառայողների միջև կրակահերթերի հետևանքով է ադրբեջանցի զինվորականը զոհվել, արտերկրում հավանաբար շատ քչերը կհավատան:

Նրանց գերակշիռ մասը կհավատա հենց Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությանը, ըստ որի, հայկական կողմի բացած կրակից հետո ադրբեջանցի զինվորական է զոհվել, հետևաբար կհամարի, որ իրադրության հետագա սրման ողջ պատասխանատվությունը Հայաստանինն է: Արդյոք մենք տվյալ պարագայում գործ չունե՞նք ՊՆ-ի գիտակցված ինքնավարկաբեկմամբ սողացող, շարունակվող պետական դավաճանության հետ` հենց վերոնշյալ հեռահար նպատակով… Եթե ԱԱԾ ունենայինք, անմիջապես ձեռնամուխ կլիներ այս հարցը պարզելուն:

 

Արթուր Հովհաննիսյան