NASA-ի գիտնականները նախազգուշացնում են սպասվելիք աղետների մասին

NASA-ի գիտնականները նախազգուշացնում են. Երկրի վրա աղետալի ջրհեղեղները կարող են սկսվել ավելի շուտ, քան կանխատեսում են, արդեն 2030-ականներին՝ հայտնում է Welt-ը: Հետազոտողները որպես պատճառ նշում են ոչ միայն գլոբալ տաքացումը, այլև Լուսնի ուղեծրի տատանումները, որոնք նույնպես զգալի դեր են խաղում Երկիր մոլորակում մակընթացությունների և տեղատվությունների վրա:

Ըստ գիտնականների՝ ապագայում ծովի մակարդակի բարձրացումը կենսական խնդիր կդառնա առափնյա շատ տարածքների համար: Ընդունված կանխատեսումների համաձայն՝ 2100 թ. ծովի մակարդակը կարող է բարձրանալ ավելի քան մեկ մետր:

Euronews-ի տեղեկություններով էլ՝ Գերմանիայից հետո այսօր արդեն ջրհեղեղների դեմ են պայքարում Չինաստանում: Հենան նահանգում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների պատճառով զոհվել է 25 մարդ, յոթը համարվում է անհետ կորած: 160 հազար մարդ է տարհանվել աղետի գոտուց, քաղաքներում դադարեցվել է մետրոյի աշխատանքը, գնացքները խցանվել են կայարանների միջև գտնվող թունելներում:

Գետերի վարարման և ջրամբարի ամբարտակի փլուզման պատճառով ստեղծված իրավիճակը դրդել է իշխանություններին արտակարգ իրավիճակի առաջին մակարդակ հայտարարել տարածաշրջանում: Հենանի մի քանի շրջան մնացել է առանց էլեկտրականության և ջրամատակարարման: Վատ եղանակը կշարունակվի ևս մեկ օր: