Երասխի հատվածում Ադրբեջանի համար ցանկացած դիրքային բարելավում կարող է մեզ համար անդառնալի հետևանքներ ունենալ․ Տիգրան Աբրահամյան

Հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում Ադրբեջանի համար ցանկացած դիրքային բարելավում կարող է մեզ համար անդառնալի հետևանքներ ունենալ։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց անվտանգային հարցերի փորձագետ, «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Տիգրան Աբրահամյանը։

«Հետպատերազմյան փուլում Ադրբեջանը ձեռնարկում է հնարավոր բոլոր քայլերը Հայաստանի նկատմամբ իր առավելությունն առարկայական դաշտ բերելու համար»,- ասաց Տիգրան Աբրահամյանը:

Նրա խոսքով, առաջինն արտահայտվեց նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթով, այնուհետև հունվարի 11-ին Մոսկվայում ձեռք բերված պայմանավորածությունները, այս փուլն աչքի է ընկնում Հայաստանի նկատմամբ օրակարգ բերվող նոր զիջումներով, արդյունքում Ադրբեջանն այս ճանապարհին նաև իրադրությունը զարգացնում է սահմանային լարվածության ճանապարհով:

«Մյուս կողմից այս զարգացումներն անհայտությունների մեծ համակարգ են իրենց մեջ պարունակում: Դեռևս պարզ չեն հիմնական ուղղությունները, պարզ չէ իրավիճակն այս հուն հասնելու դրդապատճառը, քանի որ Հայաստանի իշխանությունները, կարծես թե, առանձնապես դեմ էլ չէին նոր փոփոխությունների, զիջումներին: Մի փոքր արհեստականություն կա Հայաստանի իշխանությունների հայտարարություններում»,- նշեց անվտանգային հարցերի փորձագետը:

Նա փաստեց, որ Ադրբեջանը ցանկացած  իրավիճակի համար ունի սցենարային զարգացումներ, դրանցից մեկը ենթադրում էր Արցախից հետո Հայաստանի տարբեր ռազմավարական օբյեկտների նկատմամբ  վերահսկողության ապահովում, ինչը, ըստ ադրբեջանցիների, հնարավորություն է տալիս իրենց ինչպես այս փուլում, այնպես էլ գործընթացի հետագա փուլերում Հայաստանի նկատմամբ ունենալ ճնշման լծակներ և, այդ լծակներն օգտագործելով, հասնել իր պահանջածի առավելագույնին:

Տիգրան Աբրահամյանը հիշեցրեց, որ պատերազմից հետո նման կետ կա Գորիս-Կապան, Կապան-Ճակատեն հատվածում, ճանապարհի մի մասը Ադրբեջանի վերահսկողության տակ է, խոշոր երկրորդ ուղղությունը Սոթք-Խոզնավար հատվածն է, այսինքն՝ Գեղարքունիքից Սյունիք հատվածը, Սև լճի հատված, որտեղ ադրբեջանական զորքերը 2,5 ամիս  գտնվում են ՀՀ տարածքում, մի շարք ուղղություններով մինչև 2-2.5 կմ խորությամբ, վերահսկում են ինչպես ճանապարհներ, այնպես էլ ջրային պաշարներ: Իշխանասարի հատվածում ադրբեջանցիների դիրքավորումը, ըստ փորձագետի, հնարավորություն է տվել դիտարկման շատ ավելի արդյունավետ վերահսկողության տակ վերցել Սիսիան-Գորիս ճանապարհը:

«Երրորդ ուղղությունը, այդ ընդհանուր ճնշման համակարգում, դարձել է  Երասխը, որը կարևոր է Երևանը Երասխավանի միջոցով Վայոց ձորին և Սյունիքին կապելու առումով: Ամբողջ հարավային գլխավոր մայուղին անցնում է  այդտեղով: Այդ հատվածում ադրբեջանցիերի կողմից հնարավոր, հավանական ցանկացած դիրքային բարելավում կարող է մեզ համար անդառնալի հետևանքներ թողնել»,- ընդգծեց Տ. Աբրահամյանը:

«Այս փուլն աչքի է ընկնում ՀՀ-ի համար օրակարգ բերվող նոր զիջումներով։ Այս գործընթացը ցանկության, բարենպաստ պայմանների դեպքում կարող է հնարավորություն տալ Ադրբեջանին իրականացնել լայնամասշտաբ գործողություններ»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։

Անդրադառնալով այս իրավիճակում իշխանության քայլերին նա նշեց, որ հակված է կարծելու՝ իշխանությունը ստեղծված ծանր պայմաններում որևէ լուրջ միջոռացում չի իրականացնում քաղաքական, դիվանագիտական և ռազմական տեսանկյունից։

«Սա որոշակի խաղի տրամաբանության ներքո է։ Իշխանությունը հանրության շրջանում վախի մթնոլորտ ստեղծելով փորձելու է դրա հիմնավորմամբ արդարցնել իր զիջումները։ Էս մարդիկ ի վիճակի չեն ապահովելու Արցախի և ՀՀ-ի անվտանգությունը։ Նրանք արդեն քաղաքական իմաստով հրաժարվել են Արցախի անվտանգությունն ապահովելուց և անգամ ցանկության դեպքում չեն կարող ապահովել Հայաստանի անվտանգությունը»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։