Բավարիայի արևելյան շրջաններում ջրհեղեղի պատճառով արտակարգ իրավիճակ է հայտարարվել

Գերմանական Բավարիայի արևելյան շրջաններում ջրհեղեղի պատճառով արտակարգ իրավիճակ է հայտարարվել, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնում է Բավարիայի փրկարար ծառայությունը:

Արտակարգ իրավիճակի ռեժիմ է սահմանվել Բերհթեսգադեներլենդ շրջանում:

Առավել բարդ իրավիճակ է ստեղծվել Բերհթեսգադեն և Բիշոֆսվիզեն բնակավայրերում. մի շարք տներ հեղեղվել են, բնակիչներին խորհուրդ է տրվել լքել ստորին բնակելի հարկերը և դուրս չգալ փողոց:

Արևմտյան Գերմանիայում ջրհեղեղների հետևանքների մահացածների թիվը հասել է 141-ի:

Ռեյնլանդ-Պֆալցինա նահանգում աղետի զոհերի թիվը հասել է 98-ի: Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա նահանգում մահացել է առնվազն 43 մարդ: Ընդհանուր առմամբ, 670 մարդ տուժել է երկրի արևմուտքում գտնվող Ահրվեյլեր շրջանում:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հուլիսի 18-ին կայցելի երկրի արևմուտքում գտնվող աղետի գոտի: