Գորիսի քաղաքապետի դեմ ցուցմունք է տվել Քարահունջի ղեկավարը. փաստաբան

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի դեմ ցուցմունք է տվել Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը։ Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին, դատարանի բակում՝ լրագրողների հետ զրույցում ասաց Առուշանյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը։

Նշենք, որ քիչ առաջ դատարանը Գորիսի քաղաքապետին 2 ամսով կալանավորելու որոշում կայացրեց։

«Շարունակենք պայքարել, որպեսզի հասնենք արդարությանը։ Սա նախադեպը չունեցող բան է, որովհետև մի անձի հակասական ցուցմունքով կարող են մի ամբողջ համայնքի գլխատել։ Մի անձը, որը սկզբից ցուցմունքը հերքել է, օրեր անց ինչ-որ ցուցմունք է տվել»,- նշեց նա։

Հարցին՝ ո՞վ է Առուշանյանի դեմ ցուցմունք տվող անձը, փաստաբանն ասաց. «Կալանավորված, տարեց կին է եղել, Քարահունջի ղեկավարի մասին է խոսքը։ Նա սկզբից հերքել է, որ Առուշանյանը որևէ բան է ասել, օրեր անց հարցաքննել են, մի ցուցմունքով ասել է՝ այո, Առուշանյանն ասել է, որ «Հայաստան» դաշինքի օգտին քվեարկեն։ Տեղեկություններ ունենք, որ մի փեսան մի իրավապահ համակարգի աշխատակից է, մյուսը դատախազ է։ Մի բան չի եղել, որ քննիչի միջնորդության մեջ գրվածից մենք թողենք քարը քարի վրա, դատարանը գլխով համաձայնության նշաններ էր տալիս. բա էս ի՞նչ թատրոն է։ Միանգամից կցեք ՀՔԾ-ին, պրծնենք, ինչի՞ ենք գալիս այստեղ, ինչի՞ ենք այսքան խոսում, գրում, ջնջում։ Վերաքննիչում գոնե մի քիչ հույսեր ունենք»։

Հիշեցնենք, որ Գորիսի համայնքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով: Հատուկ քննչական ծառայությունը նախօրեին միջնորդություն էր ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` Առուշանյանի  նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Ա.Ա.-ն, հիշյալ դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական և խմբային շահերից ելնելով` նախապատրաստել է ծանր հանցագործություն, այն է` երկու և ավելի ընտրողի կաշառք տալը: