Ես երբեք չեմ լսել «հազարավոր սպանված հայերի» մասին արտահայտությունը․ Լապշինը պատասխանել է Հոխիկյանին

Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինն իր ֆեյսբուքյան էջում մեկնաբանել է լրագրող, մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանի հայտարարությունը այն մասին, որ Լապշինի, Նիկոլ Փաշինյանի և վերջինիս նախկին մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանի (ներկայում ՀՀ դեսպանը Կիևում) միջև 2019-ին զրույց է տեղի ունեցել, որի ընթացքում քննարկվել է Արցախի հարցը:

«Այսպիսով, 2019-ի գարնանը Նաիրի Հոխիկյանը զանգահարեց և ասաց, որ մի քանի օրից Գավառում տնտեսական ֆորում է լինելու, և ինձ հրավիրել են այնտեղ որպես հյուր: Նա ասաց, որ վարչապետ Փաշինյանն այնտեղ ներկա կլինի, և ես հնարավորություն կունենամ ծանոթանալու նրա հետ…

Ֆորումից հետո Գավառում հյուրասիրություն էր, որտեղ հանդիպեցինք ես, Նիկոլ Փաշինյանը, Վլադիմիր Կարապետյանը և Նաիրի Հոխիկյանը: Այնտեղ էլի մարդիկ կային, պարզապես նրանց չեմ ճանաչում, ամենայն հավանականությամբ՝ վարչապետի անվտանգությունը: Այս հանդիպման ընթացքում ես Նիկոլ Փաշինյանի հետ խոսեցի այն մասին, թե ինչ է ինձ հետ պատահել Ադրբեջանում՝ Արցախ կատարած իմ այցի պատճառով, ինչպես նաև Ալիևի ռեժիմի դեմ դատական գործընթացի մասին…

Նիկոլն իր կարեկցանքը հայտնեց և ասաց, որ եթե ինչ-որ բանով կարող է օգտակար լինել, ապա ես ցանկացած պահի կարող եմ դիմել իրեն: Վլադիմիր Կարապետյանը կանգնած էր կողքին և զրույցի ընթացքում ասաց, որ Հայաստանն իր պատմության մեջ դժվարին ժամանակաշրջան է ապրում, ճնշման տակ է, և շրջափակումից և տնտեսական ճգնաժամից դուրս գալու համար Արցախում փոխզիջումներն անխուսափելի են: Նա նաև ասաց, որ երկրի տնտեսության բնականոն գործունեության և շրջափակումից ու ճգնաժամից դուրս գալու համար անհրաժեշտ է բանակցություններ վարել հարևանների հետ: Նա նաև հավելեց, որ առաջիկա տարիներին իրավիճակը կարող է փոխվել, և ես պետք է հետևեմ, թե ինչ է կատարվում տարածաշրջանում, որպեսզի թրենդի մեջ լինեմ: Հետո Sputnik Արմենիան գրեց վարչապետի հետ իմ հանդիպման մասին, այսինքն՝ դա բացարձակ բացման միջոցառում էր, հրապարակային, ոչ մի գաղտնիք: Վերջ: Ուրիշ ոչինչ չկար: Մնացած ամենը, ինչ գրված է Նաիրի Հոխիկյանի հոդվածում, ինձ համար դժվար է մեկնաբանել, քանի որ այս խոսակցություններն ինձ հետ չեն վարվել…

Ես երբեք չեմ լսել «հազարավոր սպանված հայերի» մասին արտահայտությունը, և ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ էլ Վլադիմիր Կարապետյանը չեն ասել դա ինձ հետ հանդիպմանը: Ոչ ոք ինձ չի ասել, որ եթե ես չդադարեմ քննադատել Ադրբեջանին, ապա չպետք է գամ Հայաստան…

Բնականաբար, պատերազմի ժամանակ ես չգիտեի և չէի կարող իմանալ, թե ինչ է պատահելու Շուշիի հետ: Իր հոդվածում Նաիրին գրում է, որ ես դեռ հոկտեմբերին եմ իրեն ասել, որ «Շուշին կհանձնվի, հետո պատերազմը կավարտվի»: Մեր մեջ երբեք նման խոսակցություն չի եղել: Համոզված էի, որ Հայաստանը կդիմանա դրան և դրան հավատում էի մինչև վերջ, չնայած շրջապատում շատ հայ վերլուծաբաններ ասում էին. «Ամեն ինչ արդեն որոշված է, նրանք կհանձնեն Արցախը»:

Ես հարգում եմ Նաիրի Հոխիկյանին, նա տաղանդավոր լրագրող է և մեծ հայրենասեր: Ինձ համար անհասկանալի է, թե ինչով է նա առաջնորդվել, երբ հրապարակել է այս հոդվածը՝ այնտեղ նշելով իմ անունն ու խոսակցությունները, որոնց ես երբեք չեմ մասնակցել: Իրականում այն ամենը, ինչ տեղի է ունեցել մեր հանդիպման ժամանակ, գրել եմ վերևում: Ես չեմ կարող պատասխանատվություն կրել Նաիրիի այլ հայտարարությունների և գնահատում պարունակող դատողությունների համար:

Հ.Գ.

Ես չգիտեմ, թե ինչու է Նաիրին պատերազմից հետո ձայնագրել իմ և իր զրույցը, որտեղ ես ցավով ասում եմ, որ փորձում եմ հասկանալ, թե ինչ են նկատի ունեցել Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Կարապետյանը Գավառի այդ հանդիպմանը: Իմ խոսքերում գաղտնի և կոմպրոմատային ոչինչ չկա, բայց ինձ թվում է, որ դա իր կողմից այնքան էլ պատշաճ չէր: Ես հեռու եմ հայկական քաղաքականությունից, ես բլոգեր եմ և ճանապարհորդ, և կարծում եմ, որ սխալ է փորձել ինձ ներքաշել քաղաքական հաշիվների մեջ»,-եզրափակել է Լապշինը:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, Նաիրի Հոխիկյանը ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախաձեռնած բաց-դասընթաց քննարկման ժամանակ պատմել է 2019թ-ին Գավառում Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած զրույցի և Արցախի շուրջ Փաշինյանի դիրքորոշումների մասին: