Սիսիանի քաղաքապետին մեղադրանք առաջադրելու համար միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ

ԿԸՀ միջնորդություն է ներկայացվել Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու համար։ Այդ մասին այսօր «Փաստինֆոյին» տեղեկացրել է «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը՝ նշելով, որ այդպիսով Սյունիքի համայնքապետերի շղթան փակվում է, որոնց հետևից իշխանությունն ընկել է լկտիաբար ու նենգաբար։

Նրան ևս վերագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի երեք հոդված՝ պաշտոնեական դիրքի չարաշահման, ընտրողի կամքի ազատ արտահայտմանը խոչընդոտելու համար։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ արտահերթ ընտրություններից հետո հետապնդումներ են սկսվել Սյունիքի համայնքապետերի նկատմամբ, ձերբակալվել են Քաջարանի քաղաքապետը, Որոտանի, Քարահունջի համայնքապետերը, Մեղրիի նախկին համայնքապետը։ Ընդ որում, վերջինիս նկատմամբ ակնհայտ ապօրինություն է ցուցաբերվել՝ դիմակավորված անձինք նրան պառկեցրել են հենց ոստիկանության շենքի մոտ, որտեղ նա անձամբ էր գնացել իր փաստաբանի հետ։

Հակոբյանի գնահատմամբ՝ ոստիկանությունը նման ապօրինության են գնացել վարչապետ կոչեցյալին հաճոյանալու համար։

Նրա ձերբակալությունը մեծ իրարանցում է առաջացրել՝ հատկապես նկատի ունենալով, որ նա բազմազավակ հայր է, երկու պատերազմի մասնակից։

Հակոբյանը հույս է հայտնել, որ կապիկություններին վերջ կտրվի եւ Մ. Զաքարյանին ապօրինի ձերբակալությունից ազատ կարձակեն։