ՍԴ-ը քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու հարցը. օր 4-րդ․ ուղիղ

Սահմանադրական դատարանում շարունակվում է հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու միավորված գործով դատաքննությունը:

Այժմ դիմողները շարունակում են հարցեր ուղղել պատասխանողին՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին:

Երեկ ԿԸՀ-ն անդրադարձել է «Հայաստան» դաշինքի կողմից ներկայացված 109 ընտրատեղամասերում ստորագրությունների բացակայության խնդրին՝ արձանագրելով, որ նման խնդիր իսկապես եղել է, ընտրական ցուցակներն օրենքով նախատեսված ժամկետներում հրապարակվել են, բայց եղել են թերի։ Այնուհետև ԿԸՀ ներկայացուցիչը նշել է, որ սքանավորումից հետո հրապարակվել են նաև բացակայող փաստաթղթեր, որտեղ ևս կան ստորագրություններ։

Yerevan.today հաղորդմամբ, դրան ի պատասխան՝ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը նշել է, որ դրանք արդեն իսկ կասկածի տակ են դրվում, որովհետև ընտրական օրենսգրքի պահանջը խախտվել է։

«ԿԸՀ-ն ընդունել է, որ ընտրական օրենսգրքի պահանջը խախտվել է ընտրական ցուցակների պաշտոնական հրապարակման մասով։

ԿԸՀ-ն ընդունել էայն, որն կրկնվող ցուցակի էջեր են եղել թվով 9 ընտրական տեղամասերում, որոնք հայտնաբերել էր «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը և տեղեկացրեց, որ նույնիսկ այդ հարցով նյութերն ուղարկվել են դատախազություն։ Դա ևս Ընտրական Օրենսգրքով արձանագրված խախտում է, որը նաև ֆիքսվեց ՍԴ նիստի ընթացքում, այդ թվում՝ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչի կողմից ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին և ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանին հարցուպատասխանի միջոցով։

ՍԴ-ում նիստի ընթացքում ֆիքսվել է նաև, որ «Հայաստան» դաշինքի կողմից ներկայացված մեկ տվյալը, որ անձը գտնվելով Հայաստանի Հանրապետությունից դուրս, նրա փոխարեն առկա է եղել ստորագրություն, այդ թվում՝ անձնագրային տվյալներ, իրականությանը համապատասխանում էր։ ԿԸՀ-ի նախնական դիտարկումն այն էր, որ պարզապես ուրիշ անձ է նշված հատվածում ստորագրել։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ ընտրողների ռեգիստրի ցուցակը ուռճացված է, կան անձինք, որ իրոք ՀՀ-ից դուրս են, բայց շփոթմամբ, թե դիտմամբ իրենց փոխարեն հայտնվում են ստորագրություններ»,- գրում է կայքը։

Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու «Հայաստան» դաշինքի, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության, «Հայոց Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի դիմումներով գործերը ՍԴ-ում  միավորել են ու  քննում են նույն նիստում։ ՍԴից հայտնել էին, որ միավորման համար հաշվի է առնվել, որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործերը վերաբերում են նույն հարցին։
Այս գործով դատաքննությունը սկսվել է հուլիսի 9-ից։

Դատաքննության ընթացքը՝ ուղիղ եթերում