Աֆղանական բիզը սրվում է Ռուսաստանի, թերևս նաև Չինաստանի և Իրանի դեմ (տեսանյութ)

Կանդահարը գրավելուց հետո հերթը Քաբուլին է հասնելու

 

Ընդամենը մոտ կես ամիս առաջ ԱՄՆ-ի հետախուզությունը եզրակացրեց, որ Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո այդ երկրի կառավարությունը կտապալվի 6 ամսվա ընթացքում:

Աֆղանստանի կառավարությունը կարող է կորցնել երկրի վերահսկողությունը Աֆղանստանի տարածքից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո 6 ամսվա ընթացքում. այս մասին նշված է ԱՄՆ հետախուզական ծառայությունների հունիսի 3-րդ տասնօրյակում հրապարակված նոր զեկույցում, որը հիշյալ աղբյուրի վրա հղում կատարելով, ներկայացրել է «The Wall Street Journal»-ը: Միևնույն ժամանակ, ինչպես նշել է թերթը, ԱՄՆ-ի որոշ պաշտոնյաներ ասել են, որ Աֆղանստանի իշխանությունները կդիմանան ոչ ավելի, քան 3 ամիս:

Աֆղանստանի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Կանդահարի վրա (2016թ. մարդահամարի համաձայն՝ 614 000 բնակիչ) իր արմատական գաղափարախոսությամբ հայտնի «Թալիբան» ահաբեկչական կազմակերպության զինյալների երեկվա հարձակումից ու քաղաք մուտք գործելուց հետո պարզ է արդեն, որ Աֆղանստանի կառավարությունը չի դիմանա նույնիսկ 3 ամիս:

«Թալիբան» ահաբեկչական խմբավորման մարտիկները հարձակվել են Աֆղանստանի երկրորդ մարդաշատ քաղաք Քանդահարի թաղամասերից մեկի վրա»,- իր աղբյուրների վրա հղում կատարելով, տեղեկացրել է «Tolo News»-ը:

Հրապարակված տեղեկատվության համաձայն, թալիբները քաղաքում գրավել են 2 ֆորպոստ: Մարտերը տեղի են ունեցել կենտրոնական բանտի և շուկայի տարածքներում, կան զոհեր ու վիրավորներ: Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ զինյալներին ճնշելու համար լրացուցիչ ուժեր են ժամանել Կանդահար: Կանդահարը դեռ չի ընկել, բայց պարզ է, որ քաղաքի գրավումից հետո հաջորդը լինելու է մայրաքաղաք Քաբուլը:

Աֆղանստանից ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների զորքերի հիմնական մասի դուրսբերումից հետո «Թալիբան»-ը սկսել է զանգվածային հարձակումները: Աֆղանստանի տարածքի մեծ մասն արդեն, ներառյալ` Ուզբեկստանի և Տաջիկստանի հետ սահմանին գտնվող տարածքները, շատ կարճ ժամանակաընթացքում անցել է ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ:

Աֆղանական բանակի ստորաբաժանումների զինծառայողները կռվելու, դիմադրելու փոխարեն, հարյուրներով փախչելով առաջ շարժվող «Թալիբան»-ի ուժերից, մի քանի անգամ հատել են Տաջիկստանի հետ սահմանը (հուլիսի 5-ի դրությամբ նրանց քանակը Տաջիկստանում արդեն գերազանցում էր 1500-ը), մի մասն էլ, նույնիսկ ընտանիքի անդամների հետ միասին, ճողոպրել և ապաստան է գտել հարևան Իրանում:

Հարկ է ուշադրություն դարձնել, որ «Թալիբանը» բացի ռազմավարական նշանակության այլ շրջաններից, Աֆղանստանի տարածքում գրավել է աֆղանա-տաջիկական, աֆղանա-իրանական և աֆղանա-թուրքմենական սահմանի մի շարք անցակետեր` դրանով կանխելով կամ հնարավորինս նվազագույնի հասցնելով կառավարական զորքի և այլ անձանց հետագա փախուստը Տաջիկստան և Իրան, ինչպես նաև նշված պետություններից ցամաքային ճանապարհով որևէ օգնության տրամադրումն Աֆղանստանի կառավարությանը: Այսինքն` առաջնահերթ է համարել երկրի սահմանները վերահսկելի դարձնելը, և դա նրան բավականաչափ հաջողվել է: Աֆղանա-տաջիկական սահմանի երկու երրորդն արդեն «Թալիբան»-ի վերահսկողության տակ է:

Աֆղանստանի ղեկավարությունը զգալով կամ գիտակցելով, որ երկրում իրավիճակի վերահսկողությունը շուտով կարող է ամբողջովին կորցնել, մի շարք երկրներից օգնություն է խնդրել ահաբեկչության դեմ պայքարի համար: Քաբուլը արտաքին գործընկերներին, ներառյալ` Չինաստանին, Հնդկաստանին և Ռուսաստանին կոչ է արել Աֆղանստանի պաշտպանության և անվտանգության ուժերին տեխնիկապես օգնել` պայքարելու ահաբեկչության դեմ: Համապատասխան հայտարարությունն արվել է երեկ, երկրի նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Համդուլլա Մոհիբի կողմից ռուսական «Ռոսիա 24» հեռուստաընկերության եթերում:

«Խաղաղությունն ու կայունությունը հնարավոր են միայն տարածաշրջանում և նրանից դուրս բոլորի հետ համագործակցության դեպքում,- ասել է Մոհիբը:- Մենք արտաքին գործընկերներին կոչ ենք անում օգնել մեր պաշտպանական և անվտանգության ուժերին պայքարելու ահաբեկչության դեմ: Մենք ողջունում ենք բոլոր արտաքին գործընկերների կողմից տեխնիկական աջակցությունը, իհարկե, այդ թվում՝ Չինաստանից, Հնդկաստանից և Ռուսաստանից»:

Այսպիսով Աֆղանստանի ղեկավարությունը վերոնշյալ երկրների իշխանություններին կանգնեցրել է ծանր երկընտրանքի առջև. ակնկալվող տեխնիկական (ռազմատեխնիկական) աջակցությունը ցուցաբերելու դեպքում Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը և այլ պետություններ որևէ երաշխիք չունեն, որ Աֆղանստանի կառավարությանն իրենց տրամադրած զենք-զինամթերքը, ռազմական տեխնիկան, սարքավորումները մարտերի արդյունքում չեն ընկնի թալիբների ձեռքը: Նշված պետությունները չունեն նաև որևէ երաշխիք, որ Աֆղանստանի զինված ուժերն իրենց օգնությունը ստանալու դեպքում կկարողանան դիմակայել թալիբներին, և ներկայիս իշխանությունը չի տապալվի:

Մինչդեռ կասկածից դուրս է, որ Աֆղանստանում իշխանությունը վերցնելու դեպքում, թալիբները ծայրահեղ թշնամաբար են վերաբերվելու բոլոր այն պետություններին, որոնք կաջակցեն Աֆղանստանի ներկայիս իշխանությանը, այսինքն` աշխատելու են չդադարող ահաբեկչություններով, ինչպես նաև թմրամիջոցների առաքմամբ հնարավորինս վրեժխնդիր լինել նրանցից, Ռուսաստանի պարագայում նաև` նրա դաշնակից միջինասիական հանրապետություններից:

Ակնկալվող աջակցությունը չտրամադրելու և Աֆղանստանի ներկայիս իշխանության տապալման դեպքում նույնպես որևէ երաշխիք չկա, որ դրանից հետո ամեն ինչ հաշտ ու խաղաղ է լինելու… Նախ, «Թալիբան»-ը Ռուսաստանի հետ հին հաշիվներ ունի, Ռուսաստանում այժմ էլ արգելված ահաբեկչական կազմակերպություն է, և երկրորդ` արդեն իսկ ուրվագծվում է Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի դեմ ուղղված այն աշխարհաքաղաքական դավադրությունը, որի ետևում, ճիշտ է, առայժմ ստվերում կանգնած են նշված պետությունների թշնամիները` ԱՄՆ-ը` գրեթե աննկատ կերպով, ու Թուրքիան` համեմատաբար նկատելի կերպով:

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի բացատրությունից արդեն հասկանալի է, որ Ռուսաստանն, ըստ էության, մերժում է Աֆղանստանի իշխանության ակնկալած օգնությունը: Ըստ Լավրովի, այն, ինչ տեղի է ունենում Աֆղանստանի տարածքում, անհանգստացնում է Մոսկվային «բացառապես իր դաշնակիցների տարածքում խնդիրների հնարավոր «թափանցման» տեսանկյունից»: Այլ կերպ ասած` այն, ինչ կատարվում է Աֆղանստանի ներսում իշխանությանը տիրելու համար, Ռուսաստանի խնդիրը, միջամտելու գործը չէ:

Լավրովը շեշտել է, որ Ռուսաստանը ոչ մի միջոց չի ձեռնարկի, քանի դեռ սրացումը դուրս չի գա Աֆղանստանի սահմաններից և չի ազդի իրավիճակի վրա Մոսկվայի դաշնակիցների տարածքում:

 

Տեսանյութը ` այստեղ

Շարունակելի

 

Արթուր Հովհաննիսյան