Հայ–իրանական սահմանին պատվաստման համար Հայաստան եկող իրանցիների հերթ է (տեսանյութ)
Կորոնավիրուսի անվճար պատվաստման համար Հայաստան եկող Իրանի քաղաքացիների հերթեր են գոյացել հայ-իրանական սահմանին։ Իրանական լրատվամիջոցները մի քանի օր է՝ գրում են, որ իրանցիների թիվն այնքան մեծ է, որ նրանք հերթերում սպասում են մի քանի ժամ։
Սահմանը հատելու գործընթացը սովորականից երկար է տեւում, քանի որ Հայաստան մտնելու համար նրանք պետք է ունենան կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան։ Ըստ իրանական լրատվամիջոցների՝ հերթում սպասող իրանցիներից շատերի ինքնազգացողությունը հաճախ վատանում է։
Մեղրիի մաքսային կետից NEWS.am-ին տեղեկացրին, որ սահմանի մեր հատվածում հերթեր չկան։
Ի դեպ, պատվաստվելու համար Հայաստան գալն այնքան է տարածված իրանցիների շրջանում, որ հատուկ տուր փաթեթներ կան: Մայրաքաղաքի պատվաստման շարժական կետերում վերջին շրջանում նրանց հերթեր են գոյանում։ Այստեղ պատվաստվողները նշում են, որ Իրանում պատվաստում են բարձր տարիքի, ռիսկային խմբի քաղաքացիներին, եւ պատվաստվելու համար իրենք պետք է ամիսներով հերթում սպասեն։ Մինդեռ Հայաստանում նրանք կարող են անվճար, ժամերի ընթացքում ստանալ պատվաստումը։
Հայաստանի առողջապահության նախարարը օրեր առաջ նշել էր, որ մեր երկրում պատվաստվողների թիվը վերջին շրջանում ավելացել է՝ օրական հասնելով շուրջ 5000-ի։ Բայց թե նրանց որ մասն է Հայաստանցի, որ մասը՝ մեր պետբյուջեի միջոցներով ձեռք բերված պատվաստանյութով պատվաստվող իրանցիներ, հայտնի չէ, այս առումով որեւէ վիճակագրություն չկա։
Մինչդեռ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, անտեսելով բուն հարցը, այսօր ֆեյսբուքյան իր էջում էր կիսվել ֆեյսբուքյան մի օգտատիրոջ գրառմամբ այն մասին, որ իրանցիները նշում են Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվելը եւ գրել.
«Տուրիզմի 319%, աճն էլ կլինի, ի հեճուկս որոշ պրոֆեսոր-ծաղրասերների Լավ ժամանակն է մտածել բժշկական տուրիզմը նորմալ հիմքերի վրա դնելու մասին»։