Այսօր քչերն են հիշում 2018-ին մեր ՍՈւ-25-ի կործանումը, իսկապե՞ս Թուրքիայից է խփվել…

Հունիսի 26-ը Հայաստանի Հանրապետության ռազմաօդային ուժերի օրն էր։ Այն պետական մակարդակով չհիշվեց ու չնշվեց: Ինչպես ՀՀ «ՀՀ պաշտպանության նախարարություն» կոչված «կանտորայի», այնպես էլ վարչապետի ու կառավարության պաշտոնական կայքերում մեր ռազմաօդային ուժերի օրվա կապակցությամբ բառ անգամ չգրվեց, շնորհավորանքի թեկուզ մեկ-երկու ժլատ խոսք չեղավ:

Հայաստանի ռազմական ավիացիան մեր բանակի կազմում ստեղծված առաջին զորատեսակներից մեկն է։ ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերը կազմավորվել են հայրենիքի սահմաններում ընթացող պաշտպանական մարտերի ընթացքում և ունեցել անուրանալի ավանդ:

«Այսօր Հայաստանի ռազմա-օդային ուժերի օրն է։ Դադարել եմ զարմանալուց և չեմ զարմանա, եթե պետական մակարդակով այն չհիշվի։ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ անուրանալի է եղել մեր հերոս օդաչուների գործողությունները, երբ մինչ Լաչինի միջանցքի ազատագրումը, միակ կապն Արցախի հետ եղել է բացառապես օդային, ուղղաթիռային ճանապարհը». այս մեջբերումը հենց նույն օրը` հունիսի 26-ին, «Լև Գրուպ» փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն Լևոն Բաղդասարյանի գրառումից է: Հարգարժան փաստաբանը, ցավոք, չսխալվեց:

Եվ զարմանալու բան էլ իսկապես չկա. ՀՀ գերագույն գլխավոր դավաճանից, որը ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Արմեն Սարգսյանի ձեռքով երեկ հասավ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից գեներալ- մայոր Գրիգորի Խաչատուրովի ազատմանը, ի՞նչ կարելի էր սպասել… Եվ պարզ չէ՞, թե էլ ինչ կարելի է սպասել առաջիկայում…

Գեներալը դեմ էր Տավուշում տարածքների, ավելի ճիշտ, մեր հայրենիքի մի մասի հանձնմանը թշնամուն, ՀՀ գերագույն գլխավոր դավաճանի` ադրբեջանա- թուրքական շահերի սպասարկուի հրաժարականը պահանջող հրամանատարներից մեկն էր: Գրիգորի Խաչատուրովի հետ պայմանագիրը չերկարացվեց, այս կերպ նա պատժվեց` ազատվեց հիշյալ պաշտոնից ու մեկուսացվեց բանակից:

«Այս օրհասական պահին մեր միակ հաղթանակած գեներալին հեռացնում են բանակից»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում, մինչ Խաչատուրովի պաշտոնազրկությունը, գրել է  հասարակական գործիչ, Գյումրիում և Հայաստանի տարբեր մարզերում բարեգործություններ իրականացրած շվեյցարական «Ջերմոլիո» ասոցիացիայի նախագահ Թերեզա Մխիթարյանը:

Եվս մեկ մեջբերում նրա գրառումից.

«Գեներալին կարճատեւ կոնֆլիկտի ընթացքում հաջողվել է թշնամուն անհամեմատ ավելի զգալի վնասներ հասցնել, քան թշնամին կրել է ողջ 44-օրյա պատերազմի ցանկացած կտորում։

Գրիգորի Խաչատուրովը մեր վերջին հերոսն է, մարդ, ով բացարձակապես փիառված չէ, նրա անունով կարծես անգամ Վիքիպեդիայի էջ գոյություն չունի։ Ակնհայտ է, որ նա իսկական զինվորական է եւ, ի տարբերություն շատերի, մեծ կարողությունների տեր չէ, նա պարզապես լուռ ծառայում է հայրենիքին ու իր ժողովրդին եւ փայլուն է ծառայում»։

«Եթե մինչ օրս Տավուշի մարզում չեք հանդիպում «բարի գալուստ Ադրբեջան»‰ ցուցանակին և ճանապարհին չեք տեսնում ադրբեջանական զինվորներին, ապա դրա համար պարտական եք այս տաղանդավոր զինվորական և իսկական Հայ մարդուն»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է  իրավաբան, «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահ, «Հայաստան» դաշինքից պատգամավորության թեկնածու Արթուր Ղազինյանը:

«Այսօր ՀՀ Նախագահի հրամանագրով (իրականում վարչապետի պաշտոնակատարի որոշմամբ) գեներալ Գրիգորի Խաչատուրովը ազատվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից,- «Ֆեյսբուք»-ի իր էջում երեկ գրել է «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը:- Ցավոք, հունիսի 20-ին կայացած “ընտրություններից” հետո սա դարձել էր անխուսափելի, և այս նույնն է սպառնում բոլոր այն հրամանատարներին, որոնք քաջություն են ունեցել երբևէ հակադրվել այսօրվա վարչապետի պաշտոնակատարի կողմից իրականացվող պարտվողական քաղաքականությանը։

Ես պատիվ եմ ունեցել բազմիցս շփվել գեներալ Խաչատուրովի հետ, և մի շարք համատեղ ծրագրեր իրականացնել նրա կողմից ղեկավարված տարբեր ստորաբաժանումների հետ։ Առանց չափազանցության կարելի է պնդել, որ 3-րդ բանակային կորպուսը գեներալ Խաչատուրովի գլխավորությամբ դարձել էր մեր լավագույն զորամիավորումներից մեկը, և մշտապես պատվով է կատարել մեր երկիրը պաշտպանելու իր պարտականությունը՝ պատահական չէ, որ այս կորպուսի պատասխանատվության գոտում մենք տարիների ընթացքում թշնամուն և ոչ մի մետր հող չենք զիջել, մի շարք ուղղություններով նույնիսկ կարողացել ենք առաջ գնալ, իսկ գեներալ Խաչատուրովն էլ իր նախաձեռնողական գործողությունների և հմուտ ղեկավարման համար դեռևս մեկ տարի առաջ այս ժամանակ պարգևատրվել էլ Մարտական Խաչի 1-ին աստիճանի շքանշանով։

Ի դեմս գեներալ Խաչատուրովի, մեր երկիրը և ժողովուրդը այսօր զրկվում է իրեն անմնացորդ նվիրված, անխոնջ ծառայող, աննկուն և խիզախ հրամանատարից»։

Խաչատուրովի նկատմամբ կապվածը, սակայն, պարզ է արդեն, վերստին անդրադառնանք Հայաստանի ռազմաօդային ուժերին, ավելի ճիշտ, այն ամենին, ինչը մեր ռազմաօդային ուժերի կորուստների հետ կապված, դեռ մնում է անհայտ: 2018թ. դեկտեմբերի 4-ին մարտական պատրաստության պլանով նախատեսված ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռը ժամը 10.20-ի սահմաններում, նախնական տվյալներով, վթարի էր ենթարկվել ՀՀ Շիրակի մարզի Մարալիկի տարածաշրջանի Քարաբերդ բնակավայրի հարևանությամբ։ Ավիապատահարի հետևանքով զոհվել են 1-ին կարգի օդաչու, փոխգնդապետ Արմեն Սլավիկի Բաբայանը և 3-րդ կարգի օդաչու, մայոր Մովսես Գևորգի Մանուկյանը: Անմիջապես դեպքի վայր էր մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանի գլխավորությամբ։

Դեպքի առթիվ 10-րդ կայազորի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 378-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որով նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ քննության գլխավոր վարչությանը։ ՀՀ քննչական կոմիտեի տեղեկացմամբ, ձեռնարկվում էին անհետաձգելի քննչական և դատավարական բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ վթարի պատճառները պարզելու ուղղությամբ: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր սև արկղը, ինչը, հասկանալի է, ինքնաթիռի ցանկացած վթարի դեպքում շատ կարևոր է դրա պատճառները պարզելու համար:

Թեև ՀՀ քննչական կոմիտեն այն ժամանակ հիշյալ վթարի կապակցությամբ հրապարակված տեղեկատվության  վերջում հավաստեց, որ «Քննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ», սակայն հետագայում ՔԿ-ի կայքում վերոնշյալ դեպքի առնչությամբ որևէ տեղեկատվություն, պարզաբանում չհրապարակվեց, ինչն արդեն դրդում է փոքր- ինչ լուրջ վերաբերվել ՍՈւ-25-ի կործանումից հետո շրջանառվող տեղեկություններին: Ըստ այդմ, հայ-թուրքական սահմանին մոտեցած, սակայն սահմանը չհատած մեր ինքնաթիռը խոցվել է Թուրքիայի ՀՕՊ-ի կամ թուրքական ռազմական ինքնաթիռի կողմից, սակայն Նիկոլի իշխանությունը նպատակ ունենալով Թուրքիայի հետ ջերմ հարաբերությունների հաստատման, որոշել է կատարվածը հանրությունից թաքցնել, ծածկադմփոցի անել:

Հուսանք, որ մեր այս հրապարակումից հետո ՀՀ քննչական կոմիտեն հանդես կգա համապատասխան պարզաբանմամբ, համենայն դեպս, մենք հետևողական կլինենք ՔԿ-ից ինքնաթիռի կործանման պատճառը պարզելու առումով:

 

Արթուր Հովհաննիսյան