Ո՞վ կփոխարինի Մեղրիի քաղաքապետին․ «Հրապարակ»

Մի քանի ժամ առաջ հայտնի դարձավ, որ հրաժարականի դիմում է ներկայացրել Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը: Մինչ հանրությունը փորձում էր հասկանալ, թե ինչու համայնքապետը շտապեց և հրաժարական տվեց, երբ դեռ Սահմանադրական դատարանի որոշում չկա և պարզ չի թե ինչով կավարտվի ընտրությունների ոդիսականը: Արդյո՞ք նա միայն մանդատը վերցնելու պատճառով է հրաժարական տվել: Մեզ ասացին, որ Մեղրիի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածություններ են քննարկվում:

«Հրապարակ»-ի աղբյուրների փոխանցմամբ, Մեղրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը առաջարկել են տեղի ՔՊ անդամ Արարատ Թումանյանին:

Հիշեցնենք, որ պաշտոնակատար է նշանակում Սյունիքի մարզպետը, բայց նման առանցքային համայնքի ղեկավարի անգամ ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածությունը միանշանակ հաստատվում է վարչապետի կողմից:

Թումանյանը ոչ միայն հավատարիմ ՔՊ անդամ է, նա նաև Մեղրիի Շոտոկան կարատեի մարզիչ է և իր ֆեյսբուքյան էջում Քաղպայմանագրին և իշխանության քարոզչական տեքստերից բացի հրապարակում է տեսանյութեր՝ մարզահավաքներից:

Ստացվում է, որ աշնանը սպասվող ընտրություններից առաջ, իշխանությունը Սյունիքի ըմբոստ համայնքապետերին փոխարինում է ՔՊ հավատարիմ ԺՊ-ներով, այսպիսով պարարտ հող պատրաստելով ընտրություններում հերթական հաղթանակի համար: